2018 թվականը լինելու է գիտակցված աջակցության մշակույթի ամրապնդման և բարեգործությունը որպես բարոյական արժեքի ընկալման տարի․․․
«ԷԽՈ» կազմակերպության ողջ անձնակազմը ջերմ շնորհավորանքներ է հղում բոլորին՝ Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ, մաղթելով, որ գալիք 2018 թվականը լինի մարդակենտրոն բարոյական արժեքների ընկալման տարի։ Եվ թող, որ բոլոր ջանքերն ու ներդրումները լինեն արդարացված, իսկ հույսերն ու սպասելիքները՝ տեղին: Չի բացառվում, որ գալիք տարում անելիքներն էլ ավելին կշատանան, քանզի տարեցտարի մեր առջև դրված խնդիրների հաղթահարումը ժամանակի նոր մարտահրավերներ է նետում։ Եվ ինչ խոսք, այս դեպքում, պետք է անենք ավելին՝ յուրաքանչյուր նոր տարում նկատելի հաջողություններ և ձեռքբերումներ գրանցելու ուղղությամբ, և միանշանակ, գոհության ու երջանկության այն ալիքը, որ ամեն անգամ տեսնում և զգում ենք, անպայման կբազմապատկվի:
Դեկտեմբերի 22-ի Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կայացավ «ԷԽՈ»-ի ամանորյա միջոցառումը։ Ջերմ մթնոլորտը, որում գտնվում էին կազմակերպության շահառու հաշմանդամություն ունեցող երեխաները, պատահական չէր։ Այն նրանց համար արդեն իսկ հարազատ էր դարձել նախորդ այցի ժամանակ, երբ գրադարանի բարեհամբյուր և պատրաստակամ անձնակազմը հյուրընկալեց նրանց։ Իսկ ամանորյա միջոցառման օրն անցավ հագեցած և առանձնապես ուրախ։ Երեխաներին հյուր էին եկել մուլտհերոսներ, խաղավարներ, ծաղրածու և, իհարկե, Ձմեռ պապը, Ձյունանուշը։ Անակնկալներն, ինչպես միշտ, հաճելիորեն զարմացրեցին երեխաներին, նրանց ընտանիքներին, քանզի արվում է ամեն ինչ՝ երեխաների հոգում պահված երեզանքներն իրագործելու, իսկ հրաշքներին հավատալու՝ նրանց զգացումն ավելի երկար ապրեցնելու համար։ Նրանց բոլորի աչքերում խանդավառության և ոգևորության պոռթկումը ճիշտ նման էր տեղատարափից հետո արևի լույսով ողողված այն ծիածանին, որն իր մեջ ունի կյանքի խայտաբղետ բոլոր գույները։ «ԷԽՈ»-ի ողջ անձնակազմը շնորհակալություն է հայտնում բոլոր աջակից և հովանավոր կազմակերպություններին, ընկերություններին, անհատներին, ովքեր մեր հետ միասին ջանք չխնայեցին այդ գունագեղ օրվա հաջողման համար։ Ջերմության գեթ մի կաթիլ ևս, և ամեն անգամ աշխարհը մեր ձեռքերով կդարձնենք ավելի լավը։