Հաշմանդամություն ունեցող մեր համաքաղաքացիների համար արժանապատիվ կենսապայմանների և գործունեության ծավալման նպատակով նպաստավոր հնարավորությունների ստեղծումը յուրաքանչյուր քաղաքակիրթ և բարոյական բարձր հատկանիշներով օժտված մարդու և բարձրագույն հոգևոր և համամարդկային արժեքներով առաջնորդվող ու զարգացող պետականության պատվի ու պարտքի խնդիրը պետք է հանդիսանա: Հայաստանի երրորդ հանրապետության սկզբնավորումից հետո հավանաբար ոմանց թվաց, թե ի թիվս այլ հարցերի, հաշմանդամություն ունեցող անձանց բոլոր հիմնախնդիրներն էլ կանխատեսվող ավելի լայն ու միջազգային կապերի ու հաղորդակցման նոր ու մեծ հնարավորությունների պայմաններում կգտնեն հիմնավոր և համակողմանի լուծումներ, սակայն նոր պետական համակարգի ստեղծումն ամենևին էլ չնշանակեց հնի համեմատ ավելի շատ արդյունավետ ու գործնական ծրագրերի ու լուծումների համակարգի ձևավորում, մասնավորապես հաշմանդամություն ունեցող անձանց առջև ծառացած հիմնախնդիրների լուծման իմաստով:
Այո, սպասումներն առանձնապես չարդարացան հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ օրենսդրական դաշտի անկատարությունը, անգամ եղած օրենսդրության կիրառման լուրջ թերացումներն ու խախտումները թույլ չեն տալիս մեզ ասել, որ Հայաստանի հաշմանդամություն ունեցող բնակչությունը իր երկրում իրեն զգում է բավարար չափով պաշտպանված ու լիարժեք իրավունքներով օժտված:
Սա պետք է դառնա լրջագույն մտահոգության առարկա թե՛ Հայաստանի գործող իշխանությունների համար, թե՛ երկրի ողջ քաղաքացիական հասարակության համար, հասարակության բոլոր շերտերի համար, եթե իրապես անկեղծ ու սրտացավ ցանկություն կա մերօրյա պետականությունն առաջնորդել մարդասիրական և առաջադիմական արժեքներով ու գաղափարներով:
Մասնավորապես վեց տարի առաջ Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները փորձում է օրենսդրորեն հիմնավոր և հետևողական ձևով առաջ քաշել և պաշտպանել է «ԷԽՈ» ՀԿ նախագահ Սերյոժա Օհանջանյանը, որն ներկայումս ձգտում է իր ակտիվ քայլերով, ծրագրային, օրենսդրական գործուն առաջարկություններով ու նկատառումներով նոր որակական դաշտի վրա արծարծել այդ իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները:
Կազմակերպությունը ներկայումս փորձում է հետևել ու վերահսկել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ընթացքը, լինում է տարբեր հասարակական վայրերում և ցանկանում է տեղեկանալ, թե ինչպես են գործնականում կիրառվում օրենքներն ու նորմատիվները:
Օրինակ, մի քանի օր առաջ «ԷԽՈ» ՀԿ նախագահը գործնական նպատակով եղել էր «ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի Շենգավիթի մասնաճյուղում (Գարեգին Նժդեհի փող., 32 շենք), որը բոլորովին վերջերս է ենթարկվել վերանորոգման և իբրև թե հարմարեցվել հաշմանդամություն ունեցող անձանց չափորոշիչներին, սակայն կենդանի աչքերով տեսնելուց պարզորոշ երևում է, որ հաշմանդամություն ունեցող քաղաքացիների մատչելիության խնդիրը մեղմ ասած չի իրականացվել:
Բանկային մասնաճյուղի մուտքի աստիճաններին զուգահեռ պատրաստված թեքահարթակները ընդամենը չակերտների մեջ պետք է համարել հարմարեցված վերոհիշյալ չափորոշիչներին: Դրա ցայտուն ապացույցը կարող եք տեսնել ընդամենը այս լուսանկարներում:
Դարերի ընթացքում, որպես շինարարական համբավով, հանճարով հպարտացող հայ ազգի մերօրյա ներկայացուցիչների համար մի՞ թե այդպիսի անլուծելի խնդիր պետք է հանդիսանար հաշմանդամություն ունեցող անձանց համար տարրական հարմարավետության չափորոշիչներին համապատասխան թեքահարթակների պատրաստումը. մի՞թե կառուցապատողները այստեղ ընտրել են իրենց համար ամենահեշտ ու թեթև ճանապարհը, ոտնահարելով, խախտելով «Շենքերի ու շինարարությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար» շինարարական նորմերի հաստատման մասին ՀՀ քաղաքաշինության նախարարի նայեմբերի 10-ի N 253 հրամանը, որի համաձայն հիմնովին վերանորոգման ենթարկվող և նոր ստեղծվողկառույցները պետք է հարմարեցված լինեն հաշմանդամություն ունեցող անձանց պահանջներին:
Այս տխուր փաստը պետք է որակել նայև որպես բարոյական իրավունքների ոտնահարում: Մնում է միայն հետեվողականություն հանդես բերելով, վերոհիշյալ խնդիրները բարձրացնելով ու լայնորեն լուսաբանելով հուսալ ու սպասել, որ մոտ ապագայում մեր երկրում կշտկվեն այս և նման լուրջ օրենսդրական խախտումներն ու թերացումները:
«Իրազեկում» այլընտրանքային բլոգի լրագրող՝ Արմենուհի Ղազարյան