Հայաստանը ծովային ելք չունեցող երկիր է, ունի 29,000 քառակուսի կմ տարածք, չափերով համեմատելի է Բելգիայի հետ, փոքր-ինչ ավելի մեծ է, քան Իսրայելը: Գտնվում է Քուռ-Արաքս գետերի ավազանի վերին հատվածում` ծովի մակերևույթից 380մ-ից 4090մ բարձրության վրա: Յուրահատուկ տեղադրության և հրաբխային ծագման շնորհիվ Հայաստանն աչքի է ընկնում բարձր գոտիականությամբ և հանդիսանում է հազվադեպ հանդիպող և վտանգված բազմաթիվ բուսատեսակների և կենդանատեսակների կենսամիջավայր:
Հայաստանում առկա են լուրջ բնապահպանական խնդիրներ: Երկիրը միացել է շրջակա միջավայրի պաշտպանությանը վերաբերող միջազգային կոնվենցիաների մեծ մասին: Միջազգային կազմակերպությունների կողմից բնապահպանական նպատակներով Հայաստանը շարունակաբար ստացել է տեխնիկական և ֆինանսական աջակցություն, որի դրամային արժեքը կարելի է հաշվել միլիոնավոր դոլարներով: Այնուամենայնիվ, բնությունը շարունակում է լուրջ վնասներ կրել: Կա բնապահպանական համարժեք քաղաքականությունների և իրավակիրարկման պրակտիկայի պակաս: Կոռուպցիայի մակարդակն ահագնացող է, իսկ բնական ռեսուրսների շահագործումը` անխնա:
1980-ականներին Հայաստանի տարածքի 11%-ը ծածկված էր անտառներով, սակայն այսօր այդ ծածկույթը նվազել է` հասնելով 7%-ի: 1990-ականների սկզբին էներգետիկ ճգնաժամի պատճառով մեծածավալ անտառազանգված ոչնչացվեց: Ծառահատումները հիմնականում կատարվում էին անհատների կողմից` բնակարանները տաքացնելու և կերակուր պատրաստելու նպատակով: Այսօր անտառները շարունակում են ոչնչանալ` հիմնականում կազմակերպված ապօրինի ծառահատումների և անտառային հողերի անօրինական բաշխման/օտարման պատճառով: Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում անտառային տարածքների կրճատումը նպաստում է կլիմայի փոփոխության բացասական ազդեցությանը, արագացնում է անապատացման գործընթացը, մեծացնում սողանքային և հողի էրոզիայի վտանգները, հանգեցնում է կենսաբազմազանության կորստի և անտառահատված տարածքներին հարակից համայնքների բնակիչների կենսապայմաների վատթարացմանը: Համաձայն փորձագետների, անտառային տարածքների ոչնչացման առկա տեմպերով շարժվելու դեպքում երկիրը 50 տարվա ընթացքում կդառնա անապատ:
Վերջին տասնամյակում Հայաստանի անտառային տարածքներն անխնա կերպով հատկացվել են տարբեր տեսակի տնտեսական գործունեություն, մասնավորապես` հանքարդյունաբերություն ծավալելու նպատակով: Այսօր հանքարդյունաբերությունը ՀՀ կառավարության կողմից հռչակված է տնտեսության գերակա ճյուղ և ինտենսիվ կերպով զարգանում է: Կառավարությունը տվել է հանքարդյունահանման մի քանի հարյուր արտոնագիր, սակայն առանց պաշարների կայուն օգտագործման երկարաժամկետ ծրագրի, հարկման և շրջակա միջավայրի պահպանության պատշաճ օրենսդրության և բնապահպանական ու սոցիալական հետևանքների համապարփակ գնահատման: Ցայսօր, հանքարդյունաբերությունը շարունակում է թողնել աղետալի հետևանքներ: Հանրապետության տարածքի հազարավոր հեկտարներ ծածկված են բաց հանքերով և թափոնների պոչամբարներով: Շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված աշխատանքներ չեն կատարվում: Թունավոր գազերի արտանետումները և քիմիական նյութերի հեռացումը որպես թափոն աղտոտում են շրջակա միջավայրը և բացասական ազդեցություն թողնում մարդկանց առողջության վրա: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից 2005թ. հրապարակված մի զեկույցի` Հայաստանը ԱՊՀ երկրների շարքում անոմալ ծնունդների թվով երկրորդն է Ղրղզստանից հետո: Բազմաթիվ փորձագետներ անոմալիաների այս բարձր ցուցանիշը բացատրում են շրջակա միջավայրի աղտոտվածության բարձր մակարդակով: Առողջական խնդիրները հատկապես սուր են արտահայտված երկրի հյուսիսային և հարավային շրջաններում, որտեղ և կենտրոնացված են հանքարդյունաբերությայն հիմնական օջախները:
Կառավարության կողմից հանքարդյունահանման ամենահակասական նախաձեռնություններից մեկը Թեղուտում պղնձամոլիբդենային հանքի ադյունահանման արտոնագրի տրամադրումն է: Կառավարության այս քայլը լայնամասշտաբ դիմադրություն է առաջացրել բնապահպանական հասարակական կազմակերպությունների, փորձագետների և տեղի համայնքների շրջանում: Սակայն շրջակա միջավայրին սպառնացող աղետի կանխման համար անհրաժեշտ է նաև միջազգային կազմակերպությունների համախմբված օժանդակությունը:
Տեղանքի նկարագրություն
Թեղուտի պղնձամոլիբդենային հանքը գտնվում է Հայաստանի Լոռվա մարզի հյուսիս-արևելյան շրջանում` երկրաշարժերի և սողանքների ենթակա գոտում: Հանքավայրի տեղանքը գեղատեսիլ և լանդշաֆտային բազմազանությամբ աչքի ընկնող անտառածածկ տարածք է, որտեղով հոսում է Շնող գետը` իր Կռունկ, Պակասաջուր (Խառատաձոր) և Դուքանաձոր վտակներով: Այս գետակները Շնող և Թեղուտ գյուղերի ջրի հիմնական աղբյուրն են և օգտագործվում են ինչպես խմելու, այնպես էլ` ոռոգման նպատակներով: Շնող գետը դեպի Վրաստան հոսող անդրսահմանային Դեբեդ գետի վտակներից է: Տեղանքում կարելի է նաև գտնել հնադարյան և միջնադարյան շուրջ 20 պատմամշակութային հուշարձան:
Թեղուտի անտառը Հայաստանում ամենալավ պահպանված անտառային տարածքներից է` հարուստ կենսաբազմազանությամբ, այդ թվում` շուրջ 200 բուսատեսակով, կաթնասունների 55, թռչունների 86, սողունների 10 և երկկենցաղների 4 տեսակներով: Այս բուսատեսակներից և կենդանատեսաներից շատերը հազվադեպ հանդիպող են և համարվում են վտանգված, իսկ 6 բուսատեսակ և 26 կենդանատեսակ ընդգրկված են Հայաստանի կարմիր գրքում: Անտառին հարող տարածքում բնակվում են Շնող և Թեղուտ գյուղերի բնակիչները` ընդհանուր շուրջ 3600 շունչ: Կլիմայի և հողի նպաստավոր պայմանները գյուղի բնակիչներին թույլ են տալիս զբաղվել ավանդական հողագործությամբ և մշակել բազմապիսի մշակաբույսեր: Խորհրդային Միության փլուզումից և կոլտնտեսությունների կազմաքանդումից հետո գյուղական շրջանների բնակիչները հիմնականում գոյատևել են գյուղատնտեսության և անտառային բարիքների շնորհիվ: