Դարձանք 15 տարեկան
15 տարվա ճանապարհ, որը լի էր անդադար պայքարով, հաջողություններով, ցավով ու վախով, բայց մենք արեցինք դա, մենք մտանք մեր կյանքի 16-րդ տարին։
Մեր կազմակերպության, թիմի, ընտանիքի, աջակիցների ջանքերի ու անմնացորդ նվիրվածության շնորհիվ է, որ 1000-ավոր երեխաների տրամադրվել է իրենց անհրաժեշտ տարատեսակ աջակցությունը, որի համար ուզում ենք շնորհակալություն հայտնել բոլորին։
Ավանդույթի համաձայն` 15 -րդ տարելիցին առանձնացրել են 15 փաստ, որը ներկայացնում ենք մեր հին ու նոր ընկերներին։
«ԷԽՈ» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2008թ. հուլիսի 3-ին՝ նպատակ ունենալով խթանելու հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառումը և նրանց իրավունքների լիարժեք ապահովումը Հայաստանում:
«ԷԽՈ»-ն ստեղծվել է Անժելա Օհանջանյանի կողմից՝ միավորելով հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքներին։
«ԷԽՈ»-ն աշխատում է հիմնականում 3 ուղղություններով՝ իրավապաշտպանություն, աջակցության և ներառականության խթանմանն ուղղված ծրագրեր։
15 տարվա ընթացքում շուրջ 450,000,000 ՀՀ դրամ ուղղվել է աջակցության ծրագրերին, որոնցում ընդգրկված հաշմանդամություն ունեցող երեխաների միջին տարեկան թիվը 220-ն է։
15 տարիների ընթացքում իրականացվել է շուրջ 110 մշակութային և ժամանցային միջոցառումներ, որոնց ընթացքում ներգրավված են եղել շուրջ 80000 անձինք։
Նկարահանվել և իրականացվել են 25 սոցիալական հոլովակներ և իրազեկման արշավներ՝ նպատակ ունենալով նպաստելու հաշմանդամություն ունեցող անձանց առողջապահական, կրթական, մշակութային, սոցիալական, զբաղվածության հիմնախնդիրների լուծմանը, առկա կարծրատիպերի վերացմանը և համապատասխան հասարակական վերաբերմունքի ձևավորմանը:
«ԷԽՈ» ՀԿ-ում գործում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների թեժ գիծ՝ 8580, որը անկասկած ամենաակտիվներից մեկն է ՀՀ-ում՝ տարեկան սպասարկելով շուրջ 3000 հեռախոսազանգ։
«ԷԽՈ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը ճանաչված է որպես հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպություն՝ DPO և այդ հիմքով ընդգրկված է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Ազգային հանձնաժողովի կազմում։
«ԷԽՈ» ՀԿ-ի կողմից պարբերաբար ՀՀ ԱԺ, ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ են ներկայացվում օրենսդրական տարբեր լուծումների փաթեթներ, իրականացվում են արդիական և թիրախային ծրագրեր, ինչպիսիք են՝ «Մատչելի Երևան», «Հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալ-առողջապահական կարիքները Հայաստանում», «Ծառայություններ բոլորի համար» և այլն։
Կազմակերպությունն ունեցել է 120-ից ավել կամավորներ և ուրախալի է, որ այդ կամավորների մի մասը կազմակերպության հետ ճանապարհ անցած, հաշմանդամություն ունեցող երեխաներն են, ովքեր այժմ հասել են հաջողությունների կյանքի տարբեր ոլորտներում։
2020 թվականի պատերազմից հետո նախաձեռնել և իրականացրել ենք հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների զբաղվածության ապահովման ծրագրեր, մասնավորապես` «Արտլաբ» Փայտարվեստի և փայտարվեստի լաբորատորիա ծրագիրը։
Կազմակերպությունը 2010 թվականից ղեկավարում է Սերյոժա Օհանջանյանը, ով, ունենալով հաշմանդամություն, ակտիվորեն պաշտպանում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները և շահերը՝ սեփական հաջողության պատմությունով ու փորձով կոտրելով կարծրատիպեր։
Սերյոժա Օհանջանյանն ընդգրկված է մի շարք հասարակական և դիտորդական խմբերում և առաքելություններում, որոնց միջոցով էլ ձեռնամուխ է լինում պաշտպանելու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները։ Այդ խմբերից կարելի է առանձնացնել ՀՀ առողջապահության նախարարին, Երևանի քաղաքապետին և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր հասարակական դիտորդական խմբերը։
Սերյոժա Օհանջանյանը ներկայացրել է Հայաստանը աշխարհի մարդու իրավունքների պաշտպանի համաշխարհային պլատֆորմին` Dublin Platform -2022-ին` խոսելով հետպատերազմյան շրջանում Հայաստանի և Արցախի անվտանգության ու հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների մասին։
Տարվա մեր նշանաբանն է` «15 տարվա ուղի հանուն արձագանքի»։ 15 տարի մենք աշխատեցինք, որպեսզի արձագանքենք բոլոր այն խնդիրներին,որոնց հանդիպում են հաշմանդամություն ունեցող անձինք Հայաստանում։
Անակնկալները դեռ առջևում են։ Մեզ ոչինչ չի կանգնեցնի