Այսօր դեկտեմբերի 3-ն է, որն ամբողջ աշխարհում նշվում է որպես հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր: Այն հռչակվել է 1992թ.-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից՝ նպատակ ունենալով պաշտպանել հաշմանդամություն ունեցող անձանց արժանապատվությունը, ապահովելով լիակատար սոցիալական ներառումը հասարակական կյանքի բոլոր բնագավառներում: Այս իմաստով, մեր երկրում դեռևս բազմաթիվ խնդիրներ կան`սկսած գործատուների վերաբերմունքից մինչև իսկ՝ զուտ մարդկային շփումներ, չնայած այն հանգամանքին, որ 2010 թվականի հոկտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետությունը վավերացրեց կոնվենցիան և այն ուժի մեջ մտավ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն՝ դառնալով ՀՀ իրավական համակարգի բաղկացուցիչ մաս: Որևէ երկիր չի կարող ժողովրդավարական համարվել, եթե նրա բոլոր քաղաքացիների համար չկան կրթություն ստանալու, աշխատելու, ընտանիք կազմելու, հասարակական կյանքին մասնակցելու հավասար հնարավորություններ: Հաշմանդամություն ունեցող մարդկանց անկախ ապրելու և հասարակական կյանքին մասնակցելու հնարավորություն տալու համար մեծագույն անհրաժեշտություն է ֆիզիկական միջավայրի, տրանսպորտի, տեղեկատվության և հաղորդակցության, ներառյալ տեղեկատվական տեխնոլոգիաների, շենքերի և այլ ծառայությունների մատչելիությունը։

Ավելին՝ ՀՀ-ում հասարակական, բնակելի, արտադրական շենքերի նախագծման և վերակառուցման դեպքում, հաշմանդամություն ունեցող անձանց համար հարկավոր է նախատեսել բնակչության մնացած խմբերին համար հավասար կենսագործունեության պայմաններ։ Այսպիսով, թվարկված խնդիրներն ավելին են, քան պատկերացնում ենք, քանի որ խնդիրների մասին խոսում են բոլորը, սակայն միշտ չէ, որ դրանց լուծման համար իրական տարբերակներ են շեշտադրվում: Բոլորս միահամուռ կերպով պարտավոր ենք նեցուկ լինել հաշմանդամության խնդիրներին բախված, մեր կողքին ապրող տարակուսած անձանց, քանզի, և ոչ ոք ապահովագրված չէ հաշմանդամությունից: Թերևս, ավելորդ չէ նշել՝ «Լավ է՝ կույր աչոք, քան կույր մտոք»:

Հ.Գ. Շատերը միջազգային օրերը շփոթում են տոնի հետ, նամանավանդ դեկտեմբերի 3-ը՝ հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը: