Մասնակից պետությունները պարտավորվում են ապահովել և օժանդակել հաշմանդամություն ունեցող անձանց` մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների լիակատար իրականացմանը` առանց հաշմանդամության պատճառով որևէ խտրականության (ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիա, հոդված 4):
Կոնվենցիան ՌԴ-ում ուժի մեջ է մտել 2008թ. սեպտեմբերի 24-ին, իսկ ՀՀ-ում ավելի ուշ՝ 2010թ. հոկտեմբերի 22-ին:
Այնուամենայնիվ, հաշմանդամությունը հնարավոր սոցիալական կարգավիճակ է և մարդու համար չի նշանակում անջատում կյանքից, մերժում հասարակությունից: Բայց քանի որ հաշմանդամություն ունեցող անձը բախվում է շատ ավելի ակնհայտ խնդիրների` հատկապես առողջության ոլորտում, պետության կողմից պետք է ստանա էլ ավելի մեծ աջակցություն: Եթե ՀՀ-ում հաշմանդամության խմբերի տվյալներն այսպիսին են`
1-ին խումբ – 21,500 դրամ
2-րդ խումբ – 19,000 դրամ
3-րդ խումբ – 16,000 դրամ,
ապա ՌԴ-ում`
1-ին խումբ – 5124 ռուբլի (47,240 համաժեք դրամ)
2-րդ խումբ – 2562 ռուբլի (23,620 համաժեք դրամ)
3-րդ խումբ – 1281 ռուբլի (11,800 համաժեք դրամ):
Ռուսաստանի Դաշնությունում մի շարք հիվանդությունների դեպքում հաշմանդամություն ունեցող անձանց տրվում է բնակելի տարածք և արտոնություններ կոմունալ ծառայությունների վճարումների համար: Նմանատիպ հաշմանդամություններից են տուբերկուլյոզի ակտիվ ձևերը, քրոնիկ և երկարաձգված հոգեկան առողջություն խնդիրները, վերջույթների գանգրենա և այլն: Այդ կացարանները պետք է հագեցած լինեն հատուկ սարքավորումներով և հարմարություններով` համաձայն անհատական վերականգնողական ծրագրերի իրականացման:
Հայաստանում հաշմանդամություն ունեցող մարդկանց բժշկական օգնություն ստանալու արտոնությունները սահմանված են ըստ «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ Կառավարության համապատասխան որոշումների:
Նշենք, որ «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն` հաշմանդամներին երաշխավորվում է պետական բյուջեի միջոցների հաշվին որակյալ անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն պետական բժշկական հիմնարկներում:
1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամները և հաշմանդամ երեխաները ըստ դեղատոմսերի ապահովվում են դեղորայքով անվճար, իսկ 3-րդ խմբի հաշմանդամները` 50 տոկոս զեղչով, եթե չեն օգտվում ավելի արտոնյալ պայմաններով դեղորայք ստանալու իրավունքից:
Հաշմանդություն ունեցող անձինք իրավունք ունեն ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկներում և դեղատներում առաջնահերթ կարգով ապահովվելու սպասարկմամբ: Բացի այդ, առողջության իրավունքը այլ իրավունքների հետ մեկտեղ պահանջում է, որ հսկողություն սահմանվի տարբեր կարգավիճակներում գտնվող հաշմանդամություն ունեցող անձանց համար ոչ միայն դեղամիջոցների մատչելիության ապահովման գործում, այլև հաշմանդամություն ունեցող անձը բուժում ստանա իր համաձայնությամբ:
«Իրազեկում» այլընտրանքային բլոգի թղթակից՝ Լիլիթ Հակոբյան