Կանայք են իշխում այս գեղեցիկ թագավորությունում: Ընտանիքի մայրը` Սեդան, 6 տարի առաջ կորցրել է տեսողությունը, սակայն դա չի խանգարում նրան «տեսնել», զգալ իր շրջապատը, կարել ու գործել, կերակուր ու քաղցրավենիք պատրաստել:
Մեկ անչափահաս և երկու չափահաս աղջիկների մայրը ցանկանում է աշխատել, սակայն տեսողության հետ կապված խնդրի պատճառով ոչ մի գործատու նրան չի ընդունում աշխատանքի:
Տիկին Սեդան իր ավագ դուստրերի հետ որոշել է ստեղծել փոքրիկ բիզնես, որի համար արդեն իսկ զբաղվածության կենտրոնում գրանցված է: Նախնական նպատակը հուշանվերների պատրաստումն է:

«Ծրագիրը ֆինանսավորելու համար մեզ ասացին, որ անհրաժեշտ է տարածք ունենալ, որտեղ և պետք է զբաղվենք այդ գործով: Վարձով եմ ապրում, իսկ տարածք վարձակալելու համար հնարավորություն չկա»:

Այս իրավիճակում ընտանիքի անդամները որոշակի ելք տեսնում են:

Շենքի բակում` նրանց տան դիմաց, կա մի տարածք, որը նախատեսված է որպես սիզամարգ: Տարածքը բավականին մեծ է և հարմար վագոն տնակ տեղադրելու համար: Սիզամարգը մշակում ու մաքրում են հենց ընտանիքի անդամները: Անկյունային հատվածում, որտեղ նախատեսում են տեղադրել տնակը, կան մի քանի թփեր, որոնք թույլատվություն ստանալուց հետո կտեղափոխեն, ծաղկանոց կստեղծեն` գեղեցիկ ցանկապատելով: «Քանի որ ցանկացած լավ բան մեզ մոտ միշտ էլ հանդիպում է հակառակորդների, ցանկանում եմ որ տարածքը վերցնեմ քաղաքապետարանի թույլատվությամբ` ունենալով մի օրինական փաստաթուղթ, որը կներկայացնեմ դժգոհությունների դեպքում»:

Խորհուրդ են տվել Հանրապետության նախագահի անունով նամակ գրել, որը ուղարկվել է քաղաքապետարան և այնտեղից էլ պատասխանել են նամակին:

Նամակում մասնավորապես նշվում է.

«Համաձայն ՀՀ հողային օրենսգրքի` հողամասերը կարող են տրամադրվել բացառապես մրցութային և աճուրդային կարգով : Օրենքն այլ արտոնություններ կամ բացառություններ չի նախատեսում»:

Այստեղ անհրաժեշտ է նկատել, որ խոսվում է հանրային հողատարածքի մասին, որը աճուրդի կամ վաճառքի ենթակա չէ:

«Իրազեկում» այլընտրանքային բլոգի թղթակից՝ Լիլիթ Գրիգորյան