Կամավորական շարժումն ամբողջ աշխարհում հատնի է իր վաղեմությամբ։ Գործունեության ոլորտները, որտեղ կարելի է տեսնել կամավորների անհատույց աշխատանքը, իսկապես բազմաթիվ են ու բազմազան։ Հասարակությունը, իհարկե, կամավորների արդյունավետ աշխատանքի կարիքը միշտ էլ ունի:
1985 թ․-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան առաջարկել է կառավարություններին ամեն տարի դեկտեմբերի 5-ը նշել որպես Կամավորների միջազգային օր՝ հանուն տնտեսական և սոցիալական զարգացման (International Volunteer Day for Economic and Social Development)։
ՄԱԿ-ը մշտապես կոչ է անում պետություններին միջոցառումներ ընդունել և իրականացնել՝ նպատակ ունենալով բարձրացնելու իրազեկվածությունը կամավորների ծառայության կարևոր ներդրման մասին և դրանով իսկ խրախուսել ավելի շատ մարդկանց: Ինչպես գիտենք, կամավորների միջազգային օրն ինչպես անհատ կամավորի, այնպես էլ կամավորներ ունեցող կազմակերպությունների համար հնարավորություն է ներկայացնելու իրենց կատարածը, արդյունքները տեղական և միջազգային մակարդակներում: Այս իմաստով, կամավորական գործունեությունը հատկանշական է հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակի բարելավման հարցում։ Օրվա առիթով, «ԷԽՈ» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը շնորհավորում է իր կամավորներին, ինչպես նաև աշխարհում բոլոր կամավորներին, մաղթում նրանց արդյունավետ գործունեություն և անսպառ բարեհոգություն, որը հենց իսկ նրանց՝ բոլորի առանձնահատկությունն է։