Շուրջ 6 ամիս առաջ «ԷԽՈ»-ն մեկնարկեց «Իմ ապագան քո արձագանքն է» խորագիրը կրող համալիր միջոցառումների շարքը։ Կազամակերպությունն այս նախաձեռնությամբ նպատակ ունի ստեղծել մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների առողջակրթական վերականգնման այլընտրանքային ծառայությունների կենտրոն։ Սույն թվականի նոյեմբերի 29-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ «Իմ ապագան քո արձագանքն է» խորագրով տարվա ամփոփիչ գալա համերգը։

Այս համերգը «ԷԽՈ»-ի շուրջ 10-ամյա գործունեության ընթացքում, ինչ խոսք, առաջին մասշտաբային միջոցառումը չէ։ Համերգային համալիր միջոցառումների շարքը իրականացվել է Հայաստանում և արտերկրի հայաշատ քաղաքներում։  

«ԷԽՈ» ՀԿ նախագահ Սերյոժա Օհանջանյանի հավաստմամբ, պահը վաղուց հասունացել է, և կազմակերպության հովանու տակ գտնվող մանկական ուղեղային կաթված ունեցող շուրջ 200 երեխաներին և, առհասարակ, հաշմանդամություն ունեցող երեխաներին սայլակներ, քայլակներ, խնամքի պարագաներ և անհրաժեշտ այլ օժանդակ սարքավորումներ տրամադրելուց զատ, անհրաժեշտ է ստեղծել վերականգնողական համալիր ծառայությունների մի կենտրոն, որը կլրացնի ոլորտում եղած բացը և կառաջարկի բուժման այլընտրանքային նոր լուծումներ։ Կենտրոնն իր շահառու երեխաներին կտրամադրի անվճար ծառայություններ, սակայն կգործի այնպիսի մեխանիզմ, որ ինքնաֆինանսավորման միջոցով հնարավոր կլինի նաև հետագա ծախսեր հոգալ: «ԷԽՈ» կազմակերպության այս նախաձեռնությունը հավանության է արժանացել կառավարության և մի շարք նախարարությունների կողմից՝ մասնավորապես, հայտնելով, որ ներկայացված սույն ծրագիրը համահունչ է ՀՀ առողջապահության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների կողմից ազգային և համայնքային մակարդակում վարվող քաղաքականությանը, հատկապես, հաշմանդամության ոլորտում իրականացվող առողջապահական և սոցիալական բարեփոխումներին։

Համերգի վարումը ստանձնել էին սիրված հաղորդավարներ Ժակը և Լուսինե Բադալյանը, ովքեր և կոչ արեցին համախմբվել ու միասին կառուցել հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնողական կենտրոնը։ Իսկ ահա, տաղանդավոր և անվանի, ինչպես նաև սպասված երգիչ-երգչուհիները ողջ համերգային երեկոյի ընթացքում հանդիսատեսին բուռն արձագանքի և ոգևորության մթնոլորտ ապահովեցին։

 Էրիկը նշեց, որ վաղուց է ճանաչում «ԷԽՈ»-ի հիմնադիրներին,- «Նրանց հետ ընկերներ ենք դարձել: Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս կազմակերպությանը, որ բարի ու լավ գործեր է անում, մենք էլ ինչպես կարող ենք, կօգնենք, թեկուզ մեր երգով նրանց կողքին ենք»։

Արամ MP3-ը ևս կարևորեց «ԷԽՈ»-ի գործունեությունը,- «Բարի գործ անող մարդկանց շնորհիվ աշխարհը մնում է ճիշտ, կա իմաստ ապրելու ու շարունակելու մեր կյանքը»։

Արսեն Գրիգորյանը, նույն ինքը՝ Մրրոն, նույնպես հատկանշական արտահայտվեց բարի գործի մասին,- «Երանի բոլորս հասկանանք, որ ոչ մեկս ապահովագրված չենք խնդիրներից։ Յուրաքանչյուր երեխա պիտի մեզ համար կարևոր դառնա, ու ոչ միայն մեր կենսաբանական երեխաներն են մերը, այլև մյուսները: Մենք պարտավոր ենք հոգ տանել նրանց մասին»։

Հանդիսատեսն արդեն ծանոթ էր «Իմ ապագան քո արձագանքն է» ծրագրի պատվիրակներին՝ ժողովրդական երգիչներ Եվա Եգանյանին, Գրիգոր Միրզոյանին և Մասիս Հունանյանին, ովքեր «ԷԽՈ»-ի կողքին են նրա բազում նախաձեռնություններում։

Հանդիսականները բացի երգ ու պարից, դիտեցին տեսանյութ, որում Սերյոժա Օհանջանյանը նշեց և կարևորեց մի փաստ, որ երեխաները պետք է ներառված լինեն ընտանիքում և հասարակության մեջ։ Նա պատմում էր իր ուսման դժվարությունների մասին,- «Մանկությանս ամենամեծ դժվարությունս այն էր, երբ 7 տարեկանում պիտի դպրոց հաճախեի: Համայնքային չորս դպրոց հրաժարվեցին ինձ ընդունել, որովհետև հաշմանդամություն ունեի: Լավ հիշում եմ՝ վերջին դպրոցի տնօրենը նույնիսկ չցանկացավ ծնողիս հետ խոսել։ Մինչև 11 տարեկանս ուսումս ստանում էի տանը, կարողացա հասնել իմ հասակակիցներին, այնուհետև տեղափոխվեցի դպրոց»։

Համերգի բոլոր մասնակիցները «ԷԽՈ»-ի կողմից արժանացան հավաստագրերի։ Եվ իհարկե, ծրագրերը շարունակական են։