Սույն թվականի փետրվարի 17-ին՝ ժամը 12:00-ին, ԻԲԻՍ Երևան կենտրոնում կայացավ «Իմ ապագան քո արձագանքն է» հանրային քննարկումը: Քննարկման նպատակն էր, ապահովելով ներառական մոտեցում, աջակցել հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրների լուծմանը և դրանց շուրջ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը։
Տեղեկացնենք, որ հանրային քննարկմանը մասնակցեցին ՀՀ ԲՍՓ գործակալության մանկական մասնագիտացված ԲՍՓ հանձնաժողովի նախագահ Նունե Պետրոսյանը, ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության բժիշկ-վերականգնողաբան Արա Գևորգյանը: Քննարկումը վարեց «ԷԽՈ» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Սերյոժա Օհանջանյանը։ Մտահոգիչ հարցերով ներկա էին կազմակերպության հովանու տակ գտնվող հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներ, հրավիրյալներ և ԶԼՄ ներկայացուցիչներ։
Ինչ խոսք, քննարկումը տվեց բազմաթիվ հետաքրքրող հարցերի պատասխաններ, ինչպես նաև առիթ հանդիսացավ մի շարք չպարզաբանված հարցերի բարձրաձայնման, որոնց շուրջ, անշուշտ, կա անհրաժեշտությունը ևս մեկ անգամ անցկացնելու նմանատիպ հանդիպում-քննարկում։
Շնորհակալություն ենք հայտնում «ԷԽՈ» իրավապաշտպան կազմակերպության գործընկերներին՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, համապատասխան բանախոսների ապահովման համար և Իբիս Երևան Կենտրոն հյուրանոցի տնօրինությանը՝ հյուրընկալման համար։
Հավելենք, որ պատահական չէր ընտրված հանրային քննարկման վայրը՝ Իբիս Երևան Կենտրոն հյուրանոցը, որը ֆրանսիական Ակոռ-գռուպ միջազգային հյուրանոցային ցանցի առաջին ներկայացուցիչն է Հայաստանում, ունի 255 սենյակ և 7 հանդիպումների դահլիճ: Իբիսը Հայաստանում այն եզակի հյուրանոցներից է, որն իր կացության և անվտանգության չափանիշներով լիովին հարմարեցված է հաշմանդամություն ունեցող հյուրերին պատշաճ և որակյալ ծառայություն մատուցելու համար: