Հաշմանդամության հետ կապված խնդիրների լուսաբանումը ցանկացած քաղաքակիրթ պետության համար կարևոր է: Հաշմանդամություն ունեցող անձիք մյուս քաղաքացիների հետ հավասար ունեն իրավունքներ և պարտականություններ: Ֆիզիկական խնդիրը էական չի լինի և մարդու կյանքի ընթացքի վրա չնչին ազդեցություն կունենա, եթե նա շրջապատված լինի գիտակից քաղաքացիներով, և պետությունն էլ իր հերթին ապահովի նրա հավասար հնարավորությունները:
Ցավոք, Հայաստանում դեռևս չլուծված շատ խնդիրներ կան` թեքահարթակներից սկսած մինչև տրանսպորտային միջոցների հարմարեցումը: Այս և նման այլ խնդիրներ լուսաբանելով` լրատվամիջոցները կկարողանան ճանապարհ ցույց տալ դրանց կարգավորման համար: Երբ խոսքը վերաբերում է իրենց ֆիզիկական կամ մտավոր խնդիրներ ունեցող անձանց, անհրաժեշտ է ցուցաբերել մեծ պրոֆեսիոնալիզմ` խնդիրը ճիշտ լուսաբանելու, հերոսներին չվիրավորելու և հասարակության մեջ կարծրատիպերը վերացնելու համար:
Հասարակական կազմակերպությունները, որոնք աշխատել են ԶԼՄ- ների հետ, տարիներ շարունակ մշակել են հաշմանդամության խնդրի լուսաբանման սկզբունքներ: Յուրաքանչյուր լրագրող, ով քիչ թե շատ առնչվում է ոլորտին, պետք է լավ տիրապետի սկզբունքներին և հետևի խորհուրդներին:
Այդ հարցում ձեզ կօգնի մեր փոքրիկ անդրադարձը:
Նախևառաջ հաշմանդամություն ունեցող անձի հետ խոսելիս մի պահ մոռացեք նրա խնդրի մասին, շփվեք` որպես խնդիր չունեցող անհատ` ամենավերջին տեղում թողնելով նրա կյանքի այդ հատվածը: Լուսաբանելիս ավելի շատ պետք է կենտրոնանալ կրթական, սոցիալական և այլ խնդիրների ուսումնասիրության վրա: Դրական օրինակները միշտ էլ ոգեշնչող են: Ցույց տվեք ու ներկայացրեք մարդկանց, որոնք ունեն հաշմանդամություն, սակայն իրենց կյանքում դա էական արգելք չի եղել և կարող են ավելի շատ ձեռքբերումներ ունենալ, քան հաշմանդամություն չունեցող մարդիկ:
Սակայն այդ հանգամանքն էլ որպես հերոսություն մի ներկայացրեք:
Հիշեք, որ զոհի կարգավիճակը կամ խղճահարությունը չի կարելի վերագրել անձանց միայն այն բանի համար, որ նրանք ունեն հաշմանդամություն, քանզի հաշմանդամություն ունենալը չի կարող բնութագրել անձի ինքնությունը:
Կարևոր է հասարակությանը ներկայացնել, որ այս անհատների խնդիրը ոչ թե անվասայլակն է, որը հաճախ ժամանակավոր բնույթ ունի, այլ այդ անվասայլակներով քաղաքում շրջել չկարողանալը:
Օգտագործելով ուղիղ խոսքը, իրական պատմությունները` կարելի է պատրաստել ազդեցիկ նյութ` չմոռանալով նկարահանելու և ձայնագրելու էթիկայի կանոնները: Խնդրի կադրերը չպետք է առաջնային պլանում լինեն:
Հերոսներին գտնելուց, սցենարը պատրաստելուց և նկարահանելուց հետո պետք է գրել տեքստ` ուշադրություն դարձնելով բառերի ճիշտ օգտագործմանը` խուսափելով կարծրատիպեր ստեղծող գնահատականներից ու եզրահանգումներից: Միշտ չէ, որ բժշկական տերմիններ օգտագործելը հարգի է լրագրության մեջ: Դրանք կարող են ավելորդ լարվածություն ստեղծել լսարանի և հերոսի միջև և թողնել հակառակ ազդեցություն: Օրինակ, որքանով է հաճելի տեքստի մեջ ընթերցել այնպիսի բժշկական տերմիններ, ինչպիսին են, օրինակ` անկարող, դեբիլ, ոչ նորմալ, ֆիզիկական դեֆեկտ, անվասայլակին գամված, թուլամիտ և այլն։ Այս բառերն ունեն իրենց փոխարինողները, որոնք ոչ մի սուր միտք չեն պարունակում և ցույց են տալիս խնդիրը` ավելի նուրբ:
Այսպես, օրինակ, թերարժեք կամ անկարող, սահմանփակ հնարավորություններով բառերի փոխարեն առավել ընդունելի ձև է հաշմանդամություն ունեցող մարդ, մտավոր խնդիր բառերը, նա աուտիկ է-ի փոխարեն` նա աուտիզմ ունի, դաուն է-ի փոխարեն` դաունի համախտանիշ ունի, նա գամված է սայլակին-ի փոխարեն` նա սայլակ է օգտագործում, նա կույր է-ի փոխարեն` տեսողության հետ կապված խնդիր ունի:
Բառերը կարող են հարաբերություններ ստեղծել և տապալել դրանք, բառերը կարող են ոգևորել և կոտրել, կարող են ապրեցնել և սպանել: Լրագրողը լավագույնն է, եթե իր բառերը հարաբերություններ են կարգավորում, ոգևորում և ապրեցնում:
ՀՀ Սահմանադրությունը կանոնակարգում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները, որտեղ հոդված 14-ի առաջին կետով սահմանվում է` բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև, բոլոր տեսակի խտրականությունները արգելվում են: Այդ դեպքում, եկեք գտնենք խոչընդոտները, լուսաբանենք և նպաստենք, որ պետությունը իրոք դառնա մարդկանց հավասար հնարավորությունների ստեղծման երաշխավոր:
«Իրազեկում» այլընտրանքային բլոգի թղթակից՝ Լիլիթ Գրիգորյան