Երևան քաղաքի ավագանու քննարկմանն է ներկայացվել որոշման նախագիծ, որով նախատեսվում է հաշմանդամություն ունեցող անձանց ազատել ավտոկայանատեղերի տեղական տուրքի վճարումից:
Քաղաքապետարանի տարածած հաղորդագրության համաձայն` հաշմանդամություն ունեցող բոլոր անձինք, ովքեր համապատասխան դիմում և կարգավիճակը հաստատող փաստաթղթերը կներկայացնեն Երևանի քաղաքապետարան, կազատվեն տուրքի վճարումից:

Նախագծով առաջարկվում է բոլոր ավտոկայանատեղերում հաշմանդամություն ունեցող անձանց ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար նախատեսել առանձին հատվածներ` տվյալ տեղերում արգելելով այլ մեքենաների կանգառն ու կայանումը: Նախագիծը կընդգրկվի Երևան քաղաքի ավագանու առաջիկա նիստի օրակարգում:

Օրենսդրական այս բարեփոխությունների շնորհիվ լուծվեց հաշմանդամություն ունեցող անձանց ազատել ավտոկայանատեղերի հարցը, սակայն անտեսվել է այն հանգամանքը, որ շատ հաշմանդամություն ունեցող անձինք, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաները չեն կարող ինքնուրույն վարել մեքենա, հետևաբար ծնողի կամ խնամակալի օգնությամբ են տեղաշարժվում:

Իրազեկման բլոգը նախագծի վերաբերյալ որոշ պարզաբանումներ ստանալու համար գրավոր դիմում է ուղարկել Երևանի քաղաքապետարան: