Հաշմանդամության խնդիրները ՀՀ-ում


Աշխարհում ավելի քան մեկ միլիարդ մարդ ապրում է այս կամ այն տեսակի հաշմանդամությամբ և 200 միլիոն մարդ գործունեության ընթացքում առնչվում է զգալի դժվարությունների հետ: Ամբողջ աշխարհում հաշմանդամություն ունեցող անձինք առողջապահական, կրթական և տնտեսական բնագավառներում մասնակցության համեմատաբար ցածր և աղքատության ավելի բարձր ցուցանիշներ ունեն: Սա մասամբ այն պատճառով է, որ հաճախ առողջապահական, կրթական, զբաղվածության, տրանսպորտային և տեղեկատվական ծառայությունները մատչելի չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար: Մատչելիությանը խոչընդոտող գործոնները ներառում են անկատար չափանիշներն ու ընթացակարգերը, բացասական վերաբերմունքը, ծառայությունների անհասանելիությունը, տեղեկատվության և հաղորդակցության ոչ բավարար լինելը, գենդերային խտրականությունը և հաշմանդամություն ունեցող անձանց անբավարար մասնակցությունն իրենց վերաբերող որոշումների կայացման գործընթացում:

Վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանը մեծապես բարելավել է իր տնտեսությունը, ենթակառուցվածքները և հանրային ծառայությունները: Այսուհանդերձ, պաշտոնապես գրանցված 197 հազար հաշմանդամություն ունեցող անձանց մեծամասնությունը շարունակում է դիմակայել հասարակության կողմից հաշմանդամության թյուր ընկալմանն ու ոչ պատշաճ կիրառում ունեցող օրենքներին ու կանոնակարգերին, որոնք հիմնականում անծանոթ են հաշմանդամություն ունեցող անձանց: Հատուկ մասնագիտական դպրոցների մեծ մասը կարողություններ և հնարավորություններ չունեն իրենց կրթական ծրագրերում հաշմանդամություն ունեցող անձանց ընդգրկելու համար: Վերապատրաստումների և աշխատանքի բացակայության պայմաններում հաշմանդամություն ունեցող անձինք բավարարվում են կառավարության կողմից սահմանված թոշակով: Նրանք համապատասխան ինֆորմացիա չունեն իրենց իրավունքների մասին և վարում են խիստ սահմանափակ կյանք՝ մերժվելով հասարակության կողմից և խտրականության ենթարկվելով աշխատավայրում:

  • Ո՞վ է համարվում հաշմանդամություն ունեցող անձ

Հաշմանդամություն ունեցող անձինք ունեն առողջական խնդիրներ, շրջակա միջավայրի արգելքներ, որը խոչընդոտում է նրանց մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցությանը: Հայաստանի Հանրապետությունը 2010 թվականին վավերացրել է ՄԱԿ-ի 2006 թ. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիան, որը միանշանակորեն չի տալիս «հաշմանդամություն» բառի սահմանումը: «Հաշմանդամությունը» զարգացող հասկացություն է, քանի որ հասարակությունն ու հասարակական կարծիքը հաճախ են փոփոխություններ կրում: Այդ իսկ պատճառով կոնվենցիան չի պարտադրում սահմանված հասկացություն, այլ կիրառում է դինամիկ մոտեցում:

  • Ո՞վ է ճանաչում անձի հաշմանդամությունը

Անձի հաշմանդամությունը ճանաչում են միայն բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինները` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության (ԲՍՓ) կառուցվածքային ստորաբաժանումները (փորձաքննական բաժին, վերականգնողական ծրագրերի բաժին) և տարածքային մարմինները` բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովները` ԲՍՓՀ:

  • Հաշմանդամություն ունեցող քանի՞ մարդ է ապրում Հայաստանում

Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննական գործակալության տեղեկատվության՝ 2014թ. տարեվերջին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության էլեկտրոնային տեղեկատվական բազայում ընդգրկված է եղել հաշմանդամություն ունեցող 198 619 անձ։ Նրանցից 94 902-ը կանայք են։ 2014 թ. հուլիսի 1-ի դրությամբ հաշմանդամություն ունեցող 18-ից 63 տարեկան մարդիկ կազմում են 65.2 %-ը, երիտասարդ տարիքի` (18-ից 40) կազմում են 13,9%, 40-ից 63 տարեկան կազմում են 51.3%, իսկ կենսաթոշակային տարիքի՝ 30.6%: Աշխատունակ տարիքի հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը կազմում է շուրջ 9%:

  • Հաշմանդամության նկատմամբ խտրականության դրսևորումները ՀՀ-ում

Ներկայումս հասարակության մեջ ձևավորված է մի սխալ մոտեցում հաշմանդամության խնդրի վերաբերյալ: Հաշմանդամ ասելով` ոմանք պատկերացնում են միայն անվասայլակ, քայլակից օգտվող մարդ կամ էլ առհասարակ անկողնուն գամված մարդ: Այնինչ, կան հաշմանդամության տարբեր դրսևորումներ, որոնք միավորվում են մեկ տերմինի մեջ: Ցավալին այն է, որ հասարակության` հաշմանդամի նկատմամբ բարեհոգությունը սահմանափակվում է հենց հաշմանդամություն բառն արտաբերելով:

  • Ինչպես ինտեգրել հաշմանդամությունը

«ԷԽՈ» ՀԿ թիմը, իր հիմնադրման օրվանից մշակել է «Ես»-ով ինտեգրում հասարակությանը ծրագիրը: «Ես»-ով ինտեգրում ասելով՝ հասկանում ենք անձի միասնությունն ու ամբողջականությունը՝ իր սուբյեկտիվ հատկանիշներով: «Ես»-ն անհատն է, այնպիսին, ինչպիսին որ ինքն իրեն ճանաչում ու պատկերացնում է՝ զերծ որոշակի կոմպլեքսներից: Ծրագրի առանձնահատկությունն այն է, որ ինտեգրման խնդիրը դրվում է հաշմանդամություն ունեղող անձի և մեր թիմի միջև: Նպատակն է՝ զարգացնել հաշմանդամություն ունեցող անձի «Ես»-ը: Մարդն ով ունի բնածին հաշմանդամություն կամ կյանքի ընթացքում ինչ-ինչ պատճառներով ձեռք է բերել այն, նա ակամայից տառապում է թերարժեքության բարդույթով, ձեռք է բերում անվստահություն սեփական «Ես»-ի նկատմանբ: Դրանից էլ հաճախակի են դառնում հոգեկան տառապանքները, ինչը հետևանք է իրական կամ երևակայական կորստի գիտակցման: Անձն իրեն հուզականորեն անվտանգ վիճակում չի զգում, նրան անընդհատ համակում է անօգնականության զգացումը: Ճնշված անձը կորցնում է սեփական անձի արժեքավորության, ինքնահարգանքի զգացումը: Նրա մեջ գերակշռում է ձևավորվորված թերարժեքության բարդույթը: «Ես»-ով ինտեգրումը հաշմանդամություն ունեցող անհատի վերաբերմունքն է սեփական անձի նկատմամբ։ Այդ վերաբերմունքն իր մեջ ընդգրկում է մարդու պատկերացումներն իր անհատականության հետաքրքրությունների, հակումների մասին, արժեքային կողմնորոշումների որոշակի միասնությունը, որոշակի ինքնագնահատականն ու ինքնահարգանքը։

  • Ի՞նչ կընձեռնի ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիան

 Կոնվենցիան ՀՀ-ում ուժի մեջ է մտել 2010թ. հոկտեմբերի 22-ին:
Աշխարհի առաջադեմ երկրները հիմնականում լուծել են հաշմանդամություն ունեցող անձանց հասարակություն ներառելու, բոլորի համար հավասար պայմաններ ստեղծելու խնդիրը։ Մեր երկիրը ևս ձեռնամուխ է եղել այդ դժվարին ժամանակ և միջոցներ պահանջող խնդրի լուծմանը։ Աշխատանքներ են տարվում հասարակության իրազեկվածության բարձրացման եւ համապատասխան վերաբերմունքի ձեւավորման ուղղությամբ։ Քայլեր, որոնց նպատակն է հնարավորություն ընձեռել հաշմանդամ մարդուն լիարժեք ապրելու, երկրի հասարակական, քաղաքական, մշակութային կյանքին մասնակցելու համար:

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիան ՄԱԿ-ի կողմից ընդունվել է 2006թ. դեկտեմբերի 13-ին, իսկ Հայաստանն այն ստորագրել է Նյու Յորքում՝ 2007թ. մարտի 30-ին՝ ստորագրելու համար բացվելու հենց առաջին օրը։ Հայաստանը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան վավերացրել է 2010թ. մայիսի 17-ին, իսկ այն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 22-ին։ Այն սահմանում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները, որոնք հռչակված են նաև «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում», «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայում և մարդու իրավունքներին վերաբերող այլ համաձայնագրերում: Կոնվենցիան երաշխավորում է, որ այդ իրավունքները հարգվեն նաև հաշմանդամություն ունեցող անձանց պարագայում:

Հ.Գ. Դե ինչ, «ԷԽՈ» հասարակական կազմակերպությունը ևս ողջունում է այն փաստը, որ ՀՀ կառավարությունն ընդունել է կոնվենցիան, որը կխթանի նաև մեր հետագա ծրագրերի իրականացմանը:

Ներբեռնել և կարդալ կոնվենցիան ›

One Comment Add yours

  1. Ողջույն Ձեզ ներեցեք դիմում եմ Ձեզ խնդրանքով ես զին հաշմադամ եմ երկրորդ խմբի վնասվել են ոտքերս ականաի պայթույնից եվ կորցրել եմ մեկ ոտքս իսկ միյուս ոտքս այրված է չի ծալվում խնդրում եմ աջակցեք ինձ եվ իմ ընտանիքիս քանի որ հիմա չեմ կարողանում աշխատել եվ անապահով ընտանիք ենք ունեմ երկու երեխաներ անչափահաս .

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s