Matcheli.am-ին և մատչելիության քարտեզին  մենք  արդեն հասցրել ենք  անդրադառնալ: «Մատչելի  քաղաք» նախաձեռնության շրջանակներում  ստեղծված կայքը նպատակ ունի իրազեկել Երևանի մատչելի վայրերի մասին, որպեսզի տեղաշարժման  դժվարություններ ունեցող անձինք կարողանան  ընտրել իրենց հարմար ուղղությունները Երևանում   տեղաշարժվելիս   և տարաբնույթ ծառայություններից օգտվելիս: Իսկ  այժմ   հրաշալի առիթ կա  շարունակելու համար ներկայացված թեման:

Մայիսի 7-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ Կոլբա լաբի կողմից հայտարարված նորարար գաղափարների մրցույթի վերջին փուլը, որի նպատակն էր հայտնաբերել ու ինկուբացնել մարդու իրավունքներին վերաբերող և սոցիալական նորարարություն պարունակող գաղափարները:

Մրցույթին  մասնակցել էր  նաև  «Մատչելի  քաղաք»  նախաձեռնության համակարգող Վարդուհի Արամյանը` «Մատչելիության քարտեզ» ծրագրով: Ներկայացված էր բջջային հավելված ստեղծելու գաղափարը, որը  թույլ  կտա, որ  յուրաքանչյուր  ոք հեռախոսի միջոցով փոխանցի ու ստանա տեղեկություններ  որոշակի  միջավայրի, ծառայությունների մատչելիության ու հասանելիության վերաբերյալ: Այն կարող է լինել օրինակ`  ինտերակտիվ քարտեզ, որի վրա ցանկացած ոք իր բջջային հեռախոսից կարող է տեղեկատվություն  ուղարկել իր գտնվելու վայրում  առկա  մատչելի ու  հասանելի ծառայության վերաբերյալ, որպեսզի այն  օգտակար  լինի  նաև  ուրիշներին:

Մրցույթին ներկայացվել էին 25 գաղափարներ, որոնք  վերաբերում էին  սոցիալ-տնտեսական, մշակութային, էկոլոգիական, տեղեկատվական և  իրավական  խնդիրների  լուծմանը: Եզրափակիչ  փուլ էին  անցել  7  գաղափարներ, որոնց  արդյունավետությունը և կարևորությունը  գնահատում էր  հայաստանյան  և  միջազգային կազմակերպությունների  ներկայացուցիչներից  կազմված  ժյուրին: Բարձր գնահատված ծրագիրը ֆինանսավորվելու  էր  ՄԱԿ-ի  Զարգացման  ծրագրի  կողմից:

Արդյունքում  երկու  գաղափար, այդ  թվում՝ «Մատչելիության  քարտեզը» ֆինանսական աջակցություն ստանալու հնարավորություն ստացան:

Հեղինակի համար սա անակնկալ էր.

– Այս փուլում հայտնվելը արդեն   հաղթանակ  էր: Մրցույթն ինձ համար գաղափարը ավելի լայն շրջանակներին  ներկայացնելու հնարավորություն էր, որտեղ, եթե ոչ հաղթել, ապա հույս ունեի գտնել այլ  շահագրգիռ կազմակերպությունների, ովքեր  կաջակցեին հավելվածը  ստեղծելու հարցում:

Կոլբա լաբի ներկայացուցիչները հայտնեցին, որ այժմ արդեն աշխատանքային  խումբ կձևավորվի, որը և կիրականացնի ծրագիրը:

– Հույս  ունեմ, որ ծրագիրը  կտարածվի  Հանրապետության  ողջ  տարածքում և  օգտատերերից  յուրաքանչյուրն  իր  ներդրումը  կունենա  քարտեզի  զարգացման  մեջ ,- ասաց  տիկին Արամյանը:

Ստացվեց, որ օգտակար լինելու  անկեղծ  ցանկությունն արդարացրեց  սպասելիքները  և շուտով մենք հնարավորություն  կունենանք  բջջային հեռախոսներում  ներբեռնել նոր հավելված:

«Իրազեկում» այլընտրանքային բլոգի թղթակից՝ Լիլիթ Գրիգորյան