Ս.թ. հունիսի 18-ին  «Էխո» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Սերյոժա Օհանջանյանը և կազմակերպության փորձագետ Հայկ Մկրտչյանը մասնակցեցին  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում կազմակերպված հանրային քննարկման, որը վերաբերում էր նախարարության կողմից համակարգվող աջակցող միջոցների (անվասայլակներ, քայլակներ, օրթոպեդիկ կոշիկներ, օրթեզներ և այլն) տրամադրման գործընթացին:

«Էխո» կազմակերպության ներկայացուցիչները  բարձրաձայնեցին հաշմանդամություն ունեցող անձանց և հատկապես երեխաներին անհրաժեշտ աջակցող սարքերի տեսականու ընդլայնման, կարիքների գնահատման թերի գործող մեխանիզմի, այս տարվա համար արդեն իսկ սպառված աջակցող սարքերի քանակների ավելացման, անձնական տվյալների պաշտպանության, հավաստագրերի տրամադրման գործընթացում առկա իրազեկվածության ցածր մակարդակի, անհարմարությունների և խոչընդոտների մասին, ինչից հետո  ներկայացրեցին  այս ոլորտում առկա կարևորագույն խնդիրների լուծման ուղիները:

Ի ուրախություն մեզ՝ մեր առաջարկությունների գերակշիռ մասն ընդունվել է նախարարության պատասխանատուների կողմից և, համապատասխան կառավարության նախագծի մեջ ներառվելով, ներկայացվելու է  Կառավարություն:

Մեր կողմից հատկապես կարևորվեց այն հանգամանքը, որ բազմաթիվ հաշմանդամություն  ունեցող անձինք դիմել են նախարարություն և չեն կարողացել ստանալ իրենց անհրաժեշտ աջակցող սարքերը՝ քանակների սպառման պատճառով:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց նախարարություն ներկայացնել այս կամ այն աջակցող սարքերի կարիք  ունեցող անձնաց տվյալները և նախարարությունը հաշվի կառնի դրանք նոր քանակների ավելացման դեպքում: