Բանակը մեր ժողովրդի անվտանգության ու խաղաղության կարևորագույն երաշխիքն ու պետության բաղկացուցիչ մասն է կազմում, իսկ պատանիները, ովքեր դեռ նոր-նոր են մտնում կյանք, իրենց ջանքերի գնով ու անասանելի դժվարություններով են ապահովում մեր երկրի խաղաղ առավոտը: Բայց զինվորներից շատերը ծառայության ընթացքում ձեռք են բերում հաշմանդամություն՝ հանուն իրենց հայրենակիցների ու սիրելիների խաղաղության, անհոգ ու ազատ ժպիտների: Իսկ ի՞նչ է անում պետությունը տվյալ զինվորի ու նրա ընտանիքի համար, ցուցաբերո՞ւմ է նյութական և բարոյական աջակցություն: Արդյո՞ք փոխհատուցում է երկրի ու սիրելիների համար ինքնամոռաց պայքարը, հոգին տակնուվրա անող կարոտը, ծնողի արցունքներն ու ամենօրյա սպանիչ սպասումը, կրած դժվարություններն ու հոգևոր ապրումները:
Այս ոլորտը կարգավորվում է մի շարք օրենքներով, մասնավորապես` ՀՀ «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքով, որում խոսվում է միայն կենսաթոշակի տրամադրման մասին՝ բաց թողնելով բարոյահոգեբանականը: 2014 թվականի հուլիսի1-ի տվյալներով զինծառայության հետ կապված, այդ թվում` ՀՀ սահմանները պաշտպանելիս առաջին, երկրորդ և երրորդ խմբի հաշմանդամություն է ձեռք բերել 13747 մարդ, որից 417 կին:
5 տարի է ինչ Արտյոմ Սահակյանը դիպուկահարի գնդակից լուրջ վնասվածք է ստացել, ինչի հետևանքով ձեռք է բերել հաշմանդամություն: Պետությունը տրամադրել է բնակարան, ժամանակին որոշակի բուժօգնություն, հիմա հասարակական գործունեություն է ծավալում` «Արևի շող» Արմավիրի մարզի հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության հասարակական կազմակերպության փոխնախագահն է: Սա բազմաթիվ օրինակներից միայն մեկն է:
Ըստ «ԷԽՈ» ՀԿ նախագահ Սերյոժա Օհանջանյանի՝ «Զինծառայողներին, ովքեր ծառայության ընթացքում ձեռք են բերել հաշմանդամություն, կառավարությունը սահմանափակվում է միայն կենսաթոշակ տրամադրելով, էլ չասեմ չափի մասին, բայց շատ ավելի կարևոր է նպաստել նրա ներառմանը հասարական կյանքին: Ունեմ շատ ընկերներ, որոնք ընթացքում ձեռք են բերել հաշմանդամություն՝ բախվելով տարբեր հոգեբանական խնդիրների: Իսկ այդ խնդիրները միայն կենսաթոշակով չեն լուծվում»,-այնուհետև հավելեց, որ այժմ մեկնարկվել է հաշմանդամության գնահատման նոր ընթացակարգի փորձնական ծրագիրը, ըստ որի լինելու է հաշմանդամության գնահատման նոր մոտեցումը, որը հիմնված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից մշակված հաշմանդամության, առողջության և ֆունկցիաների միջազգային դասակարգչի (ԱՀԿ ՖՄԴ) վրա, որը հաշմանդամությունը դիտարկում է որպես անձի առողջական խնդրի և միջավայրային գործոնների փոխհարաբերություն:
Կան բացեր, որոնք երբևէ չեն լրացվում, իսկ կենսաթոշակը փոքրագույնն է, որ կարող է տրամադրվել պետության կողմից…
«Իրազեկում» այլընտրանքային բլոգի թղթակից՝ Լիլիթ Հակոբյան