Ներկայումս Հայաստանում պետությունը ի վիճակի չէ լիակատար ապահովել բարձրագույն կրթություն, հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց համար: Եվ ոչ պետական բուհերը պետականների հետ մեկտեղ ապահովում են քաղաքացիների բարձրագույն կրթություն ստանալու սահմանադրական իրավունքը, թեկուզ և վճարովի հիմունքներով: Սակայն 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձանց ուսուցման ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին, անկախ ստացվող նպաստից կամ թոշակից: Թեև դա երաշխիք չի հանդիսանում, քանզի առկա է անմատչելիության խնդիրը:
Բացի այդ բարձրագույն կրթության ոլորտում շուկայական հարաբերությունների արմատավորումը հանգեցրեց կրթական ծառայությունների բնագավառում մրցակցության զարգացմանը՝ ինչպես առանձին բուհերի, այնպես էլ պետական և ոչ պետական բարձրագույն կրթության երկու հատվածների միջև: Այդ մրցակցությունը երկակի բնույթ ունի: Մի կողմից նա դրդում է բուհերին նորամուծության, ստիպում է նրանց բարձրացնել կրթական ծառայությունների որակը, մյուս կողմից էլ հաճախ մրցակցությունը անբարեխիղճ բնույթ է ստանում: Արդյունքում դա հանգեցնում է նրան, որ տուժում է կրթության համակարգը և հասարակության մի մասը:
«ԷԽՈ» ՀԿ նախագահ Սերյոժա Օհանջանյանը նշում է. «Այսօր բուհերի համար ամենաառաջնային խնդիրը ուսանող ունենալն է և որակի ապահովումը: Պիտի որակյալ մասնագետներ տաս, որպեսզի նրանք կարողանան իրենց տեղը գտնեն կյանքում և իրենց աշխատանքն ունենան, որովհետև այսօր գործատուն միայն որակյալ մասնագետ է պահանջում: Եվ եթե մեր բուհերը չունենան որակյալ մասնագետներ, ապա ո՞ւմ է պետք իր մասնագիտությանը չտիրապետող «մասնագետը»: Ինձ համար զարմանալի է, որ պետական և ոչ պետական բուհերի միջև ամեն տարի ուժեղանում է մրցակցությունը նաև օգտագործվում է կարելի և ոչ կարելի PR հմտությունները: Իսկ այս ամենի նպատակը զուտ «ուսանողով գոյատևելն է», բայց հաշվի չի առնվում, որ հաշմանդամություն ունեցող անձը ևս պոտենցիալ ուսանող կարող է լինել, ընդ որում, բուհական հարմարեցումները հաճախ պահանջում են մեկանգամյա ծախսեր»:
Այնուամենայնիվ, վերոնշյալ խնդիրները պետք է լուծվեն ոչ միայն առանձին բուհի մակարդակով, այլ նաև կրթության ոչ պետական հատվածի և պետական մակարդակներով: Ոչ պետական կրթության ընդհանուր ռազմավարության որոշումը անհնարին է առանց փորձի փոխանակման և խնդիրների համատեղ լուծման: Իսկ պետությանը անհրաժեշտ է ոչ պետական բուհերի նկատմամբ մշակել գրագետ քաղաքականություն՝ ըստ ՀՀ բարձրագույն կրթության համակարգում այն դերին ու տեղին: Նաև անհրաժեշտ է իրական երաշխիքներ ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց կրթության համար՝ ըստ ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի սկզբունքների:
Վերջում հիշեցնենք, որ այժմ «ԷԽՈ» աջակցման կենտրոնը իրականացնում է «Հաշմանդամություն ունեցող անձանց բուհական ոլորտի բարելավումը որպես մասնագիտության խթանման միջոց (Motivation)» ծրագիրը, որի նասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ հետևյալ կայքից՝ www.motivation.ekho.am: