ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, իր նոր նախագծով առաջարկում է հաշմանդամի սայլակներ և լսողական սարքեր տրամադրել հավաստագրերի հիման վրա՝ հնարավորություն տալով հաշմանդամություն ունեցող անձին ձեռք բերել իր կարիքին համապատասխան սայլակ կամ լսողական սարք: Մինչդեռ, նախագծում հաշվի չեն առնվել մի շարք սարքավորումներ, քայլակներ և օժադակ տեխնիկա, որոնք, ուղղակիորեն, անհրաժեշտություն են տարբեր խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Էլ չենք խոսում այն մասին, որ եթե անձը նախընտրում է ձեռք բերել սայլակ կամ լսողական սարք, որն ավելի թանկ արժե, քան հավաստագրի գնային արժեքն է, ապա նա իր միջոցներից ակամա պարտադրվում է վճարել գների միջև եղած տարբերությունը: Իսկ եթե տվյալ պարագայում, հաշմանդամություն ունեցող անձը ի վիճակի չէ վճարելու՞․․․ Խնդրահարույց այս իրավիճակում ի՞նչ երաշխիքներ կարող են տրամադրվել հաշմանդամություն ունեցող անձին, այս մասին ոչինչ չի ասվում։
Ինչ վերաբերում է լսողական սարքերի տրամադրմանը, դեռևս, ՀՀ կառավարության 2012 թ. հուլիսի 19-ի թիվ 948 և 2013 թ. հունվարի 10-ի թիվ 20 որոշումների համաձայն` լսողության խնդիրներ ունեցող 12-18 տարեկան երեխաներին լսողական սարքեր տրամադրվում են վաուչերային համակարգով: Ըստ այդմ, կառավարությունը տրամադրում է 80 հազար ՀՀ դրամ արժողությամբ հավաստագրեր՝ յուրաքանչյուր ականջի համար: Սակայն նշված՝ 80 հազար ՀՀ դրամի սահմանում հնարավոր է ձեռք բերել միայն միջին և ցածր հզորության լսողական սարքեր: Բնականաբար, գերհզոր (որակյալ) լսողական սարք ձեռքբերելու համար անձը, դարձյալ, ակամայից պարտավորվում է հայթհայթել մնացած անհրաժեշտ գումարը: Իսկ նոր նախագծով նախատեսված 30 հազար ՀՀ դրամը, որևէ կերպ չի մեկնաբանվում և չի կարող արդարացվել․․․
Համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2017 թ. ապրիլի 26-ի 72Ա/1 հրամանի ստեղծվել է Աշխատանքային խումբ, որի առջև խնդիր է դրվել մշակել պետական բյուջեի շրջանակներում սայլակներ ձեռք բերելու համար համապատասխան հավաստագրեր տրամադրելու գործընթացի ամբողջական նկարագիրը, ընթացակարգերից բխող ռիսկերը, ուսումնասիրել սայլակները հավաստագրերով կամ այլ մեխանիզմներով տրամադրելու առանձնահատկությունների միջազգային փորձը, ներկայացնել առաջարկություններ հավաստագրերի գնային արժեքի վերաբերյալ։
Ինչևէ, ոչ պատշաճ աշխատանքի արդյունքում, խնդիրների լուծման խելամիտ տարբերակներ առաջադրելու փոխարեն, ակնհայտ տեսնում ենք հաշմանդամության սահմանափակում և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքի իրացման բացառում՝ ոտնահարում կամ, այլ կերպ ասած, այս դեպքում հավաստիանում ենք, որ որոշ փորձագետներ, ելնելով սեփական նկատառումներից և կարիքներից, պատրաստ են զոհաբերել հասարակական շահը։