Այսօր «Անդրադարձ» ակումբում կայացավ մամլո ասուլիս՝ նվիրված Ֆրանսիայի Փարիզ, Մարսել քաղաքներում և Ավստրիայի Վիեննա քաղաքում Հայաստանի «ԷԽՈ» հասարակական կազմակերպության և Ֆրանսիայի «Հայ ուսանողական միության» ջանքերով առաջիկայում կազմակերպվող բարեգործական համերգներին, որոնց հասույթը կտրամադրվի հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնողական բուժմանը: Հայաստանում նախկինում ևս բարեգործական համերգներ կազմակերպվել են, սակայն Եվրոպայում առաջին անգամ ենք նման նախաձեռնությամբ հանդես գալիս: Գաղափարը Ֆրանսիայում բնակվող ընկերոջս է պատկանում: Հանդիպելով երգիչների հետ՝ մեծ պատրաստակամության, նվիրումի արձագանք ստացանք՝ ևս մեկ անգամ բարեգործությունը մեզանում որպես բարոյական արժեք հաստատագրելով, և զուգահեռաբար ավելի հստակեցվեց այս նախաձեռնության տեսլականը:
Նշենք, որ «ԷԽՈ» ՀԿ-ում գրանցված են մանկական ուղեղային կաթված ունեցող շուրջ 200 երեխաներ, որոնց շարունակական բուժման համար միջոցներ են հարկավոր և քանի որ Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաների համար այլընտրանքային սարքավորումների և ծառայությունների ապահովման գրեթե սահմանափակ հնարավորություններ կան՝ պետական կառույցները քիչ են, չեն հասցնում սպասարկել բոլոր երեխաներին, ուստի այս համատեղ նախաձեռնությամբ նպատակադրված ենք աջակցել մանկական ուղեղային կաթվածով մի շարք երեխաների և նրանց ընտանիքներին՝ իրենց առջև ծառացած վերականգնողական բուժման խնդիրների լուծման գործում:
Առանձնահատուկ նշենք նաև համերգներին մասնակից և աջակից ժողովրդական-ազգագրական երգիչներին՝ Դավիթ Հակոբյան, Գրիգոր Միրզոյան, Եվա Եգանյան:
Հավելենք, որ բարեգործական համերգներ կազմակերպելու առաջարկներ ենք ստացել Եվրոպայի այլ երկրների հայկական համայնքներից, ինչպես նաև ԱՄՆ-ի հինգ նահանգներից: