Ս.թ. հոկտեմբերի 26-28-ը «էխո» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշպան ՀԿ նախագահ Սերյոժա Օհանջանյանը ներկա է գտնվել “2022 Dublin Platform. Human Rights Defenders at Risk” համաշխարհային համաժողովին: 
Ստորև ներկայացնում ենք նրա ելույթի տեքստը.

«Հարգելի գործընկեր իրավապաշպաններ ամբոջ աշխարհից,
Հայաստանի մասին շատերդ, հնարավոր է, լսել եք հատկապես պատերազմական գործողությունների համատեքստում, որի պատճառով չորս հազարից ավել մարդիկ, այդ թվում` քաղաքացիական անձինք զոհվեցին և այսօր էլ շարունակում են զոհվել, իսկ հազարից ավել մարդիկ ձեռք բերեցին հաշմանդամություն: Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության գործով ես և մեր հասարակական կազմակերպությունը զբաղվում է Հայաստանում արդեն 14 տարի։ Այն կազմակերպությունը, որտեղ ես աշխատում եմ, կոչվում է «էխո»։ Սա մեր առաքելությունն է` արձագանքել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ոտնահարման դեպքերին:
Իհարկե, մեր երկրում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հետ կապված մարտահրավերները շատ են: Օրինակ`խտրականության կարելի է հանդիպել թե՛ ներպետական օրենսդրության և գործողությունների ցանկում և, թե՛ հասարակական վերաբերմունքի մեջ, ինչն իհարկե շատ բնորոշ է հետխորհրդային երկրների մեծամասնությանը, և մենք հենց այդ չակերտավոր բնորոշ երևույթների դեմ էլ պայքարում ենք` փորձելով հասնել արժանապատիվ ու հավասար հնարավորություններով հասարակություն ունենալու մեր երազանքին։
Սակայն այս պահին ես ուզում եմ ավելի շատ խոսել հատկապես մեզ բաժին հասած հիմնական մարտահրավերների մասին: Այս օրերին գրեթե բոլորը խոսում են Ուկրաինայի մասին, բայց կարծես թե մոռանում են խոսել իմ երկրի` Հայաստանի սահմանմերին կատարվող դեպքերի մասին:
Հայաստանի սուվերեն տարածք ներխուժած ու անզեն ռազմագերիների գնդակահարությունը կազմակերպած, նկարած և համացանցով տարածած ադրբեջանական զինված ուժերը պետք է ստանան մեր բոլորի կողմից հստակ գնահատական, կին զինծառայողի մարմինը խոշտանգած ու հաշմանդամություն ունեցող երեխային իր տանը գնդակահարած ադրբեջանական զինված ուժերը պետք է աշխարհի բոլոր իրավապաշտպանների կողմից ստանան հստակ բացասական արձագանք։
Դուք կասեք` ինչ կապ ուներ իմ խոսքի այս հատվածը իմ առջև` որպես իրավապաշտպան առաջ եկած մարտահրավերների հետ, ես կասեմ, որ չի կարող իրավապաշտպանի համար լինել ավելի մեծ մարտահրավեր, քան նրա շուրջը բնակվող մարդկանց կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգը։
Հարգելի գործընկերներ, հաշմանդամություն ունեցող անձ լինելս շատ է օգնում ինձ, որպեսզի ավելի շատ մտածեմ, թե ամբողջ աշխարհում մարդիկ ինչ դժվարությունների և խտրականության կարող են հանդիպել, ինչ մարտահրավեր կարող են ունենալ։
Ինձ համար ամենամեծ մարտահրավերը լռելն է այն ժամանակ, երբ մահանում են մարդիկ, ինչն այսօր էլ շարունակաբար տեղի է ունենում Հայաստանի տարածքում`Ադրբեջանի զինված ուժերի ներխուժումից ու հայ ազգի հանդեպ շարունակական ատելության քարոզի արդյունքում։ 
Շնորհակալություն, որ լսեցիք այն հային, ով այսօր որոշեց չլռել թեկուզև խախտելով հանդիպման օրակարգը` ի պաշտպանություն մարդու գերագույն իրավունքի` ԿՅԱՆՔԻ իրավունքի»: