Սույն թվականի հուլիսի 11-ին, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցավ ընդլայնված քննարկում՝ «Պետական հավաստագրերով տրամադրվող անվասայլակների և լսողական սարքերի ձեռքբերում» թեմայով, որը գլխավորում էր ԱՍՀ նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանը։ Քննարկման նպատակը պետական հավաստագրերով անվասայլակներ և լսողական սարքեր ստանալու խոչընդոտների նախնական քարտեզագրումն էր՝ մասնակցությամբ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների, երեխաների ծնողների, հավաստագրեր և աջակցող սարքեր տրամադրող կազմակերպությունների ներկայացուցիչների:
«ԷԽՈ» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան ՀԿ նախագահ Սերյոժա Օհանջանյանը ևս հրավիրված էր քննարկմանը և ներկայացրեց նախնական առաջարկությունների փաթեթը, որը ներկայացված է ստորև։
- Մոտորասայլակի և ՄՈՒԿ ունեցող երեխաների համար սայլակի (քանի որ ՄՈՒԿ-ով երեխաների մոտ առկա սպաստիկան կարող է հանգեցնել լուրջ հետևանքների՝ կախված սայլակի ապահովության աստիճանից) գնին համապատասխան հավաստագրերի տրամադրում,
- Միայն անձնագրով անձի՝ անձնական գործի ընդունում և հավաստագրի տրամադրում,
- Տրամադրվող պարագաների ժամկետների վերանայում՝ հաշվի առնելով միջազգային փորձը և սայլակների տեսականին: Օրինակ՝ ՌԴ-ում անձին տրամադրվում է 2 տեսակի սայլակ ստանալու իրավունք 6 տարի ժամկետով:
- Երաշխիքային ժամկետի հետ կապված խնդիրներ. 1) Նախատեսված է 3 տարի երաշխիքային ժամկետ, սակայն կազմակերպությունները կարող են մեկ տարի չանցած փակվել: 2) Որակի հետ կապված խնդիրների դեպքում անձը ստիպված է տրանսպորտային մեծ ծախսեր հոգալ, որպեսզի սայլակը տեղափոխի տվյալ կազմակերպություն, իսկ վերանորոգման դեպքում՝ մնում է առանց սայլակ: 3) Առկա է մոտորասայլակների վերանորոգման ծառայություններով զբաղվող մասնագիտացված կազմակերպությունների բացակայություն։
- Լսողական սարքերի աուդիոգրամմա իրականացնելու անհրաժեշտ է 3-7 հազար ՀՀ դրամ գումարի փոխհատուցում պետության կողմից:
- Տրամադրված պարագաների մոնիթորինգի իրականացման համար անհրաժեշտ է ստեղծել անկախ մարմին՝ կազմված հասարակական կազմակերպություններից և փորձագետներից, որը կիրականացնի այլընտրանքային մոնիթորինգ, որպեսզի բացառվի հավաստագրի կանխիկացումը, պետական բյուջեի անարդյունավետ ծախսերը և այլ կոռուպցիոն ռիսկերը:
- Առկա է տեղեկատվության պակաս՝ տարվող գործընթացի վերաբերյալ: «ԷԽՈ» կազմակերպությունը պատրաստ է ստեղծել համապատասխան կայք, որի միջոցով կտրամադրվի տեղեկատվություն գործընթացի մանրամասների վերաբերյալ, կիրականացվի որակի մոնիթորինգ՝ սայլակ կամ լսողական սարք ստացած անձի հետ հետադարձ կապի միջոցով և այլն:
- Անհրաժեշտ է կազմակերպությունների որակավորման հանձնաժողովում ՀԿ-ների ընդգրկում:
Հ․Գ․ Անդրադառնալով նախկինում «Սայլակի փոխարեն հավաստագրի տրամադրման խնդրահարույց պատկերը» մեր հրապարակմանը՝ նշենք, որ հանդիպեցինք պետական հավաստագրերի հիման վրա լսողական սարքի և հաշմանդամի սայլակի տրամադրման գործընթացի մշակման հեղինակների զայրույթին։ Նրանք հավաստիացնում էին, որ գործընթացն ամբողջությամբ վերահսկելի է և դյուրըմբռնելի։ Սակայն երեկվա քննարկումը ցույց տվեց և հավաստեց այս հարցերի շուրջ առկա խնդիրները: Հուսով ենք,որ այսուհետև կստեղծվի ավելի լայն հնարավորություն մեր կազմակեպության կողմից ներկայացվող տեղին արված քննադատություններն ու համագործակցության առաջարկները կյանքի կոչելու համար, ինչը կնպաստի տրամադրվող ծառայությունների հասցեականության և որակի բարձրացմանը: