Միշտ պետք է նայել առաջ ու պայքարել…

Սերյոժա Օհանջանյանի հարցազրույցը «Հույսի կամուրջ» ՀԿ-ի «Արևածաղիկ» ամսաթերթին.

19-ամյա Սերյոժա Օհանջանյանը «ԷԽՈ» հասարակական կազմակերպության նախագահն է, որը զբաղվում է հաշմանդամության խնդիրներով: Սերյոժան ինքը հաշմանդամություն ունի, հենց այս պատճառով էլ նրա մայրը` Անժելա Օհանջանյանը, 2008թ. որոշեց հիմնել մի կազմակերպություն, որը շատ այլ կազմակերպությունների նման կպաշտպանի հաշմանդամություն ունեցող մարդու շահերը: Սերյոժան սովորել է Հայաստանի առաջին ներառական կրթօջախում` Դերենիկ Դեմիրճյանի անվան 27 դպրոցում, և այժմ արդեն մի ողջ կազմակերպության ղեկավար է:

 – Մեր կազմակերպությունն օգնում է հաշմանդամ և սոցիալապես անապահով երեխաներին և նրանց ընտանիքներին բազում հարցերում. բժշկական, կրթական, ֆինանսական: Նաև հոգևոր աջակցություն է տալիս. շատ երեխաների համար մկրտություններ ենք կազմակերպել, օգնել դառնալ քրիստոնյա: Հաշմանդամ երիտասարդների համար հոգեբանի հետ հանդիպումներ են անցկացվում, տարբեր սեմինարների են մասնակցում:

– Դուք երիտասարդ եք, և դժվար չէ՞ ՀԿ ղեկավարելը:
– Իհարկե դժվար է, բայց ունեմ վստահելի աշխատակիցներ, ինչը որոշ չափով թեթևացնում է իմ բեռը: Նրանք ամեն պահի կողքիս են և պատրաստ օգնելու ցանկացած հարցում:
– Ի՞նչ նախասիրություններ ունեք: Ազատ ժամանակ ինչո՞վ եք զբաղվում:
– Իմ հոբբին ընթերցանությունն է: Սիրում եմ հոգեբանական, փիլիսոփայական թեմաներով գրականություն կամ ուղղակի վեպեր ու պատմվածքներ: Որևէ կոնկրետ հեղինակի չեմ նախընտրում: Պարզապես, ինչ ստեղծագործություն ձեռքս է ընկնում, կարդում եմ:
– Ըստ Ձեզ, ո՞րն է հաջողության գրավականը:
– Ցանկացած նախաձեռնություն կձախողվի, եթե մի վայրկյան անգամ հուսահատվես: Միշտ պետք է նայել առաջ ու պայքարել: Միշտ էլ լինում են դժվարություններ ու խոչընդոտներ: Եթե կարողանաս ուժ գտնել և անցնել այդ ամենի միջով, ուրեմն կհասնես նպատակներիդ:
– Ունե՞ք կարգախոս: Առհասարակ, ճիշտ եք համարում դրանցով ապրելը:
– Ո՛չ: մարդ պիտի ազատ ապրի, ազատ մտածի, իսկ կարգախոսները կաղապարում են մեզ: Ոչ ամեն իրավիճակի են դրանք համապատասխանում: Այդ պահին նոր մոտեցում ցուցաբերելու կարիք է զգացվում:
– Պայմանները կամ մարդկանց վերաբերմունքը հաշմանդամ մարդկանց նկատմամբ փոխվե՞լ են:
– Որոշ չափով` այո: Համենայն դեպս ես կարծում եմ, որ վերաբերմունքի ձևավորման հարցում մարդու դերն առաջնային է: Եթե մեկն ունի հաշմանդամություն, ապա իր գործերով, վարվելակերպով պիտի կարծիք ստեղծի իր մասին, ապացուցի, որ ինքն էլ լիարժեք մարդ է: Ինքը պիտի փորձի շրջապատին ներգրավվել, ոչ թե սպասի, թե երբ իրեն կառաջարկեն ինտեգրվել: Հասարակական կարծիքի մի զգալի մասը հենց հաշմանդամներն են ձևավորում:
– Ի՞նչ կա, որ դեռ պիտի փոխվի:
– Անելիքները շատ են: Ամենահասարակ պայմաններ չկան հաշմանդամություն ունեցող մարդկանց համար: Ամեն շենքում չէ, որ նրանք կարող են ազատ տեղաշարժվել, ելումուտ անել, կամ այցելել ժամանցի վայրեր ու սրճարաններ: Կան տեղեր, ուր նրանք ձգտում են գնալ, բայց պարզապես ի վիճակի չեն: Պայմանների բացակայությունն էլ հենց առաջ է բերում հասարակության խտրական վերաբերմունքը:
– Ընդհանուր առմամբ, այսօր հայ երիտասարդին ի՞նչն է ամենից շատ պակասում:
– Աշխատանքը: Վերջերս ես շփում ունեցա աշխատանքի տեղավորման խնդրի հետ: Երբ երիտասարդը դիմում է որևէ կազմակերպություն, նրանից փորձ են պահանջում: Եվ հարց է առաջանում. ո՞րտեղից ձեռք բերել այդ փորձը: Երկու ամիս առաջ ինձ աշխատող էր պետք, և ես ընդունեցի մի ուսանողի: Բոլորը զարմանում էին, թերահավատորեն մոտենում նան, բայց ես ասացի, որ նա փորձը հենց ինձ մոտ պիտի ձեռք բերի:
– Ինչպե՞ս եք Ձեզ պատկերացնում տասը տարի հետո:
– Հուսով եմ` Երևանում կլինեմ: Չեմ ուզում այստեղից գնալ: Մեր քաղաքում դեռ շատ փոխելու բան կա: Եթե ինչ-որ բան էլ ես կարողանամ բարելավել, ուրեմն մի նպատակիս հասած կլինեմ:
Այս պահին ես հասարակական աշխատանք եմ կատարում: Սրանով, սակայն, ընտանիք չեմ կարողանա պահել: Գուցե հետագայում ունենամ նաև իմ բիզնեսը: Բայց հասարակությանը ծառայելը կարարևոր առաքելություն է, որին միշտ էլ կշարունակեմ հետևել:

«Արևածաղիկ» ամսաթերթի խմբագիր` Ագնես Գասպարբեկ