Ահա այս կարգախոսն ուներ Հունիսի 1-ին «ԷԽՈ» ՀԿ-ի կազմակերպած բարեգործական միջոցառումը, որը տեղի ունեցավ Մասիս քաղաքի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում: Բարեգործական ծրագիրն իր մեջ ներառում էր համերգ` երիտասարդ երգիչ-կատարողների մասնակցությամբ, տիկնիկային ներկայացում և նվերների բաժանում: Այս անգամ էլ, ինչպես միշտ, մեր երեխաներին սպասվում էր հաճելի անակնկալ, քանզի հունիսի 1 երեխաների տոնն է: «ԷԽՈ» ՀԿ 100 հաշմանդամ և անապահով ընտանիքի երեխաների և երիտասարդների համար պատրաստել էր նվերներ, որոնք մեզ էին տրամադրել տարբեր անհատներ և կազմակերպություններ: Միջոցառման ընթացքում մեր երեխաները կարողացան արտահայտել իրենց հույզերն ու ցանկությունները` արտասանություն, երգ, պար և ինչ հաճելի էր հաշմանդամ երեխայի համար, երբ նա երգում ու արտասանում էր բեմից` իր ծնողների և հանդիսատեսի համար: Շտապեմ ասել, որ վերջում էլ երեխաների համար կազմակերպված էր անուշ հյուրասիրություն և շփում երգիչների հետ: