Աշխարհի բնակչության մեկ քառորդն ուղղակիորեն առնչվում է հաշմանդամների հետ կամ որպես խնամող, կամ էլ որպես ընտանիքի անդամ: Հենց այսօր է, որ հաշմանդամներն առավել քան երբևէ հիշեցնում ու բարձրաձայնում են իրենց իրավունքների, դրանց ոտնահարմաև, իրենց նկատմամբ հոգածության պակասի մասին: Այս իմաստով մեր երկրում դեռևս բազմաթիվ խնդիրներ կան` սկսած գործատուների վերաբերմունքից մինչև իսկ զուտ մարդկային շփումներ: Որևէ երկիր չի կարող ժողովրդավարական համարվել, եթե նրա բոլոր քաղաքացիների համար չկան կրթություն ստանալու, աշխատելու, ընտանիք կազմելու, հասարակական կյանքին մասնակցելու հավասար հնարավորություններ: Հաշմանդամությունը ողբերգություն չէ, եթե մարդկանց համար ստեղծված լինեն բոլոր պայմանները` արժանապատիվ կյանքով ապրելու համար:
1992թ. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 3-ը հռչակել է Հաշմանդամների միջազգային օր` նպատակ ունենալով պաշտպանել նրանց արժանապատվությունը, ապահովել նրանց լիակատար ինտեգրումը հասարակության մեջ մասնավորապես ՄԱԿ-ի շենքի ճեմասրահում բացվում է հաշմանդամ երեխաների և երիտասարդների աշխատանքների ցուցահանդես: Եվ իզուր չէ, որ ամեն տարի այս օրը աշխարհի տարբեր երկրներում անցկացվում են միջոցառումներ` ուղղված հաշմանդամների` հասարակությանն ինտեգրվելուն և նրանց համար հավասար հնարավորություններ ստեղծելուն: Հայաստանը նույնպես միանում է այս միջոցառումներին` անցկացնելով մի շարք ակցիաներ:
Հաշվի առնելով, որ դեկտեմբերի 3-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Հաշմանդամների միջազգային օր և մենք նույպես մեծ սիրով ու պատրաստվածությամբ նշեցինք հաշմանդամների միջազգային օրը Մասիս քաղաքի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցի համերգասրահում, որտեղ տեղի ունեցավ համերգային հետաքրքիր միջոցառում, մեզ հյուր եկած ծաղրածուներն ու հեքիաթի հերոսները մի պահ բոլորին կտրեցին առօրյա ծանր հոգսերից: Ինչպես միշտ, այս անգամ էլ «ԷԽՈ» ՀԿ դատարկաձեռն չէր, նա իր 100 շահառուներին բաժանեց անակնկալ նվերներ:
Դե ինչ, ուրեմն ևս մեկ անգամ բոլորս միմյանց մաղթենք քաջ առողջություն և անսահման համբերություն: