Պատմության մեջ իրենց ուրույն տեղը գտած հաշմանդամ անձինք

Հաշմանդամներ, ովքեր սփռված են աշխարհի տարբեր ծայրերում: Նրանք ապրում են, սիրում, պայքարում, կյանքն ընկալում, ինչպես Աստծո պարգև` ավելի արժևորելով ու գնահատելով յուրաքանչյուր պահը: Նրանց աչքերի մեջ ծով թախիծից զատ կա նաև պայքարի հսկայական ուժ, որը ստիպում է ժպտալ կյանքին` հույսի փայլն աչքերի ծալքերում ծրարած: Նշենք աշխարհին հայտնի հաշմանդամների մի ցուցակ, որն ապացուցում է, որ հնարավոր է հաղթահարել այդ հիվանդությունը` սրտում ամփոփելով հույսի ու հավատի մասնիկներ:

Պյութագորաս — Հույն փիլիսոփա և մաթեմատիկոս Պյութագորասին վերագրում են բազմաթիվ հայտնագործություններ երկրաչափության, աստղագիտության և այլ բնագավառներում: Մենք մինչ օրս օգտագործում ենք նրա հայտնագործություններից շատերը: Պյութագորասը էպիլեպսիա ուներ, որի պատճառով հաճախ ուշաթափություններ էր ունենում:

Հուլիոս Կեսար — Ռազմական և քաղաքական գործչի փայլուն ունակություններով օժտված Կեսարը իրեն էր ենթարկում ներկայիս Ֆրանսիան, հաղթում էր բազմաթիվ քաղաքացիական պատերազմներում: Նա ահ ու սարսափ էր տարածում հեռու ու մոտ երկրներում: Եվ շատ քչերին է հայտնի, որ ինչպես Պյութագորասը, այնպես էլ Հուլիոս Կեսարը էպիլեպսիա ուներ:

Լյուդվիգ վան Բեթհովեն — Բեթհովենը`գերմանացի կոմպոզիտոր և բոլոր ժամանակների ամենատաղանդավոր մարդկանցից մեկը, փոքրուց լսողության հետ կապված խնդիրներ է ունենում: Բայց շարունակում է հրաշալի երաժշտություն հորինել` ուշադրություն չդարձնելով օրեցօր լրջացող հիվանդությանը:

Լուի Բրայլ — Ֆրանսիացի մանկավարժ Լուի Բրայլը 3 տարեկան հասակում կորցնում է տեսողությունը: 20 տարեկանում արդեն նա կատարում է իր նշանավոր հայտնագործությունը`հնարավորություն տալով կույր մարդկանց կարդալ:

Ալբերտ Էնշտեյն — Ներկայիս ֆիզիկայի հիմնադիր Ալբերտ Էնշտեյնը առաջին հերթին հայտնի է որպես հարաբերականության տեսության հիմնադիր: Էնշտեյնը մեծ ավանդ ունի նաև քվանտային մեխանիկայի զարգացման մեջ: Նա դիսլեքսիա ուներ, որի ժամանակ մարդիկ դժվարանում են սովորել`ունենալով կարդալու և գրելու հետ կապված որոշակի խանգարումներ:

Ֆրանկլին Ռուզվելտ — ԱՄՆ նախագահը իր պաշտոնում վերընտրվում է 4 անգամ: 38 տարեկան հասակում նա պոլիոմելիտ է տանում, որի հետևանքով ոտքերը թուլանում են` ստիպելով սայլակ օգտագործել: Սակայն Ռուզվելտը մերժում է սայլակը և ամեն կերպով փորձում է թաքցնել իր հաշմանդամությունը, քանի որ վստահ էր, որ ամերիկացիները հաշմանդամ մարդուն նախագահ չեն ընտրի:

Ռեյ Չարլզ — Նա դաշնամուր սկսում է նվագել դեռ մանկուց: 6 տարեկան հասակում կորցնում է տեսողությունը, բայց դա նրան չի խանգարում համաչափ քայլերով առաջ ընթանալ: Նրա ավանդը ժամանակակից երաժշտության մեջ հսկայական է:

Սթիվի Ուանդեր — Բժիշկների սխալ միջամտության պատճառով երաժիշտը մանուկ հասակում կորցնում է տեսողությունը: Բայց 7 տարեկանում սկսում է դաշնամուր նվագել` հասնելով մեծ հաջողությունների: Խոսելով իր կուրության մասին` Սթիվին ասում է, որ այն օրհնություն է, որը օգնում է իրեն կենտրոնանալ իր զգացմունքների վրա և զգալ ավելին:

Այսպիսով կարող ենք գալ այն եզրակացության, որ լիարժեք կյանքի համար միայն մարմինը չէ, որ կարևոր է: Շատ ավելին է հարկավոր, ինչն ավելի խորն է պարփակված և ոչ բոլորին է տեսանելի: Հոգևորը միշտ էլ ավելի հարուստ ու խորն է մարմնականից`ամենագլխավորը աչքով չես տեսնի: Հետևաբար կյանքում ինչ էլ, որ լինի պետք է շարունակ պայքարել` չկորցնելով բարոյական վարքագիծն ու վսեմ արժանապատվությունը: Մարդը կարող է իջնել կենդանու մակարդակին և կարող է հասնել հրեշտակային կատարելության: Կարևոր չէ դու հաշմանդամ ես, թե ոչ: Կարևորը հոգու էությունն է, խորության աստիճանը, ամենավեհն ու գեղեցիկը ճանաչելու և դրան միաձուլվելու կարողությունը: Իսկ դա ոչ բոլորին է հասու, քանզի սխալ է այն ենթադրությունը, թե մարդիկ զգալու հավասար ունակություններ ունեն: Ամեն դեպքում պետք է շարունակել ապրել` աչքերում ծրարելով հույսի, հավատի և սիրո նշույլներ: «ԷԽՈ» հասարակական կազմակերպությունը կարևորում է յուրաքանչյուրի մեկնաբանությունն ու առաջարկը ուշադրությանը արժանի հարցերի շուրջ:

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s