Հաշմանդամներ…

Նրանք մարդիկ են, ովքեր դիմադրելով կյանքի բոլոր ապտակներին` տեսել են ավելին, շատ ավելին: Նրանք ապրում են, ծիծաղում ու արտասվում, սիրում ու տառապում` կյանքն ընկալելով իբրև ամենօրյա պայքար: Ունենալով ապրումներով, հույզերով ու մտածմունքներով լի ներաշխարհ` նրանց աչքերը շարունակ խոնավ են ու խոսուն, նուրբ հոգու հնչեղ արտահայտությունն են, ըմբոստ ճառը, հզոր ճիչը: Բայց նրանց աչքերում ավելի է գնահատվում և արժևորվում կյանքը` արևի ջերմ համբույրը, անձրևի մեղմ հպումը, քամու չարաճճի պարը: Իրերն ու երևույթներն ավելի խորությամբ են ընկալվում` հավերժ ունենալու ու չկորցնելու ձգտում արթնացնելով հոգում: Կյանքը պատկերվում է սրտի աչքերով, քանզի սիրտն ավելի լավ է տեսնում, և միայն սրտի աչքն է սրատես: Տառապանք չտեսած հոգին երջանկությունից ոչինչ չի հասկանում: Երջանկությունը միայն այնտեղ է, որտեղ սիրում և հավատում են մեզ, իսկ կյանքը չափվում է այն ջանքերի գնով, որ մենք գործադրում ենք: Հետևաբար պետք է սիրել կյանքը, դիմադրել նրա հարվածներին` չկորցնելով հույսն ու հավատը: Քանզի խավար գիշերին միշտ էլ հաջորդում է պայծառ ցերեկը, և հորդառատ անձրևից հետո շողում է արևը: Պետք է սիրել լույսը, որը սահմանն է մթի գծում դեպի բարին: Այն անստվեր է, բարի ու ազատ: Լույսը բացվում է, և պետք է ժպտալ նրան, որովհետև ժպիտը միակ բանն է, որը ոչ ոք չի կարող խլել մեզանից…
Ցավոք, մեր օրերում շատ են հաշմանդամները: Նրանց ծով սրտի մեջ հոսում են ցավի արցունքախառը կաթիլները, իսկ խորաթափանց հոգին հավատում է լուսավոր ապաքինմանը: «ԷԽՈ» ՀԿ թիմը ևս հավատում է լուսավոր ապագային, որի կերտման գործում մեծ է մեզանից յուրաքանչյուրի դերը: