Վեց տարի անընդմեջ…

GE DIGITAL CAMERAՀունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է, որը սահմանվել է 1925թ.-ին` Ժնևում երեխաների պաշտպանությանը նվիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում: Երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում է ընդունել Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը 1949թ., ինչին ՄԱԿ-ը հավանություն տալով՝ հայտարարել է, որ երեխաների կյանքի և առողջության պաշտպանության հարցն իր գործունեության գերակա ուղղություններից մեկն է: Առաջին անգամ հունիսի 1-ը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր 1950թ.-ին։ «ԷԽՈ» ՀԿ թիմը 6 տարի անընդմեջ մեծ շուքով և պատրաստակամությամբ է նշում հունիսի 1-ը՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը: Այս տարի ևս կայացավ բարեգործական համերգային շոու-ծրագիր, որը տեղի ունեցավ Մասիս քաղաքի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական համերգասրահում: Մեր համերգային ծրագրերի նպատակն է երջանիկ պահեր ու գեղեցիկ ժպիտներ պարգևել երեխաներին`նրանցից յուրաքանչյուրի օրը դարձնելով պայծառ ու գույնզգույն: Համերգին ներկա էին մեր հովանավորներն ու անհատ բարերարները, հյուրեր Արարատի մարզպետարանից, Մասիսի քաղաքապետարանից, որոնց կողմից շնորհակալական խոսքեր հնչեցին: Երգիչ-երգչուհիները հաճելի ներկան համեմեցին իրենց ուրախ ու գեղեցիկ կատարումներով`փորձելով մանուկների օրը տոն դարձնել: Համերգային ծրագրի վերջում մեր օժանդակության տակ գտնվող 100 հաշմանդամ և սոցիալապես անապահով երեխաներին բաժանվեցին նվերներ, ինչն ավելի հիշարժան ու անմոռանալի դարձրեց օրը: Թող աշխարհի բոլոր մանուկները մեծանան անհոգ ու երջանիկ, ստանան ծնողների ջերմությունն ու սերը` լուսավորելով աշխարհն իրենց անմեղ ու պայծառ աչուկներով: