Նյարդային հիվանդությունների տեսակները

Նյարդային հիվանդությունները բաժանվում են երկու խմբի՝ փսիխոզներ և նևրոզներ։
Փսիխոզները ժառանգաբար են փոխանցվում, իսկ նևրոզները ձեռքբերովի են։
Նյարդային հիվանդությունների աճը հետևանք է հասարակական կյանքում առկա խոչընդոտների:
Մարդու նյարդային հիվանդություններով զբաղվում է նևրոպաթոլոգիան, իսկ հոգեկան հիվանդություններով՝ հոգեբուժությունը։

Նևրոպաթոլոգիան ուսումնասիրում է նյարդային համակարգի այն վնասվածքները, որոնք արտահայտվում են շարժումների, զգայունության, զգայարանների ֆունկցիաների խաթարումներում։

Հոգեբուժությունը ուսումնասիրում է մարդու իմացական, ճանաչողական գործունեությունը՝ նրա զգացմունքների ու վարքի խաթարումներով։
Երբ մարդը պատկերացում ունի հոգենյարդային խաթարումների, հիվանդությունների մասին, ապա նրա ռեակցիան հանգիստ ու համարժեք է լինում, նա էլ ավելի հոգատար, համբերատար ու հանդուրժողական է լինում հիվանդի նկատմամբ՝ հասկանալով նրա հոգեվիճակը։ Իսկ երբ մարդը ոչինչ չի իմանում դրանց մասին, արագ տագնապի մեջ է ընկնում, շուտափույթ, չմտածված եզրակացություններ անում այն մասին, որ “խանգարվել , խենթացել է” հիվանդը, երբեմն էլ իրեն թույլ տալիս գռեհիկ արտահայտություններ  և ցուցաբերում դրան համարժեք վերաբերմունք։

Զառանցանք -սա հիվանդության հիմքի վրաառաջացած մտահանգում է, որը չի համապատասխանում իրականությանը և քննադատման, փոփոխման չի ենթարկվում։
Առանձնացվում են զառանցանքի մի քանի ձևեր։

Վերաբերմունքի, հարաբերությունների զառանցանք (եթե կողքի մարդիկ զրուցում են և ծիծաղում, նրան թվում է, թե իր վրա են ծիծաղում)։

Հետապնդման զառանցանք (որ բոլորը իրեն հետապնդում են, “լրտեսում”, հետևում են իրեն)։

Թունավորման զառանցանք (ուզում են սպանել, թունավորել սնունդը)։

Ֆիզիկական ազդեցության զառանցանք (որ ինչ-որ մեքենաների, ռադիոընդունիչների ալիքների միջոցով ազդում են իր վրա )։

Իպոխոնդրիկական (մելամաղձային) զառանցանք (հիվանդին թվում է, փտում է իր ստամոքսը կամ աղիքներում ինչ-որ ոսկոր կա և այլն, այսինքն՝ մտացածին հիվանդություն է իրեն վերագրում)։

Մեծարման և հարստության զառանցանք (հիվանդն իրեն հայտնի զորավար է համարում, կամ հարուստ, որը վագոնով ոսկի ունի )։

Վնասի, կորուստի զառանցանք (հիվանդին թվում է, թե բոլորը ուզում են իրեն թալանել և թաքցնում է իր ունեցվածքը )։

Ինքնամեղադրման զառանցանք (հիվանդին թվում է, որ իր գոյությամբ և գործունեությամբ մեծ վնաս է հասնում ընտանիքին, պետությանը )։

Սակավամտությունը մտածողության խանգարում է, որի արդյունքում թուլանում է շրջապատող աշխարհի երևույթների միջև կապեր ստեղծելու, գլխավորը երկրորդականից զանազանելու ընդունակությունը։ Թուլանում է հիշողությունը, գիտելիքները սակավանում են, չի կարողանում ընդհանրացումներ կատարել։ Դրա վառ արտահայտված ձևը օլիգոֆրենիան է, որը նկատվում է այն անձանց մոտ, որոնց ուղեղը թերզարգացած է ներարգանդային կամ վաղ տարիքում տարած հիվանդությունների պատճառով։

Ձեռքբերովի սակավամտությունը` (դեմենցիան) հաճախ հետևանք է գլխուղեղի օրգանական վնասվածքների ավելի ուշ տարիքում։ Այդ հիվանդները կորցնում են տրամաբանական մտածողությունը ու վերլուծելու ընդունակությունը։
Առանձին դեպքերում նրանցից ոմանք կարող են լուծել բարդ խնդիրներ, բայց միևնույն ժամանակ մնալ բացարձակ ոչ պիտանի՝ կյանքին հարմարվելու համար։

էյֆորիան`  հույզերի զգացմունքների խաթարում է, բարձր զվարճանալի տրամադրությունն է, երբ ամբողջ աշխարհը մարդը ընկալում է վարդագույն ակնոցներով։ Դա ուղեղի օրգանական վնասվածքների արդյունք Է։

Շիզոֆրենիան`  ամենատարածված հիվանդություններից մեկն է և  հաճախ հանդիպում Է 18-ից 30 տարեկան հասակում։ Սկզբնական դրսևորումներից են գլխացավը, որը հիվանդը ներկայացնում է որպես ուղեղի ներսում ճնշման զգացողություն։  Շիզոֆրենիայի ժամանակ հաճախ զարգանում են զառանցանքների վերը նշված ձևերը։

Նևրաստենիան (նյարդաթուլագարություն) մարդու նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարում է, որն առաջանում է հյուծման և գերլարվածության հողի վրա։ Մարդը ձեռք է բերում բարձր գրգռվածություն, արագ հոգնում է ֆիզիկապես և հոգեպես, ուշադրությունը դառնում է անկայուն, սակայն չի կարողանում զսպել իր հույզերն ու զգացմունքները, բուռն է արձագանքում աննշան դիտողությանը, խանգարվում է քունը, վատանում է ինքնազգացողությունը, հիշողությունը և այլն։

Հիսթերիան   արտահայտվում է մի քանի ձևով. նոպաների (իրար են խառնվում հիվանդի շարժումները, որոնք հաճախ արտահայտում են նրա զգացմունքները), գիտակցության խաթարման ձևով (գիտակցությունը կիսախավար, աղջամղջային վիճակում է, շրջապատում կատարվող իրադարձությունները ընկալվում, գնահատվում են ոչ թե որպես իրական, այլ դրանք հիվանդը կապում է իր նախկին ապրումների մասին պատկերացումների հետ)։

Փսիխաաստենիան (հոգեկան անկարողություն) արտահայտվում է բնավորության տագնապալիության, կասկածամտության, սեփական անձի սակավարժողության, ցածր ինքնագնահատականի, սևեռուն գաղափարի դրսևորումներում։ Այդպիսի մարդը ապրում է մշտական կասկածների աշխարհում։

Սևեռուն, կպչուն վիճակների նևրոզը հատուկ է այն մարդկանց, որոնք ունեն փսիխաաստենիկ բնավորություն։ Դրանք առաջանում են նյարդային գործընթացների գերլարվածության հետևանքով, ծանր կենսական իրադրության մեջ տեղ գտած խաթարումներով:
Ըստ Համաշխարհային առողջապահության կազմակերպության տվյալների` հիվանդությունների մոտ 90%-ը նյարդային հիմք ունի: Այս “հիմքը” նախ արտահայտվում է հարատևող անբացատրելի հոգնածությամբ, գլխացավերով, մարսողական խանգարումներով, անքնությամբ  իսկ արդյունքում վերածվում է որևէ “մարմնական հիվանդության”:
Սկսում են ի հայտ գալ նոր ախտանշաններ` սևեռունություն, բռնության դրսևորման փորձեր, չարություն: Այս ամենն ուղեկցվում է ընդհանուր թուլությամբ, ֆունկցիոնալ խանգարումներով, ընդհանուր տհաճ ինքնազգացողությամբ:
Ահա մի վիճակ, որին հատուկ է հոգևոր հանգստի կորուստը: Մարդը պահում է հստակ քննադատական վերաբերմունք, գրեթե պարծենում է իր վիճակով, սակայն ոչինչ իր հետ անել չի կարողանում: