Հայաստանը հարմարեցված չէ հաշմանդամի համար

Տեսողական խնդիրներ ունեցող Նաիրան, թեեւ մեծ դժվարությամբ, բայց աշխատում է, երեխային խնամում եւ սեմինարների մասնակցում: Հաշմանդամ մարդիկ Հայաստանում չեն կարողանում իրենց համար հարմար աշխատանք գտնել, հաճախ ոչ այն պատճառով, որ նման աշխատանք չկա, այլ նրա համար, որ գործատուները չեն ցանկանում մի երկու կոպեկ ավելի ծախսել եւ այդ մարդկանց համար հարմարեցված միջավայր ստեղծել։ Կան բացառություններ, երբ հաշմանդամ անձն ինքն է հարմարվել եղած միջավայրին եւ գտել իր համար աշխատանք։ Մնացած դեպքերում նրանք ստիպված են պարզապես նստել իրենց տանը եւ բավարարվել պետության տված կենսաթոշակով։ Գոյություն ունեցող կարծրատիպերին դեմ է գնացել տեսողության խնդիր ունեցող Նաիրա Կարապետյանը։ Նա մասնագիտությամբ մերսող է։ Հաճախորդներին սպասարկում է նրանց բնակարաններում, որոնք հիմնականում ծանոթ ու բարեկամ են: Շատ հաճախ էլ Նաիրան հաճախորդների համար անվարձահատույց է աշխատում: Նաիրան 1 տարեկան աղջիկ ունի՝ Նատալին, նրան խնամում է ինքնուրույն։ «Դժվարություններ ունեինք, ամուսինս գնացել է արտերկիր՝ գումար աշխատելու, ես երեխայիս հետ այստեղ եմ։ Ինքնուրույն մարդ եմ, տեղաշարժվում եմ ինքնուրույն, տրանսպորտից եմ օգտվում, ամեն տեղ գնում եմ, սակայն դա ունի իր դժվարությունները, քանի որ Հայաստանում չկա համապատասխան միջավայր ու հաշմանդամների համար վերականգնողական կենտրոն։ Հայաստանը հարմարեցված չէ հաշմանդամի համար»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց Նաիրան։ Նաիրային մինչեւ 7 տարեկան դառնալը մեծացրել է տատիկը, դրանից հետո կույրերի համար նախատեսված գիշերօթիկում է ապրել: Ասում է, որ երբ դպրոցն ավարտելիս է եղել, հայրն իր անունով բնակարան է ստացել եւ այն վաճառել, իբրեւ թե 2 տուն գնելու պատճառաբանությամբ, սակայն. «Վաճառեց, խաբեց ինձ, թողեց փողոցում։ Երբ դպրոցից դուրս եկա, որտեղ ասես ապրեցի՝ ծերանոցում էի մնում, առանց աշխատավարձի աշխատում եւ այլն, մինչեւ որ դիմեցի դատարան եւ իրավունքներս վերականգնեցի։ Այդ փորձություններն ինձ ահագին բան տվեցին, քանի որ, եթե դրանց միջով չանցնեի, ես էլ հիմա տանը բազմոցին նստած կլինեի։ Դժվարությունները մեզ համար են, եթե փախչենք, ո՞վ է մեր փոխարեն հաղթահարելու»։ Նաիրան մասնակցել է Լեհաստանի կույրերի միավորման եւ «Հանգրվան» բարեգործական հ/կ-ի կազմակերպած սեմինարներին եւ եկել այն եզրակացության, որ այն դժվարությունները, որ մենք ունենք այսօր, Լեհաստանում արդեն վաղուց հաղթահարել են. «Այնտեղ չտեսնող մարդը բացարձակ ինքնուրույն է բոլոր հարցերում: Լեհերը պատրաստ են իրենց փորձով կիսվել մեզ հետ, նույնիսկ տիֆլո (հատուկ) մանկավարժներ են պատրաստել, նրանց համար սեմինարներ են անցկացրել, որոնցից հետո նրանք արդեն կարող են օգնել չտեսնողին, ինքնուրույն տեղաշարժվելուց մինչեւ կարտոֆիլ մաքրելն ու կոսմետիկա օգտագործելը։ Սեմինարների ժամանակ մեզ սպիտակ ձեռնափայտ են նվիրել, որի միջոցով կարող են կույր մարդիկ տեղեկանալ, թե իրենց շրջապատում ինչ կա՝ աստիճան է, անկյուն է, մուտք է եւ այլն։ Ես սովորել եմ ավելի շատ տեսական գիտելիքներ, քանի որ մեր երկրում պայմաններ չկան հարմարեցված։ Երեխայի խնամքի հետ կապված գիտելիքներ եմ ստացել, բավականին բան եմ վերցրել։ Խորհուրդներ են տվել, թե ինչպես անել, որ չոչ անող երեխայի տեղն իմանաս, եղունգներն ինչպես մշակես եւ այլն: Նրանք այստեղ նախատեսում են վերականգնողական կենտրոն բացել, սակայն պետական ոչ մի աջակցություն չկա այս առումով»։ Նաիրան դժգոհ է, որ պետությունը կույրերի բազմաթիվ կազմակերպություններին տվել է տարածք, իսկ «Հանգրվան» ընկերությանը չի տալիս. «Կույրերի միավորումը, օրինակ, իր տարածքները տալիս է աղանդավորներին՝ վարձով, իսկ կույրերը մեկ սենյակում դոմինո են նստում խաղում: Իսկ կյանքն այնքան կարճ է եւ ժամանակն այնքան թանկ, որ չարժե դոմինո խաղալու վրա վատնել այն»։ Լեհաստանի կույրերի միավորման հետ հայկական «Հանգրվան» բարեգործական հ/կ-ն է համագործակցում։ Եվ տարածք ձեռք բերելու խնդիրը հենց իրենցն է։ Հ/կ-ի ծրագրերի կոորդինատոր Տիգրան Վարդանյանի ներկայացմամբ, ցանկացած հիմնադրամ, որ ցանկանում է օգնել իրենց, ասում է, որ պետք է տարածք ունենան. «Դեռեւս չունենք այդ հարցում նվաճումներ, քաղաքապետերին ենք դիմել, կուսակցություններին, ոչ մի պատասխան դեռ չենք ստացել։ Եթե ունենայինք կենտրոն, մենք ավելի շատ բան կկարողանայինք սովորեցնել կույրերին։ Հիմա մենք ավելի շատ սովորեցնում ենք ինքնուրույն տեղաշարժվել, հիգիենային հետեւել, իսկ եթե տարածք ունենայինք, կկարողանայինք նրանց վերապատրաստել եւ անգամ հնարավոր է՝ աշխատանքի տեղավորեինք»։ Նա շեշտեց, որ հարեւան Վրաստանում պետության կողմից անվարձահատույց տրված նման կենտրոն արդեն կա։ Տիգրան Վարդանյանի խոսքերով, իրենք չեն հաշվում, թե քանի շահառու ունեն, քանի որ չունեն չափորոշիչներ, ըստ որոնց են որոշում՝ ընդունում են կամ մերժում. «Մեր շահառուների մեծ մասը 18-45 տարեկան են, բայց եթե փոքր են կամ մեծ եւ դիմում են մեզ, մենք չենք մերժում»։ Մեր այն հարցին, թե ինչո՞ւ է հատկապես Լեհաստանի փորձը վերցվել, նա պատասխանեց. «Նրանք մեր երկրի նման դժվարություններ են ունեցել այս հարցում։ Իսկ հիմա Վարշավայում կույրերը կարողանում են հանգիստ տրանսպորտից օգտվել»։
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ