Հոգեբանության և մարդու կյանքի կապը

Ի՞նչ կապ կա հոգեբանության և մարդու կյանքի միջև, սոցիալական, տնտեսական, քաղաքական պայմանները ինչ դեր են խաղում մարդու հոգեբանության, նրա վարքի, աշխարհայացքի, արժեքային կողմնորոշումների ձևավորման գործում։ Ինչ դեր է, խաղում հոգեբանությունը մեր կյանքում, և ինչ պայմաններ են նպաստում այն բանին, որ մենք հասկանաք և ընդունեք հոգեբանության իմացության անհրաժեշտությունը։

Հոգեբանությունը գիտություն է մարդու մասին, ուրեմն հոգեբանության առաջին և ամենալավ ուսուցիչը կյանքն է, որով մենք ապրում ենք և որի միջոցով ճանաչում շրջապատող աշխարհը, մեր հարազատներին, ընկերներին, ինքներս մեզ, մտնում տարաբնույթ ընկերական, մտերմական, ուսումնական, աշխատանքային հարաբերությունների մեջ։ Մենք արդեն որոշակի պատկերացումներ ունենք մարդու ճանաչողական, իմացական պրոցեսների մասին, անգամ կարող ենք դրանց որոշակի որակավորումներ տալ։ Մեկի մասին ասում ենք, որ ուժեղ կամք ունի, մյուսին ասում ենք՝ քաջ է, անվախ, համարձակ, իսկ մյուսը վախկոտ “կատու” է, “մայրիկի բալիկ է”։ Կամ բարդ հարց լուծելու առիթով մենք անպայման դիմում ենք այն մարդուն, որը սուր միտք ունի, տրամաբանող է, ունի կազմակերպական ընդունակություններ և այլն։

Իսկ ինչպե՞ս ենք ընկեր ընտրում։ Ընտրում ենք նրան, ով մեզ հասկանում է, կիսում մեր հոգսերը, ուրախանում մեր հաջողություններով, ով հաշվի է նստում մեր տրամադրության, հոգեվիճակի հետ, մեզ ոգևորում ու քաջալերում է։ Մենք հիանալի գիտակցում ենք, որ մեր հասակակցի ամբարտավան, լկտի վարքագիծը, մեծամտությունը պայմանավորված է նրանով, որ նրա ծնողները հեղինակություն են կրիմինալ աշխարհում։ Կամ հասկանում ենք, որ ծնողից որևէ արժեքավոր բան խնդրելու դեպքում ամենաանհարմար պահն այն է, երբ նա ջղայնացած է մեզ վրա։

Այսինքն՝ հասկանում ենք ուրիշի տրամադրությունը, հոգեվիճակը, բնավորության առանձնահատկությունները։

Մարդու հոգեբանությունը, նրա մտածելակերպը, հայացքներր, համոզմունքները, դիրքորոշումներն ու վարքի դրղապատճառները, ուրիշների, ուսման, աշխատանքի, բուսական և կենդանական աշխարհի նկատմամբ նրա վերաբերմունքը ձևավորում են կյանքը, ընտանիքը, հասարակությունը։
Մարդը տվյալ սոցիալական միջավայրի, տվյալ էթնոսի արդյունքն է, նրա ձևավորման գործում մեծ է ազգային ավանդույթների, սովորույթների, ազգային ծեսերի և բանահյուսության դերը։ Մարդն իր հոգեբանությամբ արտացոլում է հասարակական պատմական փորձը և տվյալ ժամանակաշրջանը։ Փոփոխվում են տվյալ էթնոսի պետական և քաղաքական կառուցվածքը, տնտեսական և կրթական համակարգը, հասարակական հարաբերությունները, ընդհանրապես մարդու կենսակերպն ու կենսաձևը, համապատասխանաբար փոխվում է նաև նրա հոգեբանությունը։ Այդ բոլոր փոփոխությունների ականատեսն ենք մենք։

Մարդկանցից շատերը, նեղ սոցիալական վիճակից ելնելով, դառնում են չար, դաժան, մանրախնդիր, կորցնում արժանապատվությունը, ազգային մտածողությունը։ Այսինքն՝ հոգեբանությունն ու կյանքը կազմում են մեկ ամբողջություն, փոխադարձ կապված են միմյանց հետ, և մեկի հետ կատարվող դրական և բացասական փոփոխությունը անմիջապես անդրադառնում է մյուսի վրա, պատճառ դառնում նրա համարժեք փոփոխության համար։