Հայաստան տարեկան ներկրվում է 400-500 սայլակ, որոնք անվճար 3 տարի ժամկետով տրամադրվում են 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող մարդկանց և մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող երեխայի կարգավիճակ ունեցողներին:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից հայտարարվող ամենամյա մրցույթում հաղթող կազմակերպությունները ներկրում են հիմնականում չինական և թաիլանդական արտադրության սայլակներ:
Սայլակի առավելագույն արժեքը կազմում է 140 հազար դրամ, որը տրամադրվում է անվճար:
«Սայլակներ կան բարձր, ցածր արմնկակալներով, թիկնակով, գիշերանոթով, անվադողերով, ձեռքի կառավարմամբ և այլն: Շատ տարբեր են: Պարզապես մեզ մոտ դուրսը հարմարեցված չէ, որպեսզի այդ սայլակներով մարդիկ հանգիստ կարողանան դրսում քշել»,- ասում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների հիմնահարցերի և հավասար հնարավորությունների ապահովման բաժնի պետ Կարմեն Պետրոսյանը:
Այս տարի հայտարարվող մրցույթին նախարարությունը ներառելու է նաև «Սկարպ» ՀԿ առաջարկած ակտիվ սայլակներից մեկը, որը դրսում օգտագործելու համար, ըստ ոլորտի մասնագետների, ավելի հարմարավետ է:
«Սկարպ» ՀԿ նախագահ Աշոտ Մկրտչյանը նշում է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հատկացրած սայլակներն ի սկզբանե նախատեսված են սենյակային օգտագործման համար, ինչը չի նպաստում հասարակությանը մարդկանց ինտեգրմանը»:
«Դրանք այնպիսի սայլակներ են, որոնցով չես կարող դուրս գալ, փողոցում քշել կամ եթե քշես, շատ շուտ կկոտրվեն, կփչանան, որովհետև շատ նուրբ են պատրաստված: Այդ իսկ պատճառով մենք առաջարկել ենք նախարարությանը մի քանի տեսակ նոր, ակտիվ սայլակներ, որոնք շատ կոմպակտ են, փոքր են, թեթև, մեքենայի մեջ էլ հեշտ ծալվում են, դրվում: Դրանք կարելի է օգտագործել ինչպես դրսում, այնպես էլ սենյակային պայմաններում»,— ասում է Մկրտչյանը:
Դրսում օգտագործվող ակտիվ սայլակների արժեքը, որոնք առաջարկում է «Սկարպ» ՀԿ-ն, տատանվում է 250-400 դոլարի սահմաններում, ինչը մատչելի է նախարարությանը՝ մինչ այժմ պետբյուջեից հատկացվող ֆինանսական միջոցների տեսանկյունից:
«Կարևորը առաջինը քայլը լինի, ակտիվ սայլակներ բերեն, հետո նոր երկրորդ քայլը կլինի՝ հարմարություններ կստեղծվեն դրսում»,— ասում է Մկրտչյանը և հավելում, որ հետագայում իրենք ցանկանում են առաջարկել վաուչերային համակարգի անցնել, որը հնարավորություն կտա ցանկացած անձի որոշակի գումարի հավաստագրով ընտրել իր անհատական կարիքներին համապատասխանող սայլակ:
«Սկարպ» ՀԿ-ն, որն ունի շուրջ 150 անդամ, երբեմն անցկացնում է ակցիաներ, որի շրջանակներում մի քանի տասնյակ սայլակ է բերում և անվճար տրամադրում խիստ կարիք ունեցող մարդկանց:
«Մարզերում էլ խնդիր ունենք, որովհետև մարդիկ գալիս-հասնում են այստեղ, ստանում են այդ սայլակները ու բավական գումար են ծախսում: Հիմա այդ հարցերով էլ ենք զբաղվում, որ մարզերին հասանելիք սայլակները տանեն-հասցնեն տեղեր»,- ասում է Մկրտչյանը:
Կատարվող աշխատանքներին զուգահեռ, այնուամենայնիվ «Սկարպ» ՀԿ-ն ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը չեն տրամադրում հաշմանդամության ունեցող մարդկանց մոտորասայլակներ, ովքեր դրա կարիքն ունեն:
Մասնագետները նշում են, որ դրանք թանկ են (3000-4000 դոլար), և ներկայումս կառավարությունը պետբյուջեից չի կարող այդքան գումար հատկացնել` մոտորասայլակներ ձեռք բերելու համար:
Իսկ խիստ անհրաժեշտության դեպքում երբեմն տարբեր բարեգործական հիմնադրամներ գնում են մոտորասայլակներ ու տրամադրում հաշմանդամություն ունեցող այն անձանց, ովքեր հենց այդ սայլակների կարիքն ունեն:
Ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել սայլակ ստանալու համար:
Մինչև 18 տարեկան անձը պետք է ունենա հաշմանդամություն ունեցող երեխայի կարգավիճակ, ներկայացնի վերականգնողական անհատական ծրագիր և ծննդյան վկայական (կամ անձնագիր):
18-ից բարձր անձը պետք է ներկայացնի իր հաշմանդամության խումբը հաստատող փաստաթուղթ (առաջին խումբ)՝ տրված բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի կողմից, վերականգնողական անհատական ծրագիրը և անձնագիրը:
Վերոնշյալ փաստաթղթերը անձը պետք է ներկայացնի «Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ, որպեսզի սայլակ ստանա: Իսկ եթե հաշմանդամություն ունեցող անձի փոխարեն փաստաթղթերը ներկայացնում է մեկ այլ անձ (ընտանիքի անդամը, հարազատը), ապա նա նույնպես պետք է ներկայացնի իր անձնագիրը սայլակը ստանալու համար:
Լիլիթ Առաքելյան