Հարմարեցված մեքենան ձեզնից, վարորդական իրավունքը` մեզնից

 Վարորդական իրավունք ստանալու համար պետք է հանձնել որակավորման 2 քննություն՝ տեսական և գործնական: Քննությունները բարեհաջող հանձնելու դեպքում անձը ստանում է վարորդական իրավունք: Այս ընթացակարգը փոքր-ինչ այլ է հաշմանդամություն ունեցող անձանց դեպքում: Ինչպես disabilityinfօ.am-ի հետ զրույցում պարզաբանում է Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Տոնոյանը, ֆիզիկական խնդիրներ ունեցող անձանց՝ վարորդական իրավունք ստանալու կարգը միայն մեկ տարբերություն ունի սովորական ընթացակարգից՝ Ճանապարհային ոստիկանությունը պարտադիր տվյալ անձին ուղեգրով ուղարկում է բժշկական հավատարմագրման: Կառավարության որոշմամբ սահմանված է այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում արգելված է տրանսպորտային միջոց վարել: Դրանք են.

Աչքի բացակայություն, վերին կամ ստորին վերջույթի, դաստակի կամ ոտնաթաթի բացակայություն, շարժումները սահմանափակող` դաստակի կամ ոտնաթաթի ձևախախտում, ինչպես նաև ձեռքերի մատների կամ ֆալանգների ձևախախտումներ և արատներ, որոնք հանգեցնում են վերջույթի ֆունկցիաների խիստ խանգարման՝ բացառությամբ անձի հնարավորություններին հարմարեցված տրանսպորտային միջոցներ վարելու դեպքերի:

Կառավարությունը սահմանել է նաև վարորդական վկայական ունեցող և վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրման կարգը: Ըստ այդմ, վարորդական վկայական ունեցող և վարորդի թեկնածու համարվող անձինք բժշկական հավատարմագրում անցնելիս պետք է ներկայացնեն Ճանապարհային ոստիկանության կողմից տրված գրավոր պահանջագիր և անձը հաստատող փաստաթուղթ: Տրանսպորտային միջոց վարելու պիտանիության հարցը որոշվում է պետական պատվերի շրջանակներում, ցանկացած պոլիկլինիկական բժշկական հաստատությունում: Պոլիկլինիկայի տնօրենի հրամանով ստեղծվում է մշտապես գործող բժշկական հանձնաժողով, որի աշխատակարգը սահմանում է առողջապահության նախարարը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են թերապևտը կամ ընտանեկան բժիշկը, ակնաբույժը, վիրաբույժը: Առանձին դեպքերում, ելնելով կոնկրետ հիվանդությունից կամ վիճակից, բժշկական հանձնաժողովը, պոլիկլինիկական բժշկական հաստատության տնօրենի հրամանով, կարող է համալրվել նաև տվյալ բժշկական հաստատության այլ բժիշկ-մասնագետներով: Այնուհետև տրվում է բժշկական հավատարմագրման մասին տեղեկանք, այն վավերացնում է պոլիկլինիկական բժշկական հաստատության տնօրենի, բժիշկ-թերապևտի կամ ընտանեկան բժշկի ստորագրություններով: Այդ տեղեկանքի «Եզրակացություն» բաժնում կատարվում են հետևյալ գրառումները պիտանիության մասին՝

1. «Պիտանի է իր հնարավորություններին հարմարեցված տրանսպորտային միջոց վարելու»
2. «Պիտանի չէ»

Ըստ բժշկական հաստատության տված տեղեկանքի՝ Ճանապարհային ոստիկանությունն ընդունում է որակավորման համապատասխան քննությունները, և բարեհաջող հանձնելու դեպքում այդ անձին հատկացնում վարորդական իրավունքի վկայական: Արթուր Տոնոյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք հաշմանդամություն ունեցող անձինք քննությունները հանձնելիս խնդիրների չեն հանդիպում: Նրա խոսքով՝ տեսական քննության դեպքում շենքային պայմաններն ապահովված են, թեքահարթակներ են տեղադրված: Խնդիրն այլ է գործնական քննության ժամանակ:

«Այդ դեպքում տվյալ հաշմանդամություն ունեցող մարդն իրեն հարմարեցված տրանսպորտային միջոց պետք է ձեռք բերի գործնական քննություն հանձնելու համար: Օրինակ, երբ բացակայում են ոտքերը, ապա գործնական քննությունը պետք է հանձնի համապատասխան տրանսպորտային միջոցով, որը կահավորված կլինի ձեռքի կառավարումով, եթե ոչ՝ չենք կարող»,– ասաց Ա. Տոնոյանը:

«Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն այստեղ մեկ այլ հարց է առաջ քաշում՝ ո՞վ է վերասարքավորում ավտոմեքենաները, որպեսզի դրանք համար լինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար:

«Կա՞ն արդյոք այդպիսի մարդիկ, որ ձևափոխում են տրանսպորտային միջոցները: Համապատասխան պոլիկլինիկայից տեղեկանք ստանալու հարցում խնդիր չկա, բայց մեքենան պետք է վերասարքավորվի, հարմարեցվի տվյալ հաշմադամություն ունեցող անձի համար»,– նշում է Է. Հովհաննիսյանը:

Ճանապարհային ոստիկանության պաշտոնյա Սպարտակ Սեպյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այդ հարցով զբաղվող կազմակերպություններ Հայաստանում չկան: Մեր հարցին, թե այդ դեպքում ինչպես են մեքենաները հարմարեցվում հաշմանդամություն ունեցող անձանց համար, Սեպյանը պատասխանեց, թե կա՛մ պետք է վարպետ գտնել, որ կանի դա, կա՛մ ինքնուրույն այդ հարցով զբաղվել:

Հաշմանդամների «Փարոս» կրթության և մշակույթի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Օհանյանը դիմել է երկրորդ տարբերակին: Նա սեփական նախաձեռնությամբ է մեքենան հարմարեցրել իր պահանջներին, քանի որ դրանով ոչ ոք պարզապես չի զբաղվում:

Արմեն Վիրաբյանը ևս փորձել է վարորդական իրավունքի վկայական ստանալ, սակայն խնդիրների է հանդիպել: Նրան ուղարկել են բժշկական հավատարմագրման, պոլիկլինիկայից ստացած տեղեկանքով դիմել է Ճանապարհային ոստիկանություն, որտեղից ասել են, թե «էս թուղթը չի անցնի, անհասկանալի թուղթ ես բերել»: Մեր հարցին, թե ինչպես են հիմնավորել տեղեկանքի «չանցնելը», Ա. Վիրաբյանը պատասխանեց.

«Ասացին՝ քո քայլվածքը, որ տեսնում ենք, ընկեր ջան, վախենում ենք, հանկարծ որ մի բան լինի, մեզ կդատեն, ուզում ենք լավություն անենք, բայց չենք կարա: Ինձ մոտ քայլվածքս է դժվար, շատ դժվար եմ քայլում, բայց վարելուց շատ լավ եմ վարում»,– նշում է Արմեն Վիրաբյանը:

Այստեղ ևս մեկ կարևոր խնդիր կա. ինչպե՞ս են հաշմանդամություն ունեցող անձինք մեքենա վարել սովորում: Ճանապարհային ոստիկանության պաշտոնյա Արթուր Տոնոյանն ասում է, որ գործող ավտոդպրոցները կամ ուսումնական հաստատությունները Ճանապարհային ոստիկանության հետ ոչ մի կապ չունեն: «Բարի երթ» ավտոդպրոցի տնօրեն Արտավազդ Ասատրյանի խոսքով էլ՝ Հայաստանում այսօրվա դրությամբ ոչ մի ավտոդպրոց հաշմանդամություն ունեցող անձանց մեքենա վարել սովորեցնելու պայման չունի: Մեր հարցին, թե այդ դեպքում նրանք ինչպես են մեքենա վարել սովորում, Ասատրյանը պատասխանեց.

«Ե՞րբ են սովորում որ: Չեն սովորում: Ես չեմ հանդիպել դեռ: Եթե բժշկական հանձնաժողովը թույլատրում է ու ուզում են սովորեն, պետք է հարմարեցված մեքենա ունենան, նոր սովորեն: Հաշմանդամություն ունեցող անձին մենք կարող ենք վարպետ տրամադրել, նրա հետ նստի, բացատրի, սովորեցնի»,– ասում է ավտոդպրոցի տնօրենը:

Փաստորեն, այս դեպքում ևս հաշմադնամություն ունեցող անձինք հանդիպում են միևնույն խնդրին. Հայաստանում տրանսպորտային միջոցները հարմարեցնող կազմակերպություններ կամ անհատներ չկան: Ի դեպ, մենք փորձեցինք պարզել, թե Հայատանում քանի հաշմանդամություն ունեցող անձ կա, որ վարորդական իրավունք ունի, սակայն Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանն ասաց, որ նման վիճակագրություն չի տարվում:

Արա Հարությունյան