Տրանսպորտի հարմարեցվածության մասին խոսելիս շատ կարևոր է հիշել նաև հաշմանդամություն ունեցող անձին վերաբերող այս կամ օրենքի առկայության և այդ օրենքի իրագործման համար նախատեսված պայմանների մասին: Շատ հաճախ օրենքը կա, սակայն անձը հնարավորություն չունի իր իրավունքից օգտվելու համապատասխան պայմանների ու միջոցների բացակայության պատճառով:
Օրինակ` երբ օրենքը թույլ է տալիս հաշմանդամության որոշակի տեսակ ունեցող անձին որոշակի պայմաններում ավտոմեքենա վարել, այդ մարդը հաճախ բախվում է մեկ այլ խնդրի` գտնել ավտոդպրոց, որտեղ կլինեն համապատասխան սարքավորված ավտոմեքենաներ: Իսկ այժմ հաջորդ խնդիրը. Օրինակ` առանձնապես մեծ դժվարություն չի ներկայացնում լսողության խնդիրներ ունեցող մարդուն ուսուցանելը, դա լիովին հնարավոր է սուրդոթարգմանության կամ հաղորդակցման այլ համապատասխան համակարգի միջոցով:
Իհարկե, մինչ ավտոդպրոց գտնելը անհրաժեշտ է իմանալ՝ արդյոք հաշմանդամություն ունեցող անձն իրավունք ունի՞ վարորդական իրավունք ստանալու, թե՞ ոչ: Մի շարք երկրներում գործում են համապատասխան օրենքներ, որոնց համաձայն հաշմանդամություն ունեցող անձն ունի այդ իրավունքը, ավելին, միջազգային փորձը ցույց է տալիս, որ բազմաթիվ երկրներում վարորդական իրավունք չտրամադրելը միայն այն պատճառով, որ տվյալ անձը ունի հաշմանդամություն, արգելվում է: Ահա մի քանի օրինակ:
Ուգանդա – Ուգանդայի Սահմանադրություն, 1995 թ., հոդված 21. «Արգելվում է որևէ տեսակի խտրականություն հաշմանդամություն ունեցող մարդկանց նկատմամբ»: Ուգանդան այն հազվագյուտ երկրներից է, որ ճանաչել է ժեստերի լեզուն իր Սահմանադրության մեջ:
Նույն հոդվածի «Երթևեկություն և ճանապարհային անվտանգություն» կետով արգելվում է վարորդական իրավունք չտրամադրելը հաշմանդամության հիմքի վրա:
ԱՄՆ – «Հաշմանդամություն ունեցող ամերիկացիներ» ակտ (Americans with Disabilities Act) – Ակտն ընդունվել է 1990-ին, իսկ 2008-ին ենթարկվել որոշակի բարեփոխումների: Այն պաշտպանում է անհատներին որևէ տեսակի խտրականությունից աշխատանքում և հասարակական ծառայությունների մատուցման բնագավառում: Ակտը պարտադրում է նոր կառույցների, շենքերի ու շինությունների լրիվ մատչելիության ապահովումը հաշմանդամություն ունեցող անձանց համար: Բացի այդ, ակտն արգելում է վարորդական իրավունք չտրամադրելը անհատին՝ միայն այն պատճառով, որ նա հաշմանդամություն ունի: Տեղաշարժման դժվարություններ ունեցող անձինք իրավունք ունեն ընդհանուր բենզալցակայանում վճարել բենզինի ինքնարժեքը:
Հնդկաստան – Վարորդական իրավունք տրվում է նաև հաշմանդամություն ունեցող անձին՝ հատուկ, համապատասխան կահավորված ավտոմեքենայի առկայության դեպքում, եթե կա վերջինիս անհրաժեշտությունը:
ա) Վարորդական վկայականը վավեր է միայն հատուկ կահավորված ավտոմեքենայի համար, որով անցկացվել է վարորդական քննությունը:
բ) Լսողության խնդիրներ ունեցող անձը չի կարող ստանալ վարորդական վկայական առանց համապատասխան լսողական սարքի առկայության:
գ) Հաշմանդամություն ունեցող անձն իրավունք ունի արտերկրից իր երկիր ներկրել հատուկ իր համար սարքավորված ավտոմեքենա:
Մեծ Բրիտանիա – Մեծ Բրիտանիայում ևս հաշմանդամություն ունեցող անձը իրավունք ունի վարորդական իրավունք ստանալու: Մինչ այդ նա պետք է անցնի հետևյալ փուլերով. նախ դիմում է Հաշմանդամություն ունեցող անձանց ազգային կոմիտե, ապա` Առողջության մասնագիտական միություն, որտեղ նրան ուղարկում են մանրակրկիտ բժշկական զննության: Այստեղ որոշում են՝ արդյոք այդ անձը կարո՞ղ է ավտոմեքենա վարել, թե՞ ոչ, ինչպես նաև` թե ինչ հարմարություններով ավտոմեքենան կլինի ամենահարմարը նրա համար:
Երբ միությունը հաստատում է, որ տվյալ մարդը կարող է ավտոմեքենա վարել, նա անցնում է վարորդական դասընթացներ հատուկ ավտոդպրոցում, հանձնում քննություն և ստանում համապատասխան վկայականը:
Չինաստան – Չինաստանի հանրային անվտանգության նախարարության կողմից ընդունվել է նոր օրենք, որը հաշմանդամություն ունեցող անձանց թույլ է տալիս ձեռք բերել վարորդական իրավունք: Բացի այդ, նախարարությունը և Չինաստանի հաշմանդամություն ունեցող անձանց ֆեդերացիան համատեղ Պեկինում հիմնել են կենտրոն, որտեղ անցկացվում են վարորդական դասընթացներ հաշմանդամություն ունեցող անձանց համար:
Ինչպես տեսնում ենք, վերը նշված և իհարկե բազմաթիվ այլ երկրներում հաշմանդամություն ունեցող անձն ունի հավասար իրավունքներ, և նրա նկատմամբ որևէ խտրականություն կարող է պատժվել օրենքով: Եթե տվյալ անձն ունի հաշմանդամություն, դա դեռ չի նշանակում, թե նա պետք է զրկվի մի շարք իրավունքներից, այդ թվում նաև` ավտոմեքենա ունենալու և վարելու իրավունքից: Պետք է միայն անցնել համապատասխան զննություն, հետազոտություն և անհրաժեշտության դեպքում ձեռք բերել համապատասխան հարմարեցված ավտոմեքենա:
Լիա Սայադյան