Ինչպե՞ս շրջակա միջավայրը դարձնել անխոչընդոտ

21-րդ դարում մատչելի միջավայր ստեղծելու համար տեխնիկական հնարավորություններն անսահմանափակ են: Մարդկային մտքի թռիչքը ստեղծել է բազմաթիվ միջոցներ և գտել անթիվ ձևեր մարդու կյանքը հարմարավետ դարձնելու համար:

Այնուամենայնիվ, ինչ է նշանակում հավասար հնարավորություններ հաշմանդամություն ունեցող անձանց համար, որն է այն միջավայրը, որը հարմար է բոլորին: Սահմանումն ամրագրված է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայում. «Համընդհանուր ձևավորում» (Universal design) նշանակում է` ապրանքների, միջավայրերի, ծրագրերի ու ծառայությունների ձևավորում, որը դրանք առավելագույնս գործածելի է դարձնում բոլոր մարդկանց համար` առանց դրանց հարմարվելու կամ հատուկ ձևավորման անհրաժեշտության:

Որո՞նք են շենքերին և շրջակա միջավայրին ներկայացվող նվազագույն պահանջները:

Եթե շենքի մուտքը հարթ չէ և աստիճաններ են առկա, ապա այդ դեպքում անհրաժեշտ են թեքահարթակներ: Յուրաքանչյուր շենքում պետք է լինի առնվազն մեկ մուտք՝ հարմարեցված հաշմանդամություն ունեցող մարդկանց, ինչպես նաև պետք է լինեն դեպի այդ շինություն տանող հատուկ հարմարեցված վերգետնյա և ստորգետնյա անցումներ:

Թեքահարթակի առավելագույն բարձրությունը չպետք է գերազանցի 0,8 մետրը 8% անկյան դեպքում: Անհրաժեշտ է, որ աստիճանները կամ թեքահարթակները երկու կողմից բազրիքներ ունենան: Դրանք պետք է լինեն անընդհատ, շարունակվող, երկկողմանի: Թեքահարթակի լայնությունը պետք է լինի 1,8 մ-ից ոչ պակաս: Դրսում գտնվող թեքահարթակները և աստիճանները պետք է հատուկ ծածկի տակ գտնվեն և պաշտպանվեն տեղումներից կամ սարքավորված լինեն հատուկ ջեռուցող համակարգով՝ սառույցով կամ ձյունով չպատվելու համար: Բացի այդ, թեքահարթակները չպետք է կառուցված լինեն չափից ավելի սահող նյութից, այնպես որ անվասայլակով տեղաշարժվող անձը կարողանա հեշտությամբ բարձրանալ թեքահարթակով:

 Աստիճաններ
Ինչ վերաբերում է աստիճաններին, դրանք պետք է լինեն անընդհատ, հավասար, հարթ և ոչ նեղ: Աստիճանների երկու կողմից պետք է լինեն բազրիքներ, ինչպես նաև բոլոր աստիճանները պետք է եզրագծված լինեն դեղինով՝ տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար:

Դռներ
Եթե շինության դռները ապակուց են, ապա այն պետք է լինի դիմացկուն հարվածների նկատմամբ: Դռների լայնությունը պետք է հնարավորություն տա ցանկացած տեսակի հաշմանդամություն ունեցող անձին ներս մտնելու: Ցանկալի լայնությունը 0,9 մետրից ոչ պակաս է:

Ցանկալի է, որ դռները լինեն կոճակով կամ ավտոմատ կառավարմամբ: Ավտոմատ կամ կիսաավտոմատ դռների բացվել-փակվելու տևողությունը պետք է լինի 5 վայրկյանից ոչ պակաս, որպեսզի անվասայլակով տեղաշարժվող անձը կարողանա դանդաղ անցնել դրանց միջով: Ոչ ավտոմատ դռների դեպքում պետք է հաշվի առնել նաև դռների ծանրությունը: Դռները բացել-փակելու համար առավելագույն ուժը պետք է լինի 2,5 կգ-ից ոչ ավելի: Առավել մեծ ուժով բացվող դռները լուրջ դժվարություն են ներկայացնում տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդկանց համար: Նման դռներն անհնար է կամ վտանգավոր է բացել առանց կողմնակի օգնության:

Վերելակներ
Շինություններում պետք է լինեն մարդատար վերելակներ կամ ամբարձիչ հարթակներ կամ ամբարձիչ նստարաններ:

Գոյություն ունեն նաև հատուկ վերելակներ, օրինակ` տակտիլ՝ անհարթ ուղղորդիչներով, բրայլյան համակարգով և նախազգուշացնող նշաններով, որպեսզի տեսողության և լսողության խնդիրներ ունեցող անձինք նույնպես կարողանան վերելակից օգտվել: Իսկ այսպես կոչված «խոսող» վերելակները տեղեկացնում են, թե որ հարկում է գտնվում վերելակը տվյալ պահին, ինչպես նաև հատուկ նախազգուշացում է արվում, երբ դռները բացվում կամ փակվում են: Վերելակի կոճակներն էլ տեղադրված են այնպիսի բարձրության վրա, որ անվասայլակին նստած մարդը հեշտությամբ կարողանա հասնել դրանց:

 Սանիտարահիգիենիկ պայմաններ
Հանրային հաստատություններում անհրաժեշտ է նախատեսել ոչ պակաս քան մեկ հատուկ հարմարեցված զուգարան: Յուրաքանչյուր խցիկում պետք է լինի բավարար տարածություն անվասայլակով տեղաշարժվող անձի համար, ինչպես նաև կախիչներ հագուստի, հենակների և այլ պարագաների համար:

Փողոցների, շրջակա միջավայրի հարմարեցվածություն
Մայթեր և փողոցներ
Եզրազարդերի ցանկալի բարձրությունը հետիոտնի ճանապարհի երկայնքով պետք է լինի 0,05 մ-ից ոչ պակաս: Մայթերի, հետիոտնի ճանապարհի և թեքամուտքերի մակերևույթը պետք է կառուցված լինի հարթ բետոնից, անթույլատրելի է լցնովի կամ քարքարոտ նյութերի կիրառումը: Մայթի և փողոցի սահմանային հատվածը պետք է ներկված լինի դեղինով` թույլ տեսնող մարդկանց համար:

 Փողոցները, ինչպես նաև շինությունները պետք է ապահովված լինեն տակտիլ՝ անհարթ սալիկներով: Տակտիլ սալիկների հիմնական նշանակությունը տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար շրջակա միջավայրում կողմնորոշումն ապահովելն է: Սալիկը կարող է օգտագործվել հասարակական ցանկացած շինություններում՝ միջանցքներում, դահլիճներում և այլն, ինչպես նաև փողոցներում: Գոյություն ունեն նաև տակտիլ հատակներ՝ ուղղորդող գծերով, որոնք ծառայում են ճանապարհի ուղղությունը ցույց տալու, ինչպես նաև աստիճանների, արգելքների կամ շրջադարձերի առկայության մասին նախազգուշացնելու համար: Ուղղորդող տակտիլ հատակները պատրաստվում են հիմնականում ալյումինից, կարող են լինել ուղիղ կամ թեք:

Վերգետնյա և ստորգետնյա անցումներ
Տվյալ տարածքում վերգետնյա կամ ստորգետնյա անցումների առկայության դեպքում անհրաժեշտ է ապահովել նաև ամբարձիչ հարթակներ կամ հարմարեցված թեքահարթակներ: Տվյալ տարածքի մուտքի մոտ անհրաժեշտ է փակցնել շենքի մասին տեղեկատվական ցուցանակներ՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար: Ցուցանակի վրա հատուկ նշանների միջոցով նշված է լինում, թե որքանով է այդ շենքը մատչելի նրանց համար: Օրինակ` կա՞ արդյոք հատուկ հարմարեցված վերելակ կամ թեքահարթակ և այլն:

Խոսող լուսակիրներ
Խոսող լուսակիրները հատուկ լուսակիրներ են, որոնք օժտված են ձայնային հուշումների հնարավորությամբ՝ նախատեսված թույլ տեսնող մարդկանց համար: Ձայնային այդ ազդանշանը գրեթե չի նկատվում, եթե ուշադրություն չես դարձնում դրանց: Թույլ տեսողություն ունեցող մարդիկ սովորաբար շատ լավ և հեշտությամբ ընկալում են խոսող լուսակրի ազդանշանը, ինչը հնարավորություն է տալիս անարգել փողոցն անցնելու: Լուսակիրը տեղեկացնում է հետիոտնին` կարելի՞ է անցնել տվյալ փողոցը, թե՞ ոչ: Օրինակ` «Անցումը Կարլ Մարքսի փողոցով արգելվում է», այնուհետև մի քանի վայրկյան հաջորդում է ինչ-որ ազդանշան կամ երաժշտություն, որից հետո, երբ արդեն փողոցը կարելի է անցնել, լուսակիրը զգուշացնում է. «Անցումը Կարլ Մարքսի փողոցով թույլատրվում է»:

 Ավտոկայանատեղիներ

  • Անհրաժեշտ է ընդհանուր կայանատեղիների 10%-ից ոչ պակասը հատկացնել հաշմանդամություն ունեցող վարորդներին և ուղևորներին:
  • Կայանատեղիներում առանձնացված տեղերը հստակ պետք է գծանշված լինեն թե´ գետնի վրա, թե՛ հատուկ ուղղահայաց ցուցանակի միջոցով:
  • Կայանատեղիներում հատուկ առանձնացված տեղերը պետք է գտնվեն շենքի գլխավոր մուտքին հնարավորինս մոտ: Մուտքից հեռավորությունը պետք է լինի 50 մետրից ոչ ավելի, որոշ դեպքերում կարող է հասնել մինչև 100 մետրի:
  • Ավտոկայանատեղիների մակերևույթը պետք է լինի հարթ և հեշտ անցանելի:
  • Տակտիլ (անհարթ, շոշափելի հատակ՝ տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար) ուղղորդիչներ պետք է տեղադրված լինեն ամբողջ կայանատեղիի մակերևույթով` տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար:

 Տրանսպորտ
Թե´ մետրոյում, թե´ երկաթուղային գնացքներում պետք է հատուկ տեղեր հատկացվեն անվասայլակով տեղաշարժվող մարդկանց համար: Դրանք պետք է հատուկ ցուցանակների միջոցով առանձնացված և տեսանելի լինեն:

Գնացքներում պետք է լինեն ամբարձիչ հարթակներ հաշմանդամություն ունեցող ուղևորներին գնացք բարձրացնելու համար:

Լիա Սայադյան

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s