Կրկին հետաձգվում է Երևանի տրանսպորտային միջոցների հարմարեցումը հաշմանդամություն ունեցող անձանց

Երևանի քաղաքապետարանը վերջին 3 տարում մայրաքաղաք է ներկրել 15 «Բոգդան Ա092» և 14 «Հունդաի» մակնիշների միկրոավտոբուսներ, որոնք կրկին հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց: Սա ենթադրում է, որ քաղաքապետարանին բացարձակ չի հուզում հաշմանդամություն ունեցող անձի՝ ազատ տեղաշարժվելու հիմնարար իրավունքը:
Մայիսի 24-ին հարցում է ուղարկվել Երևանի քաղաքապետարանին, թե ինչո՞ւ նոր ավտոբուսներ ներկրելիս հաշվի չեն առնում հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները, կոնկրետ ե՞րբ է քաղաքապետարանը պատրաստվում կատարել տարիներ շարունակ ձգձգվող խոստումն ու Երևան ներկրել հարմարեցված ավտոբուսներ և գործարկել: Նաև այն մասին, թե մե՞ծ է արդյոք հարմարեցված և չհարմարեցված ավտոբուսների գնային տարբերությունը:
Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից պատասխանել են, որ վերջին շրջանում մայրաքաղաք ներկրված «Հունդաի» մակնիշի ավտոբուսները (դրանք ֆինանսական առումով մատչելի են) ձեռք են բերվել մասնավոր կազմակերպությունների կողմից։ Նշված ավտոբուսները փոքր դասի են, որոնց վրա, ելնելով դրանց չափերից և կառուցվածքային առանձնահատկություններից (ուղեսրահի սահմանափակ մակերես, ուղևորների կանգնելու համար հարթակների բացակայություն և այլն), հաշմանդամների նստեցման-իջեցման հատուկ հարմարանքների տեղադրումը գործնականում հնարավոր չէ։
Ըստ Չինաստանի ավտոբուսային գործարանների կողմից ներկայացված տեղեկատվության՝ հաշմանդամների սպասարկման հարմարանքները (վերելակները) տեղադրվում են միայն մեծ դասի ավտոբուսների (մոտ 12 մետր երկարությամբ) վրա, որոնց արժեքը մոտ 2.5-3 անգամ գերազանցում է վերը նշված, ինչպես նաև Չինաստանից ներկրված «Հայգեր» մակնիշի ավտոբուսների գներին։
Նախատեսվել էր հաշմանդամների սպասարկման հարմարանքները տեղադրել Չինաստանից ներկրված «Հայգեր» մակնիշի ավտոբուսների վրա, և դրանց ձեռք բերման և տեղադրման հնարավոր տարբերակների վերաբերյալ նախորդ տարվա ընթացքում բանակցություններ են տարվել չինական կողմի հետ։
Ներկայումս խնդրի շուրջ քննարկումները շարունակվում են, և վերջին շաբաթվա ընթացքում հարցը կրկին բարձրացվել է ՀՀ-ում Չինաստանի առևտրաարդյունաբերական գրասենյակում։ Հայտնում է panarmenian.net կայքը:

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s