Օրենքի նոր նախագծով գործատուները կպարտավորվեն աշխատանքով ապահովել հաշմանդամներին

 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավուքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծով սոցիալական պաշտպանությունը փոխակերպվում է սոցիալական ներառման, և ամրագրվում են հաշմանդամություն ունեցող անձանց հասարակություն ինտեգրվելու մեխանիզմները:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
«Տասնութ տարեկանից բարձր անձանց համար հիմնական խնդիրը լինելու է պաշտպանված աշխատունակության սահմանումը, որովհետև հասարակություն ինտերգրվելու ամենակարևոր ձևը զբաղվածության ապահովումն է: Օրենքի նախագծում նախատեսված են նաև դրույթներ` քվոտավորման հետ կապված, այսինքն` կազմակերպություններին, գործատուներին օրենքի նախագծով սահմանվում են համապատասխան քվոտավորումներ, որով պետք է համշանդամություն ունեցող անձանց ապահովեն աշխատանքով»,- ասաց նախարարը:Նա նաև շեշտեց, որ ներկայումս Հայաստանում հաշվառված հաշմանդամություն ունեցող անձանց քանակը շուրջ 185 հազար է, որոնցից այսօր զբաղվածություն ունի ընդամենն ութ տոկոսը: «Օրենքի նախագծով սահմանավում է, որ գործատուները աշխատանքով ապահովեն համանադամություն ունեցող անձանց, իսկ պետությունն իր հերթին այսօր էլ իրականացնում է աշխատատեղերի հարմարեցման ուղղությամբ ծրագրեր »,-ասաց Ասատրյանը:Նախարարի խոսքով` նախագծով սահմանվում են նաև մասնահանումներ, այսինքն` եթե գործատուն ինչ-ինչ պատճառներով չի կարողանում աշխատանքով ապահովել հաշմանդամություն ունեցող անձին, ապա պետք է մասնահանում կատարի, որպեսզի մյուս գործատուն կարողանա աշխատանք տրամադրել:

Հաշմանդամների և հաշմանդամության ոլորտում տարվող սոցիալական քաղաքականությունը նպատակաուղղված է բոլոր բնագավառներում (իրավական, տնտեսական, շրջապատող միջավայր և այլն) նրանց սոցիալական պաշտպանությանը, հաշմանդամներին հանրապետության մյուս քաղաքացիների հետ համահավասար հնարավորություններ ապահովելուն, նրանց համար կենսագործունեության բոլոր ոլորտներում հավասար պայմանների ստեղծմանն ու հավասար հնարավորությունների ապահովմանը: