Իմ զրուցակիցն է «ԷԽՈ» ՀԿ նախագահ Սերյոժա Օհանջանյանը: Նա մեզ համար հետաքրքիր բանաձևեր է առաջադրել՝ միևնույն ժամանակ տալով հենց դրանց լուծումները:
–Կպատմեք մի փոքր Ձեր անցած ճանապարհի և ունեցած դժվարությունների մասին:
–Կյանքի առեղծվածային ուղին լի է բազմաթիվ խոչընդոտներով ու դժվարություններով: Բազմիցս համոզվել եմ դրանում`լինելով մանկուց հաշմանդամ: Մեծացել եմ առողջ ընտանեկան միջավայրում, առողջ դատողություններով ու մտածելակերպով, հետևաբար կարծում եմ, որ պետք է շարունակ պայքարել`հավատի մի մասնիկ ունենալով սրտում: Ինչ էլ որ լինի վաղը, մենք ունենք այսօրը, որը երբեք այլևս չի կրկնվելու: Հետևաբար կյանքի ամեն մի օրը պետք է տոն դարձնենք, հագենանք ամեն մի վայրկյանով, պահով և ասենք մեր սիրելիներին, թե որքան ենք նրանց սիրում`հոգում ամենահրաշալի զգացմունքներ արթնացնելով:
–Այս տարիների ընթացքում ո՞վ է Ձեր կողքին եղել և օգնել հաղթահարել բոլոր դժվարությունները:
–Ըստ իս՝ մարդն ինքն իրեն պետք է կարողանա օգնել: Ճիշտ չէ միշտ հույսը դնել ընտանքի և մտերիմների վրա, այլ պետք է կյանքում ինչ էլ լինի հույսդ քեզ վրա դնես: Բայց հիշեք, որ կյանքում ոչ մի դժվար բան չկա. այդ մենք ենք դժվար: Կյանքը պարզ է, դրանով ամեն ինչ ասված է, և դա է ճիշտը: Շատ եմ սիրում Դեյլ Կարնեգիի խոսքերը` «Եթե ձեզ բաժին է ընկել կիտրոն, ապա ստացեք նրանից լիմոնադ»: Իսկապես, տեղին է ասված և մտածելու տեղիք է տալիս:
–Դուք հաճախել եք Երևանի 27-րդ դպրոցը, որտեղ առաջինը ներդրվեց ներառական կրթության փորձը: Կպատմեք մի փոքր Ձեր այնտեղ անցկացրած սկզբանական հատվածից:
–Նախ նշեմ, որ ներառական կրթության թիմը՝ ի դեմս Անահիտ Բախշյանի, կարողացավ հասնել նրան, որ բոլոր երեխաների համար, անկախ իրենց մտավոր հնարավորություններից, կրթության կազմակերպումը դպրոցում իրակացվեց` յուրաքանչյուրի հնարավորության սահմանում: Դա նշանակում է, որ հատուկ դպրոց պետք է գնան ծայրահեղ ինտելեկտի պակաս ունեցող երեխաները, ծայրահեղ դեպքերում: Բայց այսօրվա հատուկ դպրոցներում սոցիալապես անապահով երեխաներ էլ են գնում, ինչը պետք է բացառել: Դժվար չէր նոր հայացքներին ընտելանալը, իսկ հասակակիցների կողմից վերաբերմունքը միշտ ջերմ ու անմիջական է եղել: Բարեբախտաբար, շրջապատի կողմից սառնություն ու անտարբերություն չեմ զգացել:
–«ԷԽՈ» հասարակական կազմակերպությունը բավականին լայնամասշտաբ գործունեություն է ծավալում, ինչը շատ ողջունելի է: Իսկ ինչպե՞ս առաջացավ ՀԿ-ն հիմնադրելու գաղափարը:
–2008թ. հուլիսի 3-ին մայրս՝ Անժելա Օհանջանյանը, նախաձեռնում և հիմնում է «ԷԽՈ» հաշմանդամ երեխաներին և երիտասարդներին աջակցող հասարակական կազմակերպությունը: Ցավոք սրտի, մեկ տարի անց մայրս ունենում է առողջական խնդիրներ և բուժումն իրականացնելու նպատակով մեկնում արտերկիր`կազմակերպության ղեկավարումը թողնելով ինձ: Գործունեության առանձնահատկությունը հաշմանդամ երեխաներին և երիտասարդներին հուզող բոլոր բնագավառներին հավասարապես ուշադրություն դարձնելն է, ինչպես նաև այդ ոլորտների հիմնախնդիրների լուծմանն ուղղված առավել նպատակահարմար ծրագրերի իրականացումը: Եվ կարևորում եմ, որ այդ գործունեության հիմքում ընկած է կարգապահությունը, թափանցիկությունը, փոխադարձ հարգանքը և կառուցվածքային հստակությունը:
–Կարելի՞ է ասել, որ «ԷԽՈ»-ն իր 6-ամյա առաքելության ընթացքում հասել է այն նպատակներին, որոնք ի սկզբանե դրել էր իր առջև:
–Որոշ չափով` այո: «ԷԽՈ» ՀԿ թիմը իրականացրել է տարբեր ծրագրեր` ամեն կերպ նպաստելով հաշմանդամ երեխաների ապաքինմանը: Իր ուսերին վերցնելով մի մեծ ու պատասխանատու գործ`մեր կազմակերպությունը կարծես կատարում է պետության գործը: Մենք իրականացնում ենք բազմաբնույթ ծրագրեր՝ ինչպես առողջապահական, այնպես էլ կրթական, մշակութային, սոցիալական, որոնց շնորհիվ մենք հույս ունենք, որ հաշմանդամ երեխաները կհաղթահարեն հասարակությունից մեկուսացված լինելու զգացողությունը: Ինչպես նաև ուշադրություն ենք դարձնում այն հանգամանքին, որ յուրաքանչյուր հաշմանդամ անձ ստանա մեր կողմից յուրահատուկ մոտեցում, որն էլ նպաստւմ է մեր ծրագրերի փոփոխմանն ու ընդլայնմանը: Անելիքները շատ են, իսկ ժամանակը չի սպասում…
–Երևանում (էլ չեմ ասում նաև մարզերում) մի շարք խնդիրներ կան՝ կապված հաշմանդամների թե՛ տեղաշարժման, թե՛ ուսման և թե՛ աշխատանքի հետ: Դուք ինքներդ ի՞նչ լուծում կառաջարկեիք այս խնդիրներին:
–Իմ թիմը չի առաջարկում, այլ գործում է: Որովհետև ու՞մ առաջարկենք: Կառավարությա՞նը, իսկ իմա՞ստը: Արդեն մոտ 20 տարի է անկախություն ձեռք բերած Հայաստանում տասնյակ հաշմանդամ անձինք ունեն սոցիալական ինտեգրման կարիք: Ցավալին էլ այն է, որ Կառավարությունն ընդունում է, որ չեն կարողանում ստեղծել հատուկ պայմաններ, որի միջոցով կլուծվեն գոնե նվազագույն կենցաղային խնդիրները, որոնց առնչվում է հաշմանդամ մարդն իր առօրյայում: Այնուամենայնիվ, մենք արժևորում ենք այն, ինչ անում ենք` մշտապես փնտրելով աշխատելու նոր ձևեր, որոնք կօգնեն լուծելու բազմազան խնդիրներ: Մեծ է նաև կազմակերպության նվիրյալ և շահագրգիռ աշխատակիցների դերը, ովքեր խորապես գիտակցում են աշխատանքի դերն ու նպատակը: Մենք պատրաստ ենք սատարելու բոլոր նրանց, ովքեր ունեն մեր կարիքը և սպասում են մեզ:
-Վերջերս ֆեյսբուքյան Ձեր գրառումներից մեկում հարց էիք տալիս. «Հավատու՞մ եք ճակատագրին»: Այժմ Դուք պատասխանեք, խնդրում եմ, Ձեր իսկ հարցին:
-Հետաքրքիր հարց է: Այո, հավատում եմ: Երբեմն մտածում եմ` եթե նույնիսկ Աստված ստեղծեց մարդուն ու կյանքը, թող որ այդպես, ապա ինչի՞ համար: Եթե անվերապահորեն էլ հավատամ Աստծուն, ապա չեմ կարող հավատալ այն բանին, որ Աստված մարդուն ստեղծեց հենց այնպես, պարապությունից ու ձանձրույթից, կամ արդյո՞ք նա չնկատեց, որ իր ստեղծածը բավականին հեռու է բարի ու կատարյալ լինելուց: Պարզապես նա հնարավորություն տվեց կատարելագործվելու, փոխվելու, դեպի լավն ու բարին ձգտելու: Կյանքը իր ստույգ նպատակն ունի, իր գոյության իմաստը: Մենք գուցե և դեռ շատ հեռու ենք կանգնած այդ նպատակն ու իմաստը հասկանալուց, բայց, որ դրանք կան, ես համոզված եմ: Մեզանից յուրաքանչյուրը կարող է բազմաթիվ պատճառներ թվել թե՛ կյանքի, և թե՛ իր ապրելու նպատակի վերաբերյալ: Կարող է լինել մարդկանց մի մեծ խումբ, որը կյանքի իմաստը կտեսնի հենց միայն ապրելու ու գոյատևելու`աշխատելու, ստեղծագործելու, արարելու մեջ: Մի մասը կյանքը անիմաստ կհամարի առանց բարության ու լավության, առանց մարդկային բարձր բարոյական նորմերի հարաբերության և այլն: Նույն կերպ կարող են բազմազան լինել այն նպատակները, որոնց համար մարդիկ հարկ են համարում ապրել կամ շարունակել ապրել: Բայց ինչպիսի նպատակներ էլ մենք ունենանք, այն չի կարող դուրս լինել այն հատուկ շրջանակից, որի մեջ գտնվում է մարդկային ճակատագիրը:
Աննա Խաչատրյան
Աղբյուրը` www.blognews.info