Սեռով պայմանավորված աբորտները` ժողովրդագրական անհավասարակշռության առաջացման պատճառ

Նորածինների սեռերի անհամամասնությունն սկսել է դիտարկվել աշխարհի բազմաթիվ երկրներում 1980-ականներից ի վեր, ընդ որում համընթաց աճում էր տղաների տոկոսային հարաբերակցությունը երեխաների ընդհանուր թվաքանակում։ Վերջին քսան տարում մի շարք երկրներում, ինչպիսին են Չինաստանը, Հնդկաստանը և Հարավային Կորեան, հետազոտությունները ցույց են տվել, որ յուրաքանչյուր 100 աղջկա դիմաց 104-106 տղաների ծննդյան կենսաբանական մակարդակի համեմատ՝ նորածինների սեռերի հարաբերակցության մեջ տղաների ծնունդների աստիճանական աճն առաջին հերթին սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման հետևանք է։ Այսօրվա դրությամբ արական սեռի ավելի մեծ հարաբերակցությունը վկայում է կանանց նկատմամբ լուրջ խտրականության մասին։

Առաջիկա տասնամյակներին այս իրադրությունը կարող է խաթարել նաև ժողովրդագրական կառուցվածքի պատկերը և լրջորեն ազդել ամուսնությունների դինամիկայի վրա։

Նախածննդյան փուլում սեռի ընտրությունը գտնվում է կոնկրետ սեռին նախապատվություն տալու հին ավանդույթի և արդիական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունների հատման տիրույթում։ Երբ երևույթը դիտարկվում է 10 չափազանց տարբեր մշակութային, քաղաքական և սոցիալական հատկանիշներով բնորոշվող տարածաշրջանային միջավայրերում, ակներև է դառնում, որ ապագա երեխայի սեռի ընտրությունն ամենուրեք հիմնված է միևնույն հատկորոշիչների՝ արու զավակ ունենալու շեշտակի նախապատվության, ընտանիքի միջին կազմի կտրուկ փոքրացման և ժամանակակից վերարտադրողական տեխնոլոգիաների հեշտ հասանելիության վրա։ Այս երեք գործոնները հանդես են գալիս որպես արական սեռի երեխաների ծննդյան ավելացմանը նպաստող նախապայմաններ։ Դրանք, իրենց հերթին, պայմանավորված են բազմաթիվ այլ սոցիալական, ժողովրդագրական, մարդաբանական և տնտեսական գործոններով։

ՀՀ առողջապահության նախարարության, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համագործակցությամբ իրականացվող «Սեռական և վերարտադրողական առողջության ծառայությունների հզորացում» ծրագրի շրջանակներում անցկացվել է հետազոտություն «Սեռով պայմանավորված հղիությունների արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» թեմայով՝ պարզելու թե որքանով է աշխարհում տարածում գտած այս խնդիրն առկա նաև մեր երկրում:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ արու զավակին նախապատվություն տալը Հայաստանում բավական տարածում գտած երևույթ է: Հայ հասարակության նահապետական կառուցվածքը սոցիալական անհամամասնություն է ստեղծում երեխաների շրջանում և միտված է նկատելիորեն շահեկան լինելու տղա երեխաների համար։

1993թ.-ից սկսած ՀՀ-ում արձանագրվել են նորածինների սեռերի կենսաբանորեն ընդունված նորմալ հարաբերակցությունից զգալիորեն բարձր ցուցանիշներ` 110-120 տղա` 100 աղջկա դիմաց, ինչը մտահոգիչ է: