Լավ գործին թա՛փ է պետք տալ

 2013թ. հոկտեմբերի 3-7-ը ԼՂՀ-ի մայրաքաղաք Ստեփանակերտում երիտասարդ հաշմանդամների միջև անցկացվեց ԼՂՀ բոչիայի 3-րդ բաց առաջնությունը:

Բոչիան սպորտաձև է մարդկանց համար, ովքեր ստիպված են տեղաշարժվել սայլակով, ինչը պայմանավորված է մանկական ուղեղային կաթված ախտորոշման ծանր ձևերով, կամ այլ նևրոլոգիական խնդիրներով: Խաղում են գնդերով, համապատասխան նշագծումով` 12,5մ×6մ չափեր ունեցող հարթ դաշտում: Խաղի էությունը կայանում է սեփական գնդակը նշանակետին հնարավորինս մոտ տեղակայելը, ինչն էլ հաղթանակ է բերում մարզիկին կամ թիմին:

Առաջնությունն անցկացվում էր ԼՂՀ կառացարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի ֆինանսական աջակցությամբ: Կազմակերպիչներն էին Ստեփանակետի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը և Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիան: Առաջնությանը մասնակցեցին 7 թիմեր Հայաստանից և ԼՂՀ-ից:

Հայաստանից մասնակցելու համար թիմեր էին ներկայացրել «Հայկական Ճամբար», «Լիարժեք կյանք», «Էխո» ակումբները:

Առաջնությունն անցկացվեց միջազգային կանոնների համաձայն: Մարզիկներն էլ իրենց ուժերը չափեցին թիմային և անհատական պայքարում:

Ինչպես տեղեկացրեց հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի քարտուղար Վարդուհի Արամյանը՝ թիմային պայքարում հաղթող դարձավ ԼՂՀ-ի «Քերոլայն Քոքսի անվան Վերականգնողական Կենտրոն-3» թիմը, 2-րդ տեղը գրավեց «Քերոլայն Քոքսի անվան Վերականգնողական Կենտրոն-1» թիմը, իսկ 3-րդ տեղը համառ պայքարում գրավեց «Լիարժեք Կյանք-2» թիմը:

Անհատական մրցապայքարում հաշմանդամ մարզիկները մրցեցին 3 ֆունկցիոնալ դասակարգերում` BC1, BC4, open class.

BC1-ում մրցանակային տեղեր զբաղեցրեցին`

1-ին` Սպարտակ Ալթունյան (ԼՂՀ, Ստեփանակերտ)

2-րդ` Էդմոնդ Շաբոյան (ՀՀ, Երևան)

3-րդ` Սուրեն Մաղաքյան (ՀՀ, Ստեփանավան):

BC4-ում `

1-ին` Իռա Սահակյան (ԼՂՀ, Ստեփանակերտ)

2-րդ` Նվեր Միրզոյանը(ՀՀ, Ստեփանավան)

3-րդ` Սուրեն Մաղաքյան (ՀՀ, Ստեփանավան):

open class-ում`

1-ին` Արմեն Մարտիրոսյան (ԼՂՀ, Ստեփանակերտ)

2-ին` Ռոբերտ Ալավերդյան(ԼՂՀ, Ստեփանակերտ)

3-ին` Նարա Սարգսյան (ԼՂՀ, Ստեփանակերտ):

Մրցանակային տեղեր գրաված թիմերն ու մարզիկները ԼՂՀ Կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի կողմից ստացան պատվոգրեր և դրամական պարգևներ:

Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի քարտուղար Վարդուհի Արամյանը sport.am-ի հետ զրույցում նշեց, որ Արցախը հաշմանդամային սպորտի հարցում Հայաստանից 1 քայլ առաջ է, քանի որ խոսքից միանգամից գործի են անցել: Իսկ Հայաստանում նման առաջնություններ չեն անցկացվում և պատկան մարմինները չեն կարևորում հաշմանդամային սպորտի զարգացումը, մինչդեռ բոլոր նախադրյալները կան, բացակայում է ցանկությունը…

«Մարզաձևը արդեն բերվել է երկիր, կան դրանով զբաղվող ակումբներ, կան մասնագետներ, կան մարզիկներ: Արդեն անցկացվել են մի քանի առաջնություններ: Ու այս ամենը՝ ցավոք առանց պետական աջակցության»:

Ըստ Վարդուհի Արամյանի՝ հենց պետական աջակցության բացակայության խնդիրն էլ այսօր մնացածայլ խնդիրների հիմքում է:

«Կազմակերպություններն իրենց միջոցներով ձեռք են բերել հատուկ մարզագույք, կազմակերպում են մարզումներ, իսկ մրցումներ չեն անցկացվում: Ստացվում է՝ այս ամենը դառնում է ինքնանպատակ: Մինչդեռ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել՝ լավ գործին թափ հաղորդելու և զարգացնելու համար: Այսօր մարզաձևն իրենց ակումբներում զարգացնում են մի քանի Հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև վերականգնողական կենտրոնները»:

Մեր հարցին՝ արդյո՞ք դրական միտում նկատվում է՝ առաջնություններն անցկացնելուն զուգընթաց, Վարդուհի Արամյանը նշեց, որ միտումը, միանշանակ, կա ու կարևորագույն ձեռքբերումը հաշմանդամություն ունեցող անձանց ինքնադրսևորվելու, հասարակության մեջ ինտեգրվելու հնարավորություն տալն է:

«Պետք է հաշվի առնել, որ սպորտաձը նախատեսված է ծանր ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց համար, որոնց լիարժեք ներառման համար մեր երկիրը իբրև թե ջանքեր է գործադրում: Իսկ սպորտը շատ լավ միջոց է հաշմանդամություն ունեցող անձանց համար ներառվելու, ներկայանալու, ինքնադրսևորվելու, բարդույթներից ձերբազատվելու և գոյություն ունեցող կարծրատիպերը կոտրելու համար»,-եզրափակեց Վարդուհի Արամյանը: