Ինչո՞ւ են Հայաստանում նախապատվությունը տալիս արու զավակներին

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի նախաձեռնած 2011 թ. հետազոտությունը հաստատեց, որ Հայաստանում առկա է հղիության՝ սեռով պայմանավորված արհեստական ընդհատման երևույթը: Այսինքն, հայաստանյան ընտանիքների մի մասն աբորտի միջոցով թույլ չի տալիս աղջիկ երեխաներին ծնվել՝ նախընտրելով տղա երեխա ունենալ: Արդյունքում, վաղ 1990-ականներից ի վեր, Հայաստանում շեղվել է նորածինների հարաբերակցությունը՝ 2012 թ.-ին կազմելով 114 տղա՝ 100 աղջկա դիմաց: Մինչդեռ բնականոն է համարվում 102-ից 106 տղա`100 աղջկա դիմաց հարաբերակցությունը:

Մեր երկրում նորածինների սեռերի համամասնության շեղումները խորքից ուսումնասիրելու և Հայաստանի համար դրա հնարավոր հետևանքների թեմայով կանխատեսումներ անելու համար՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի պատվերով Փարիզի Բնակչության և զարգացման կենտրոնի Զարգացման հետազոտական ինստիտուտը ներկայացնող դոկտոր Քրիստոֆ Գիլմոտոյի կողմից իրականացվել է հետազոտություն: Գիլմոտոն հղիության՝ սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների հիմնախնդրով զբաղվող խոշորագույն գիտնականներից մեկն է աշխարհում: Նրա մի քանի եզրահանգում կներկայացնենք ստորև:

Գենդերային անհավասարությունը և տղա երեխաների գերապատվությունը հաճախ վերագրվում են սոցիոլոգիայի տեսանկյունից անհասկանալի «հայկական մենթալիտետ» հասկացությանը, որը կարծես կոչված է արդարացնելու երկրում կանանց՝ ինչ-որ չափով մարգինալ դիրքը։ Հարկ է, սակայն, դուրս գալ կարծրատիպերի սահմաններից, որպեսզի հնարավոր լինի վերլուծել Հայաստանում առկա գենդերային իրավիճակի զարգացման հիմնական հատկանիշները և դրա հնարավոր առնչությունները արու զավակների գերապատվության հետ:

Կարող է թվալ, թե ընթացիկ իրադրությունը հակասության մեջ է խորհրդային կարգերի հետ կապվող գենդերային հավասարության պատմական առաջխաղացումների հետ։ Այդ ժամանակաշրջանում կանանց համար ապահովվեց կրթության և զբաղվածության հասանելիություն։ Այդ համակարգը հիմնվում էր կանանց էմանսիպացիայի վրա՝ աշխատանքում և հանրային կյանքում ավելի լայն մասնակցության միջոցով։ Սոցիալիստական ռեժիմը փորձում էր մարտահրավեր նետել ավանդական բոլոր համոզմունքներին և գենդերային դիրքորոշումներին, այդ թվում այն ազդեցությանը, որ ունեին ընտանիքի և հայրիշխանական սկզբունքների գերակայության ավանդական ինստիտուտները։ Միաժամանակ, հանրային առողջապահության ենթակառուցվածքները և նույնիսկ հղիության արհեստական ընդհատման հնարավորությունները փոխեցին ապագա մայրերի կյանքը խորհրդային իշխանության օրոք։ Թույլատրվեցին ապահարզանները և պայմանավորվածությամբ ամուսնությունները քննադատության ենթարկվեցին։ Փաստորեն, սոցիալիստական ժամանակաշրջանում գրանցված առաջընթացի արդյունքում այսօր երկրում շատ սակավաթիվ ինստիտուցիոնալ կամ իրավական խոչընդոտներ կան գենդերային հավասարության համար։ Սակայն խտրականությունը տարածվում է ավելի շուտ կանանցից ակնկալվող մի շարք դիրքորոշումների և դերերի տեսքով, որոնք պարտադրվում են չգրված օրենքների և նորմերի համակարգի միջոցով. այս համակարգն է սահմանում տեղական գենդերային դրվածքը և այն հիմնականում կարողացել է գոյատևել ու վերապրել սոցիալիստական կարգերի յոթանասունամյա ժամանակահատվածը։

Մերօրյա հայկական հասարակությունում գոյություն ունեն գենդերային անհավասարության բազում դրսևորումներ՝ սկսած աշխատաշուկայում առկա խտրականությունից մինչև եկամուտների անհամաչափություն և աղքատության իգականացում։ Գենդերային բռնությունն այս դեպքում պատշաճ օրինակ է, քանզի նրա դրսևորումները ընտանեկան բռնության տեսքով բավականին տարածված են հայաստանյան ընտանիքներում, ինչը վկայում է երևույթի նկատմամբ հանրության հանդուրժողականության բարձր մակարդակի և, զուգորդաբար, տուժողների շրջանում խարանվածության կամ ամոթի զգացողության մասին։ Նույն կերպ հանրային ոլորտում կանանց հարաբերական պասիվությունը բացատրվում է նրանով, որ քաղաքական համակարգում բավարար չափով չեն երևում, չնայած երկրի ընտրողների մեծամասնությունը հենց կանայք են։ Այս խտրական դիրքորոշումների ավելի մեղմ տարբերակը կապված է աշխատող կանանց առջև ծառացող կրկնակի բեռի համակարգի հետ, երբ նրանք որոշում են ընտանիք կազմել և երեխաներ ունենալ։ Կարող ենք շարունակել թվարկել օրեցօր կանանց հանդեպ ցուցաբերվող քողարկված խտրականության օրինակները, որոնք, ի վերջո, հանգեցնում են նրանց կյանքի անդառնալի փոփոխմանը՝ հանրային ռեսուրսների հասանելիության սահմանափակման միջոցով։

(Ստորև ներկայացված դիտարկումները UNFPA-ի հետազոտությունից չեն)

Տղամարդկանց և կանանց միջև այս անհավասարության հիմքում հայրական գծով գերդաստանը շարունակելու նահապետական մշակույթն է։ Պատրիլինեալ, այսինքն՝ հայրական գիծը կարևորող և պատրիլոկալ՝ ամուսնու ընտանիքում նորապսակների բնակությունը խրախուսող համակարգերում, ընտանիքները կառուցվում են արական սեռի ներկայացուցչի շուրջ. ընտանիքի գլխավոր է համարվում ավագ տղամարդը և ամուսնացած որդիները։ Էկզոգամ տոհմերի հիման վրա գործող այս ազգակցական համակարգի առանցքում գերդաստանն է։ Ինչպես մի ազգագրագետ արտահայտվեց՝ «Օջախի ծուխը կհանգչի առանց արու զավակների»։

Ամուսնանալուց հետո դուստրերը դադարում են իրենց հարազատ ընտանիքի անդամ համարվել և որպես նոր մշտական անդամ միանում են ամուսնու ընտանիքին։ Երկրում, որտեղ տարածված է բազմասերունդ համակեցությունը, ամուսնացած որդիներից մեկից ակնկալվում է, որ նա կբնակվի ծնողների հետ և հոգ կտանի նրանց մասին ծերության ժամանակ։ Ամուսնանալուց հետո տղամարդիկ հազվադեպ են միանում իրենց կնոջ ընտանիքին, քանի որ սա պատիվ չի բերում, կամ հանգեցնում է ծաղրանքի՝ «տնփեսա» լինելու առումով։

Արդյունքում, աղջիկներն ու երիտասարդ կանայք իրենց հայրական ընտանիքներում ամուր դիրքեր չեն զբաղեցնում, քանի որ ակնկալվում է, որ հեռանալու են ամուսնանալուն պես։

Կանանց առջև ծառացել է նաև ուժերի անհավասարության հետ կապված խնդիրը։ Արական սեռի արժեքային նորմերը որոշակիորեն վատթարացրել են նրանց՝ առանց այդ էլ խոցելի վիճակը։ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության և Ադրբեջանի հետ շարունակական լարվածությունն ամրապնդել են տղամարդկային և զինվորական արժեքների գերակայությունը։ Ուժգնացող ազգայնականության բերումով՝ հաճախ բացեիբաց խոսվում է տղամարդկանց զինվորագրման անհրաժեշտության մասին, քանի որ երկիրն ստիպված է դիմադարձել իր հարևանի ռազմատենչ սպառնալիքներին։

Նույն կերպ, միջազգային աշխատանքային միգրացիան հաճախ ընկալվում է որպես զուտ տղամարդկանց հատուկ վարքագիծ։ Դրանով իսկ խորացել է տղաների՝ որպես ապագայի միջազգային միգրանտ աշխատավորների անհրաժեշտության ընկալումը։ Կանանց փաստացի մասնակցությունն աշխատանքային միգրացիոն գործընթացներին հաճախ անտեսվում է։