2 մլն դրամով քանի՞ մարդու կյանք կփրկվի

 Եթե ինքնասպանության մտադրություն ունեցողներից գոնե մեկը հետ կանգնի իր որոշումից, ուրեմն ֆիլմը տեղ է հասել: Ի վերջո, մեկ մարդու կյանքն արժե ավելին, քան այդ 2 մլն դրամը:

«Անպետքը»` կինոռեժիսոր Արշակ Զաքարյանի նոր ֆիլմն արդեն պատրաստ է: Ինչպե՞ս սկսվեց ֆիլմը նկարահանվել ու ի՞նչ միջոցներով: Մեծ ցանկություն՝ ահա ռեժիսորի գաղտնիքը: Ֆիլմի գաղափարը կար, սակայն միջոցներ չկային: Ի՞նչ են անում սովորաբար նման դեպքում. ոչինչ, ուղղակի «երկիրը երկիր չի» արտահայտությունը նորից սկսվում է շրջանառվել:

Սա այդ դեպքը չէր: «Եկեք միասին ստեղծենք իրական արվեստի գործեր, որ ոչ թե գումար են վաստակում, այլ օգուտ տալիս մարդկությանը»,- ֆեյսբուքյան իր էջում գրեց Արշակ Զաքարյանն ու անցավ գործի:

Ու մինչ մշակույթի նախարարը կառավարությունից պահանջում էր Նունե Եսայանի համերգի համար ծախսված 54 մլն դրամը, Արշակ Զաքարյանը հաշվեց՛ ֆիլմի նկարահանման համար անհրաժեշտ էր 2 մլն դրամ՛ նախնական: Հավաքվեց, ճիշտ է ոչ ամբողջը, բայց՛ 1 800 000 դրամ:

Իսկ գումարի մյո՞ւս մասը: «Մարդիկ ֆիլմ են նկարահանում, որ մեքենա գնեն, իսկ ես մեքենաս վաճառում եմ, որ ֆիլմ նկարեմ». — կատակում էր Արշակ Զաքարյանը, սակայն այս կատակը հարյուր տոկոսով ճիշտ դուրս եկավ: Գումարի մյուս մասը ներդրեց ռեժիսորը, քանի որ ինչպես խոստովանում էր՛ ֆիլմը ստեղծելու գաղափարն ունենալուց հետո ամեն անգամ, երբ լսում էր, որ մեկն ինքնասպան է եղել, իրեն էր մեղավոր զգում:

Ֆիլմը նկարահանվեց երկու ամսում: Նույն երկու ամսում մեկ տասնյակին հասնող ինքնասպան գրանցվեց: Ֆիլմից հետո էլ կլինեն ինքնասպանություն գործողներ, սակայն եթե նրանցից գոնե մեկը հետ կանգնի իր որոշումից, ուրեմն ֆիլմը տեղ է հասել, քանի որ մեկ մարդու կյանքն արժե ավելին, քան այդ 2 մլն դրամը:

Հիմա, երբ ֆիլմը կյանքի է կոչվել, կարծում եմ՛ մշակույթի նախարարը տարեվերջին կինոռեժիսորի աշխատանքը կարժևորի՛ թեկուզ և ոչ 54 մլն դրամի տեսքով: