Եթե ճանապարհը տանում է դեպի նպատակը, ապա միևնույն է, թե որքան է նրա երկարությունը

Սույն թվականի դեկտեմբերի 21-ին «Երկու երես» ակումբում տեղի ունեցավ մամլո ասուլիս հետևյալ խորագրով` «Հայաստանը 2010-ին վավերացրել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան և արդյո՞ք կոնվենցիայով ամրագրված կետերը իրականություն են դարձել, կամ չկատարելով ամրագրված կետերը ինչպիսի պատասխանատվության կենթարկվի Հայաստանը ՄԱԿ-ի կողմից»: Թեման վերլուծեցին «ԷԽՈ» ՀԿ նախագահ Սերյոժա Օհանջանյանը և «Հայկական ճամբար» ՀԿ ծրագրերի համակարգող Վարդուհի Արամյանը:

Կոնվենցիան կոչված է աջակցել, պաշտպանել և ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց` լիարժեքորեն և հավասարապես օգտվել մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից, ինչպես նաև ապահովել հարգանքը նրանց արժանապատվության նկատմամբ:

Հաշմանդամությունը այսօր ընդհանրական պիտակ է, որը սահմանափակում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները, խոչընդոտում հասարակական կյանքում նրանց լիարժեք ներգրավմանը: Մինչդեռ, յուրաքանչյուր անձի մեջ պետք է տեսնել և գնահատել իր ունակությունները և կարողությունները:

Յուրաքանչյուր անձ հավասար է օրենքի առջև, բայց հաշմանդամություն ունեցող անձինք ունեն այլ անձանց հետ հավասար իրավունքներ և պետք է անընդունելի դառնա նրանց իրավունքների սահմանափակումները, իսկ պետությունը պետք է ապահովի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրականացման համար բոլոր անհրաժեշտ պայմանները:

Անկախ ունեցած միջազգային պարտավորություններից՝ Հայաստանի Հանրապետությունը դեռևս լիարժեք և արդյունավետ կերպով չի ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներն ու պարտականությունները՝ հեռացնելով նրանց հասարակական կյանքի մասնակցությունից:

Այսօր Հայաստանի Հանրապետությունը կանգնած է ոլորտում առկա բազմաթիվ մարտահրավերների առաջ: Բավարար է միայն խոսել այն մասին, որ 2010 թվականից մինչ օրս հաշմանդամ անձանց համար ամեն ինչ արվում է միայն թղթի վրա, իսկ գործնականում պատկերը բոլորովին այլ է…

Այնուամենայնիվ, «ԷԽՈ» աջակցման կենտրոնը, հետևողականորեն աշխատելով հանուն հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, շարունակելու է պայքարել գործող օրենքների պատշաճ կիրառման և միջազգային ստանդարտներին չհամապատասխանող ու խտրական օրենքների, պրակտիկաների վերացման ու բարելավման ուղղությամբ: