Երեկ սոցցանցում ընկերներիցս մեկը կիսվել և խնդրում էր ուշադրություն դարձնել, թե մինչև հիմա 9-րդ դասարանի հասարակագիտություն առարկայի դասագրքում ինչպես են բնութագրում հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց իրավունքները:
Անընդունելի է հաշմանդամ անձին հասարակությունից զատող կարծրատիպերը՝ սկսած հաշմանդամ անձի անաշխատունակության մասին լեգենդից մինչև մարդկանց ոչ ադեկվատ վերաբերմունքը նրա հանդեպ, որը դրսևորվում է կամ ծայրահեղ հիացական, կամ խղճահարույց ձևով:
Հետևաբար մատուցվում է թյուր կարծիք հաշմանդամ անձանց հիմնախնդիրների վերաբերյալ, թեպետ դպրոցական ծրագրերում ուսումնասիրվում են առարկաներ, որոնք պետք է նպաստեն երեխաների ընդհանուր կրթական մակարդակի զարգացմանը և հնարավորություն տան զարգացնել իրազեկման մակարդակը:
Իսկ ինչ վերաբերվում է ՀՀ ԿԳ նախարարությանը, ապա հարկավոր է պարզաբանել, թե ի՞նչ կարգի հիման վրա են ընտրել այդ դասագիրքը, ի՞նչ մեխանիզմներ են գործել։ Ովքե՞ր են դասագրքերի ճակատագիրը որոշողները, երբևէ լավագույն ուսուցիչ ճանաչվել են, ուսումնական որևէ ձեռնարկի հեղինա՞կ են, ունե՞ն վաստակավոր ուսուցչի կոչում, նորարա՞ր են, մանկավարժական ի՞նչ ձեռքբերումներ ունեն։ Ոչ, ցավոք՝ ոչ։ Այստեղ գործում է ծանոթ ու բարեկամ սկզբունքը:
Այնուամենայնիվ, պետք է պատասխանատվության ենթարկել մեղավորներին` ի տես այլոց, որովհետև առողջ հասարակությունն ամեն ինչից վեր է։ Այնպես որ հապաղել չի կարելի։ Կրկնում եմ` վաղը կարող է ուշ լինել, չափազանց ուշ։
Մեծագույն հարգանքներով` Սերյոժա Օհանջանյան