Ողջ աշխարհը փետրվարի 14-ին տոնում է սիրահարների հովանավոր Սուրբ Վալենտինի օրը: «ԷԽՈ» աջակցման կենտրոնի ողջ անձնակազմը սրտանց շնորհավորում է բոլորի սուրբ Վալենտինի օրվա առթիվ: Այդ օրը բոլորը շնորհավորում են միմյանց ու սեր խոստովանում: Սիրահարները նվիրում են միմյանց նվերներ, օրինակ` Նիդերլանդներում կազմակերպվում է ծաղկի աճուրդ, որտեղ հազարավոր ծաղիկներ են վաճառվում` հիմնականում կարմիր և սպիտակ վարդ:
Սուրբ Վալենտինի մասին բազմաթիվ լեգենդներ կան: Դրանցից մեկի համաձայն` Հին Հռոմում ապրել է մի բժիշկ-հոգևորական` Վալենտին անունով: Վալենտինի ժամանակ Հռոմում իշխում էր Կլավդիոս 2-րդը, ով հայտնի էր իր զավթողական բնավորությամբ: Երբ Կլավդիոսին պետք եղան նոր զինվորներ ու ավելի մարտունակ բանակ, նա արգելեց ամուսնությունները:
Վալենտինն սկսեց գաղտնի ամուսնացնել սիրահար զույգերին: Միաժամանակ նա զբաղվում էր նաև բժշկությամբ: Եվ մի անգամ նրա մոտ են բերում հռոմեական բանտատիրոջ աղջկան: Աղջիկը կույր էր, և Վալենտինն իր պատրաստած դեղերով փորձում է բուժել նրան: Այդ ընթացքում գաղտնի ամուսնությունների համար Վալենտինին ձերբակալում են: Վալենտինի խնդրանքով բանտապետը թուղթ ու գրիչ է տալիս մահապատժի դատապարտված հոգևորականին, և նա երկտող է գրում կույր աղջկան, ում արդեն վաղուց սիրում էր: Նույն օրը` փետրվարի 14-ին, Վալենտինին մահապատժի են ենթարկում:
Կույր աղջիկը, ստանալով նամակը, հրաշքով առողջանում է և կարդում.«Քո Վալենտին…»
Դարերի ընթացքում Սուրբ Վալենտինի տոնը ձեռք է բերել իրեն հատուկ հմայք ու տոնակարգ: Որոշ երկրներում տղամարդը հագուստ է նվիրում իր սիրեցյալին, եթե նվերն ընդունվում է, նրանք ամուսնանում են:
Միջնադարյան Անգլիայում տարածված էր մի սովորույթ. երիտասարդները հավաքվում էին, գրում աղջիկների անուններ, գցում գլխարկի մեջ և հերթով հանում դրանցից մեկը: Կազմավորված զույգերը դառնում էին ընկերներ` մինչև մյուս Վալենտինի տոնը:
Պարզվում է, որ ամենախելացի տղամարդիկ ճապոնացիներն են. նրանք Վալենտինի տոնը վերածել են մարտի 8-ի` տղամարդկանց համար: Ճապոնիայում ընդունված է, որ այդ օրը կանայք խոստովանություններ անեն, նվերներ տան իրենց սիրելիներին: Ի դեպ, ամենատարածված նվերներն են սափրիչն, օծանելիքը, դրամապանակն ու շոկոլադը: Իսկ ամերիկացիները առաջինն էին, որ սկսեցին «Վալենտինկաներ» արտադրել և վաճառել: