Մայրությունը դա իրավունք է, այլ ոչ թե պահանջ

Հասարակության թյուր կարծիքով սեռական ներդաշնակությունը կնոջ և տղամարդու սեռական համապատասխանությունն է, ինչպես ասենք բանալին համապատասխանում է իր կողպեքին: Եթե կնոջ և տղամարդու սեռական կյանքը երկկողմանի բավարարություն չի պատճառում, ուրեմն նրանք ուղղակի սեռապես համատեղելի չեն: Ստացվում է, որ սեռական ներդաշնակությունը ի սկզբանե տրված և կայացած մի բան է, որը կամ կա, կամ չկա ու չի էլ կարող լինել: Հետևաբար պատկերացրեք եթե հաշմանդամություն ունեցող կինը ամեն օր բախվում է այս կարծիքին, ակամայից կաղապարվում է…

Այս ենթատեքստով էլ «Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կենտրոնը Ծաղկաձորում կազմակերպել էր «Ես մայրանալու իրավունք ունեմ» ծրագրի շրջանակներում եռօրյա դասընթացը, որի նպատակն էր զարգացնել ՀՀ-ում գործող հասարակական կազմակերպությունների կարողությունները` հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների սեռական կյանքի, վերարտադրողական առողջության և իրավունքների պաշտպանությանն ուղղված ծրագրերը առավել արդյունավետ իրականացնելու համար:

Դասընթացին հրավիրված փորձագետների թվում էին նաև գինեկոլոգ, սեքսոլոգ և մանկաբույժ: Դասընթացի վերջում ներկայացվեց և մասնակիցներին բաժանվեց «Ագաթ» ՀԿ-ի կողմից թարգմանված և տպագրված «Առողջ լինելու իմ իրավունքը» գիրքը, ինչպես նաև հայտարարվեց փակ ենթադրամաշնորհային մրցույթ ` ուղղված «Ես մայրանալու իրավունք ունեմ» ծրագրի նպատակի իրականացմանը Հայաստանի տարբեր մարզերում:

Այնուամենայնիվ, հասարակությունը դեռևս շարունակում է մնալ այն թյուր կարծիքին, որ հաշմանդամները ոչ միայն ի վիճակի չեն սեռական հարաբերություններ ունենալ, այլև չգրված ինչ-որ օրենքով նույնիսկ դրա իրավունքը չունեն: Մինչդեռ սեռական առողջությունը ենթադրում է իրական և փոխադարձ մարդկային հարաբերություն, որը հարստացնում է անձի ներաշխարհը՝ նպաստելով նրա ինքնառեալիզացիային և ընդհանուր առողջության ամրապնդմանը: