Ամբողջ աշխարհում հաշմանդամություն ունեցող անձինք առողջապահական, կրթական և տնտեսական բնագավառներում մասնակցության համեմատաբար ցածր և աղքատության ավելի բարձր ցուցանիշներ ունեն: Բացառություն չի կազմում Հայաստանը, որտեղ համեմատաբար ավելի բարձր է ցուցանիշը, հետևաբար չպետք է ձեռնապահ մնալ:

Սույն թվականի փետրվարի 20-ին «ԷԽՈ» աջակցման կենտրոնը իր օժանդակության տակ գտնվող հաշմանդամ և սոցիալապես անապահով երեխաների ընտանիքներին տրամադրեց մարդասիրական օգնություն՝ նվերներ և սնունդ:

Տարիներ շարունակ «ԷԽՈ» աջակցման կենտրոնի նախաձեռնությամբ մարդասիրական օգնության տասնյակ նախագծեր են իրականացվում՝ ի նպաստ հաշմանդամ և սոցիալապես անապահով երեխաների ընտանիքնեին:

«ԷԽՈ» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2008թ. հուլիսի 3-ին: Կազմակերպությունը հասարակական միավորման մի տեսակ է, որում հավասար հնարավորությունների գաղափարի շուրջ համախմբվել են անձինք՝ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական, բժշկական և մասնագիտական վերականգնման, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ապահովման, նրանց կրթության, աշխատանքային գործունեության, առողջության պահպանման, ինչպես նաև հասարակական կյանքում բոլորի հետ հավասար մասնակցության համար անհրաժեշտ սոցիալական և իրավական երաշխիքների ստեղծման ու ապահովման նպատակով: