Հաշմանդամություն ունեցող անձը, լինելով հասարակության լիարժեք անդամ, ապահովագրված չէ ՄԻԱՎ-ից

UNAIDS logoԱշխարհում ավելի քան 1 միլիարդ մարդ ապրում է այս կամ այն տեսակի հաշմանդամությամբ, իսկ ՄԻԱՎ-ով ապրող 2,3 մլն մարդկանցից երեքից մեկը չգիտի ինչպիսին է ՄԻԱՎ-ի նկատմամբ իր կարգավիճակը: Հիվանդությունն ունի երկարատև՝ միջինը 8-10 տարի շարունակվող թաքնված ախտանշային շրջան, որի ընթացքում վարակված մարդը կարող է առողջական վիճակից որևէ գանգատ չունենալով ունենալ միանգամայն առողջ տեսք: ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց շուրջ կեսի մոտ ախտորոշումը հաստատվում է հիվանդության ուշ փուլերում՝ դառնալով բուժումն ուշ սկսելու պատճառ, ինչն էլ իր հերթին անդրադառնում է բուժման արդյունավետության վրա: Նման իրավիճակը պայմանավորված է հիմնականում նրանով, որ մարդիկ չեն հետազոտվում ՄԻԱՎ-ի վերաբերյալ մինչև հիվանդության ախտանշանների ի հայտ գալը:

Իրազեկման բլոգի թղթակցի հետ զրույցում ՁԻԱՎ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի կանխարգելման բաժնի վարիչ Ժանետա Վարդգեսովնան նշեց, որ մարդիկ միայն կասկածների դեպքում են ստուգվում, կամ այդ քայլին են դիմում բժշկի խորհրդով: Իսկ վերջում հավելեց, որ իր աշխատանքային փորձում չի հիշում այնպիսի դեպք, որ հաշմանդամություն ունեցող անձը գա և ճշտի իր կարգավիճակը ՄԻԱՎ-ի նկատմամբ:

Հետևաբար, այս ամենից բացառություն չեն կազմում նաև հաշմանդամություն ունեցող մարդիկ, որոնք ևս ապրում են հավասարն հավասարին, ինչպես յուրաքանչյուր ոք երբեմն դրսևորում են ռիսկային վարքագիծ՝ օգտագործելով թմրամիջոցներ ներարկային ճանապարհով կամ ունենալով առանց պաշտպանվելու սեռական հարաբերություններ պատահական զուգընկերների հետ:
Իրազեկված չլինելու պատճառով մարդկանց մոտ ձևավորվում Է թյուր կարծրատիպ` մարդիկ կարծում են, թե դրանով հիվանդանում են միայն ոչ բարոյական վարքագիծ ունեցողները: Բացի այդ հաշմանդամություն ունեցող մարդկանց չհետազոտվելու պատճառները կապված են առողջապահական, տրանսպորտային և տեղեկատվական ծառայությունների ոչ մատչելի լինելու հետ, հետևաբար չհետազոտվելու սխալը ոչ թե հաշմանդամություն ունեցող անձինն է, այլև ծառայությունների անմատչելիությանը:

Այնուամենայնիվ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի արմատական բուժում, նաև պատվաստանյութ այս հիվանդության դեմ դեռևս չկա: Պայքարի գլխավոր ուղղությունը շարունակում է մնալ կանխարգելումը: Յուրաքանչյուր ոք կարող է իր ներդրումն ունենալ այդ պայքարում` դրսևորելով պատասխանատու վարքագիծ, դիմակայելով խարանին, խտրականությանը` հարստացնելով ՄԻԱՎ վարակի կանխարգելման վերաբերյալ գիտելիքները, պարզելով ՄԻԱՎ-ի նկատմամբ սեփական կարգավիճակը:

Հ.Գ. Ի սկզբանե այս հոդվածը գրելուց այլ նպատակ ունեինք՝ տեսնելու թե որքանով են իրազեկ հաշմանդամություն ունեցող մարդիկ ՄԻԱՎ-ի մասին և որքանով են տեղյակ իրենց ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակի մասին: Չմոռանանք, որ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունն անհրաժեշտ է ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակը ճշտելու և ըստ այդմ սեռական հարաբերությունների մեջ մտնելու, երեխաներ ունենալու և ապրելակերպի ընտրության վերաբերյալ ճիշտ որոշումներ կայացնելու համար:

One thought on “Հաշմանդամություն ունեցող անձը, լինելով հասարակության լիարժեք անդամ, ապահովագրված չէ ՄԻԱՎ-ից

Comments are closed.