Այսօր աուտիզմի իրազեկման միջազգային օրն է, որը ՄԱԿ-ի՝ Միացյալ ազգերի կազմակերպության, գլխավոր վեհաժողովը 2008 թվականի ապրիլի 2-ին հայտարարեց Աուտիզմի մասին իրազեկման համաշխարհային օր` ընդգծելով աուտիզմով տառապող երեխաների և մեծահասակների կյանքի որակը բարելավելու անհրաժեշտությունը, որպեսզի նրանք վարեն լիարժեք և բովանդակալից կյանք: Ամբողջ աշխարհում աուտիզմով տառապողների թիվը շատ է, և այն բացասաբար է ազդում երեխաների, նրանց ընտանիքների, հասարակության և համայնքների կյանքի որակի վրա:
Աուտիզմի ծագումնաբանությունը դեռևս հայտնի չէ, սակայն նշվում են որոշ հնարավոր պատճառներ` գենետիակական գործոնը, թունավորումը քիմիական նյութերով և ծանր մետաղների աղերով, աուտոիմուն պրոցեսները և այլն:
Աուտիզմը կարող է զուգորդվել մտավոր հետամնացության հետ, սակայն հաճախ աուտիզմ ունեցող մարդիկ ունենում են լավ զարգացած առանձին ունակություններ, օրինակ` բարդ թվային հաշվարկներ են կատարում, խրթին գլուխկոտրուկներ են լուծում, զարմանալի հիշողություն կամ մեծ ընդունակություններ են ցուցաբերում արվեստի և երաժշտության ասպարեզում։
Ենթադրվում է, որ Ալբերտ Էնշտեյնը, Իսահակ Նյուտոնը, Բիլ Գեյթսը ևս ունեցել են աուտիզմի համախտանիշ:
Աուտիզմով երեխաների կարիքները սննդային կամ դեղորայքային չեն: Ցավոք, գոյություն չունի հրաշք մի մեթոդ, որն ի զորու կլիներ ամբողջովին բուժել այս հիվանդությունը: Սակայն համապատասխան վերականգնողական և կրթական միջամտությամբ, հիվանդության վաղ հայտնաբերմամբ կարելի է օգնել երեխաներին հարմարվելու և ընկալելու իրենց շրջապատող աշխարհը՝ հնարավորինս նպաստելով հասարակության մեջ նրանց ինքնուրույնության և կյանքի որակի լավացմանը:
«ԷԽՈ» աջակցման կենտրոնի համոզմամբ և հավաստիացմամբ աուտիզմով մարդիկ ոչ թե տարօրինակ են, այլ տարբերվում են իրենց բացառիկ ընդունակություններով՝ պետք է միայն հնարավորություն տալ ինքնահաստատման: