Հայաստանում ամեն տարի գրանցվում է մանկական քաղցկեղի 80 նոր դեպք

Հայաստանում ամեն տարի մանկական քաղցկեղի 80 նոր դեպք է գրանցվում: Այս թիվը տարեցտարի գրեթե չի փոխվում այն դեպքում, երբ քաղցկեղով հիվանդ մեծահասակների թիվը տարեցտարի աճում է: Այս մասին հայտարարեց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մանկական ուռուցքաբանության եւ քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ, հայ ուռուցքաբանների ասոցիացիայի նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գրիգոր Բադալյանը փետրվարի 15-ին տված մամուլի ասուլիսում:

«Տասը տարի առաջ Հայաստանում ամեն տարի գրանցվում էր մոտ 5000-6000 քաղցկեղով նոր հիվանդ-, ասաց նա:- Այժմ ամեն տարի մենք արդեն մոտ 8000 նոր դեպք ունենք, որոնցից միջին հաշվով 80-ը երեխաներ են: Եթե քաղցկեղով հիվանդների թիվը տարեցտարի ընդհանուր առմամբ աճում է, ապա ուռուցքային հիվանդություններով երեխաների թիվը մեր երկրում չի աճում»,- ասաց նա:

Մանկական ուռուցքային հիվանդությունները տարբերվում են մեծահասակների հիվանդություններից, բացատրում է պրոֆեսոր Բադալյանը: Եթե մեծահասակների մոտ ամենից հաճախ հանդիպողը թոքերի, կրծքի, արգանդի վզիկի, մաշկի քաղցկեղն է, ինչպես նաեւ ստամոքս-աղիքային ուռուցքները, ապա երեխաների մոտ գերակշռում են այլ, ավելի սարկոմային ուռուցքները: Մասնավորապես, ամենից հաճախ (20-25 % դեպքերում) հանդիպում է արյան քաղցկեղը` լեյկոզ: Տարածված են նաեւ լիմֆոմաները, որոնք ախտահարում են ավշարային համակարգը մոտ 15-18 % դեպքերում: Ինչպես նշեց բժիշկը, հանդիպում են նաեւ ուռուցքներ, որոնք ախտահարում են առանձին օրգանները` երիկամներ, ոսկրեր, լյարդ, գլխուղեղ, փափուկ հյուսվածքներ, աչք:

Ըստ պրոֆեսոր Բադալյանի` ժառանգաբար փոխանցվում է ուռուցքի միայն մեկ տեսակ` ռետինոբլաստոման` աչքի չարորակ ուռուցք, որը երեխաների մոտ հանդիպում է հիմնականում 2-4 % դեպքերում: «Մի ընտանիք ունենք, որտեղ հինգ երեխաներից երեքը հիվանդ են ռետինոբլաստոմայով»,- պատմեց նա:

Ինչ վերաբերում է երեխաների մոտ քաղցկեղի բուժմանը, պրոֆեսոր Գրիգոր Բադալյանը նկատեց, որ Հայաստանում քաղցկեղից ամեն տարի բուժվում է երեխաների 60-65 %-ը` բավականին լավ թիվ, եթե նկատի ունենանք, որ զարգացած երկրներում ամեն տարի բուժվում է երեխաների մոտ 80 %-ը, իսկ չզարգացած երկրներում` 20-25 %-ը:

«Մեծահասակների մոտ ուռուցքը կարող է կրկնվել տասը տարի անց կամ ավելի ուշ, բայց երեխաների մոտ եթե ուռուցքը երեք տարվա ընթացքում չի կրկնվում, հետագայում այն հազիվ թե կրկնվի»,- ասաց նա եւ ավելացրեց, որ իրենց բուժած երեխաներից մի քանիսն այժմ լիակատար առողջ են, պատրաստվում են բանակ գնալ կամ արդեն սեփական երեխաներ ունեն:

Հիշեցնենք, որ ամեն տարի աշխարհում գրանցվում է քաղցկեղի մոտ 290 000 նոր դեպք, եւ ամեն տարի քաղցկեղից մահանում է մինչեւ 16 տարեկան մոտ 90 000 երեխա: