Առանց սեռական կրթության հաշմանդամություն ունեցող դեռահասները սեռական շահագործման պոտենցիալ զոհ են

Մտավոր խնդիրներ ունեցող 54-ամյա Ալվարդ Բալոյանը հիշում է, որ երիտասարդ տարիներին ավտոբուսում ու փողոցում իրեն ձեռք էին տալիս. «Ես էլ սկզբից չգիտեի էտ ինչ ա, հետո էլ որ իմացա, ամաչում էի ասել` տենց մի արեք»:

50 տարեկանում Բալոյանը սիրահարվեց Թելմանին. «Ես ու Թելմանս չորս տարի ընկերություն ենք արել, ես իրան էի օգնում, ինքը` ինձ, ամեն ինչ հավասար անում էինք: Ափսոս, որ Թելմանս մահացավ, որ կենդանի էր, չէր թողնում մեկն ինձ մի բան ասի, մեկը հանկարծ քեֆիս կպնի»:

Բալոյանը պատմում է, որ եթե չլիներ իր ու Թելմանի հանդիպումը, ինքն այդպես էլ չէր իմանա` ինչ է սեքսը, ինչի համար են մարդիկ համբուրվում, որովհետև ոչ ոք այդ մասին չէր խոսել իր հետ:

Որևէ հաշվարկ չկա, թե Հայաստանում մտավոր խնդիրներ ունեցող քանի մարդ կա, որովհետև, ինչպես նշում է առողջապահության նախարարության տեղեկատվական կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանցը, նրանց հստակ թիվը որոշել հնարավոր չէ: Մտավոր խնդիրները, որպես կանոն, ուղեկցվում է այլ հիվանդություններով` շիզոֆրենիա, հոգեկան այլ շեղումներ, և չի տարանջատվում որպես առանձին հիվանդություն:

Մյուս կողմից հայտնի չէ, թե սեռական բնույթի քանի ոտնձգություն է կատարվել մտավոր խնդիրներ ունեցող մարդկանց հանդեպ, քանի որ ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Սևակ Միլիտոնյանի հաղորդմամբ, սեռական բռնությունների ու ոտնձգությունների դեպքում զոհի` հաշմանդամություն ունենալու փաստը չի արձանագրվում:

Ալվարդ Բալոյանի դեռահասության տարիներին, երբ դեռ ԽՍՀՄ վարչակարգն էր, դպրոցներում սեռական կրթությունը խիստ փակ թեմա էր: Այսօր էլ, երբ սեքսի մասին ինֆորմացիան ավելի շատ է, հանրակրթական դպրոցներում այդ բացը դեռ լիովին չի լրացվել, իսկ հատուկ կամ ներառական դպրոցներում սովորող հաշմանդամություն ունեցող դեռահասներին այս թեման հասու չէ ընդհանրապես:

Մինչդեռ հաշմանդամություն ունեցող երեխաները ևս սեռական կյանքի պահանջ ունեն, նրանք էլ սեռահասունացում են ապրում և նրանց մեջ էլ դեռահասին բնորոշ բազմաթիվ հարցեր են առաջանում:

Կրթության և գիտության նախարարության բժշկահոգեբանամանկավարժական (ԿԳՆ ԲՀՄ) գնահատման կենտրոնի տնօրեն Վարդ Կատինյանը փաստում է, որ մտավոր խնդիրներ և ցանկացած այլ տեսակի հաշմանդամություն ունեցող երեխաները ֆիզիկապես նորմալ են զարգանում, սեռական հասունացումը ֆիզիկականի հետ զուգընթաց է լինում, և անգամ 4 տարեկանի մտավոր զարգացում ունեցող 18 տարեկան դեռահասը սեռական կյանքի կարիք ունի:

«Խնդիրն առկա է, իսկ լուծումներ կարծես չկան: Գուցե մանկավարժի համար դժվար է գիտակցել, քանի որ մանկավարժը միշտ կարծում է, թե սեռական կյանքի մասին պետք է սովորեն գիտակցող մարդիկ, սակայն շատ կարևոր է, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ ստանան ինֆորմացիա»,- ասում է Կատինյանը:

Դպրոցից հետո մտավոր խնդիրներ ունեցող մարդկանց համար նախատեսված չեն զբաղմունքի որևէ պայմաններ, չկան ցերեկային կամ մասնագիտական ուսուցման կենտրոններ, ուստի, Կատինյանի խոսքով՝ իր օրվա անելիքը չիմացող դեռահասը հայտնվում է ամբողջական «վակուումի մեջ և սեռական շահագործման խոցելի խմբում»:

16-ամյա Վահե Հովհաննիսյանը (ունի շիզոֆրենիա և մտավոր խնդիրներ) ասում է, որ հատկապես վերջին երկու տարիներին ավելի շատ է սկսել աղջիկներով հետաքրքրվել. «Ուրեմն ես, որ Մոսկվայում էի ապրում, ընդեղ ավելի լավ էր, աղջիկներին խոսցնել լինում էր, ինչ եկել ենք Հայաստան ոչ մի աղջիկ հետս չի խոսում, դասատուներիս ասում եմ` ինչի՞ եմ ես էդքան շատ ուզում աղջիկ խոսցնեմ, ասում են` Վահե հավեսդ չունենք, ու տենց էլ չեմ հասկանում` ինչ եղավ հետս: Նենց չի, որ սիրահարվում եմ, հետո խոսցնում, այլ ուղղակի ուզում եմ»:

Վահեի մայրը` Աիդա Հովհաննիսյանը, անգամ նկատել է, որ որդին սկսել է նաև ձեռնաշարժությամբ զբաղվել, սակայն չգիտի` ինչպես օգնել որդուն:

Հատուկ մանկավարժ Էդգար Մանուկյանը նշում է, որ թեև Վահեն լիովին առողջ չէ, չպետք է արգելել տղային ունենալ իր սեփական սեռական կյանքն ու հաճույք ստանալ.

«Մեզանում վերահսկողությունը ծնողների կողմից շատ մեծ է, եթե դեռահասը հանկարծ փորձում է դիպչել իր սեռական օրգաններին, ծնողները ծեծում են երեխային, այսինքն` ճնշում են նրան: Դեռահասն անընդհատ վախի մթնոլորտում է, այնինչ նա կարիք ունի ինչ-որ կերպ գոնե սպառել իր սեռական էներգիան»:

Մանուկյանը նշում է, որ մտավոր խնդիրներ ունեցող և աուտիզմ ունեցող դեռահասների պարագայում սեռական էներգիան չպետք է ճնշել, այլ պետք է նրանց գիտելիքներով հարստացնել:

«Այսօրվա ամենալուրջ խնդիրն այն է, որ մտավոր խնդիրներ ունեցող տղաներն ու աղջիկները դպրոցից հետո, հայտնվելով փողոցում, չունենալով աշխատանք, հիմնականում շահագործվում են, ամենուրեք ոտնահարվում են այդ մարդկանց իրավունքները: Համապատասխան համայնքներ, աշխատողներ պետք է լինեն, ովքեր կկարգավորեն այդ հարցը: Այսօր ոչ ոք չի զբաղվում մտավոր խնդիրներ ունեցող դեռահասների սեռակրթությամբ, և սեռական հարաբերություններից անտեղյակ այս մարդիկ շատ են շահագործվում»,- ասում է հատուկ մանկավարժը:

Կանանց ռեսուրսային կենտրոնի խորհրդատու Սիրանուշ Դավթյանը նշում է, որ սեռական չարաշահման հարցով հաշմանդամություն ունեցող դեռահասներ կենտրոն չեն դիմել, սակայն հավելում է, որ չդիմելը դեռևս չի նշանակում նման դեպքերի բացակայություն:

Երևանի պետական բժշկական համալսարանի սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոլոգ Նարինե Ներսիսյանը ասում է, որ հաշմանդամությունը չի կարող խանգարել դեռահասի սեռական զարգացմանը, և հաշմանդամություն ունեցող մարդիկ իրավունք ունեն դրսևորելու իրենց սեռականությունը: Մտավոր խնդիրներ ունեցող դեռահասը, սեքսոլոգի խոսքով, պոտենցիալ զոհ է կամ բռնարար, հավանականությունը մեծ է, որ աղջիկը` մարմնավաճառ, իսկ տղան սեռական բռնարար կդառնան.

«Սա սոցիալական խնդիր է, որը բաց է: Երբ սեռական կյանքով չես ապրում, սեռական համակարգը հետաճ է ապրում, հոգեսեռական հասունացման համար ամենածանր և ճգնաժամային տարիքը 13-18 տարեկանն է, որի ընթացքում պետք է ուշադիր լինել դեռահասի հանդեպ»:

«Եթե այս շրջանն անցնի առանց սեքսուալ բարդույթների և սեքսուալ սխալ համոզմունքների արմատավորման, հետագայում կկասեցվի սեռական բազում խնդիրների առաջացումը, քանի որ սեռական կիրքը բնականոն հետաճում է տարիքի հետ: Հետագայում նրանք որևէ զբաղմունք կգտնեն, որևէ արվեստի կնվիրվեն, և սեռական կյանքը չի դառնա մտահոգող անհանգստություն նրանց կյանքում, սակայն կարևոր է հենց այս տարիքում տալ սեռական կրթություն, որպեսզի նրանց մոտ բաց հարցերը փակվեն»,- նշում է սեքսոլոգը:

ԿԳՆ ԲՀՄ գնահատման կենտրոնում այժմ նախապատրաստվում է ծրագիր, որով հաշմանդամություն ունեցող դեռահասներին հնարավորություն կտրվի դասերից բացի սեռական կյանքի մասին լրացուցիչ տեղեկատվություն ստանալ, որի նպատակը սեռական կյանքի իրավունքի գիտակցումը հաշմանդամություն ունեցող մարդկանց մեջ ներդնելն է:

Իսկ բժիշկ-սեքսոլոգ Ներսիսյանը հավելում է, որ եթե ԿԳՆ-ն քայլեր ձեռնարկի, կարող են համատեղ ծրագիր ստեղծել, որը հնարավորություն կտա մասնագետներին ու ծնողներին համագործակցելու.

«Մասնագետների շնորհիվ պետական մասշտաբով ծնողները կարող են տեղեկացվել, թե դեռահասության տարիքում ինչպես խոսել երեխաների հետ, ինչպես վարվել նրանց հետ: Մասնագետները պատրաստ են աշխատելու, քանի որ դրա շնորհիվ մարմնավաճառությունը կնվազի, իսկ բռնությունները հաշմանդամություն ունեցող մարդկանց հանդեպ կկանխվեն»: